ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել ԵՊՀ ամբիոնի վարիչների մրցութային ընտրություն նշանակելու եւ անցկացնելու մասին: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը 2021թ նոյեմբերից վարիչ չունի, իսկ այժմ միակ թեկնածուն Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի՝ ժամավճարով դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Տարոն Դանիելյանն է: Վերջինս հայտնի հանդիսավար է, թամադա: Նրա վարած հարսանեկան եւ այլ արարողությունների տեսանյութերը բազմաթիվ են:
Aravot.am-ը կապվեց Տարոն Դանիելյանի հետ: Նրանից հետաքրքրվեցինք՝ ամբիոնի վարիչ ընտրվելու դեպքում կարողանալո՞ւ է համատեղել հանդիսավարի իր գործունեությունը դասավանդման եւ ամբիոնը ղեկավարելու հետ: «Նախորդ տարիներին նույնպես եղել եմ հանդիսավար եւ ունեմ 42 գիտական հոդված, որոնցից 11-ը գիտական հանդեսներում են տպագրվել, որոնք ընդգրկված են Scopus եւ Web of science շտեմարաններում: Հանդիսավարությունը չի խանգարել, որ զբաղվեմ գիտությամբ: Եթե ընտրվեմ, գուցե հանդիսավարության աշխատանքը մնա շաբաթ եւ կիրակի օրերին»,-ասաց մեր զրուցակիցը:
Նաեւ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու է միայն ինքը միակ թեկնածուն: Ի դեպ, ինչպես Aravot.am-ը տեղեկացավ ԵՊՀ դասախոսներից, պրոֆեսորադասախոսական կազմը պատշաճ տեղեկացված չի եղել, թե երբ է մրցույթը անցկացվելու, անգամ ներքին կարգով ամբիոնների նիստերի ժամանակ չեն տեղեկացվել, եւ այդ մասին իմանալու համար, ի տարբերություն նախորդ տարիների, այժմ դասախոսը ստիպված է տեւական ժամանակ փորփրել ԵՊՀ կայքը, մինչդեռ նախկինում ցանկացած նոր տեղեկատվություն կայքի տեսանելի հատվածում էր լինում:
Տարոն Դանիելյանին հարցրինք՝ լսարան մտե՞լ է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա ասաց, որ ժամավճարով է դասավանդել փոքր ծանրաբեռնվածությամբ, իսկ դրանից առաջ եղել է համալսարանի թեկնածուների պաշտպանության մասնագիտական խորհրդի անդամ, 012 գրականագիտության խորհրդի անդամ՝ ժուռնալիստիկա մասնագիտության գծով, նաեւ աշխատում է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում:
Կարդացեք նաև
«ԵՊՀ-ում անցյալ տարի բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից դրամաշնորհային ծրագիր ենք շահել, գիտական խումբ ենք ստեղծել, խմբի շրջանակում աշխատանք ենք տանում, նույնիսկ 3 հոդված պատրաստ է, փառք աստծո դրական եզրակացություն է ստացվել: Դրա համար շատ ժամեր այս պահին չունեմ»,-պարզաբանեց Տարոն Դանիելյանը:
Նշեց, որ Դավիթ Պետրոսյանի, Նաղաշ Մարտիրոսյանի հետ համագործակցությունը պտուղներ է տվել եւ համահեղինակությամբ հոդվածներ ունեն: Ի դեպ, oragir.news-ը մանրամասն անդրադարձել էր այդ հոդվածներին եւ դրանց հետ կապված տարակուսելի դրվագներին:
Հիշեցնենք նաեւ, որ Մուշեղ Հովսեփյանի մահից հետո ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Տպագիր եւ հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնը վարիչ չունի: 2023թ հունիսին ֆակուլտետի գիտխորհուրդը փորձել էր ընտրություններ կազմակերպել, սակայն պարզվել էր, որ ընտրված թեկնածուն չի համապատասխանել հստակ պահանջներին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ-ն եւ հայաստանյան առավել բարձր վարկանիշ ունեցող բուհեր պետք է երազեն Տարոն Դանիելյանի նման դասախոս ունենալու մասին՝ բանիմաց, անաչառ, մշտապես կրթվելու ու կրթելու ցանկությամբ (մարդկային բարձր որակները մի կողմ)։ Նման պատվիրված ու միակողմանի հոդվածներն ուղղակի զզվելի են։ Փոխարենը անդրադառնալու մարդու գիտական աշխատանքներին եւ ժուռնալիսիկայի ասպարեզում մեծ ավանդին, քննարկվում է նրա երկրորդ աշխատանքը, որում ոչ մի ամոթ բան չկա, բոլոր համալսարանի դասախոսներն էլ կարող են նաեւ այլ աշխատանքով զբաղվել։ Մարդն ունի տպավորիչ ու արտիստիկ ձայն, կազմակերպչական հիանալի ունակություն, որը երբեմն օգտագործել է երկրորդ աշխատանքում։ Խորհուրդ կտամ մասնակցել ընկեր Դանիելյանի գոնե մեկ դասախոսության եւ վստահաբար Ձեր այս թյուր ու միակողմանի կարծիքը հօդս կցնդի։ Իսկ ընկեր Դանիելյանին մաղթում եմ ավելին։