Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

«Հևք» զինվորավավերագրական ֆիլմը ծանր հևք փոխանցեց հանդիսատեսին

Փետրվար 10,2025 14:20

Օրերս կինոյի տան մեծ դահլիճում կայացավ «Հևք» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակ` ռեժիսոր, օպերատոր, 44-օրյա պատերազմի մասնակից Գագիկ Ղազարէն և ֆիլմի համարտադրող մոնտաժող Կարէն Բաղինեանը անսովոր պատասխաններ տվեցին մեր հարցերին, որը գրեթե նույնությամբ փոխանցում ենք մեր ընթերցողին:

Ներկայացված է դասական վավերականության ու կինովավերագրության մի ոչ «քաղցր» ու հեշտ ընկալելի, այլ իրական, բավականին դառն մի կինոօրինակ, ամենաիսկական փաստա-վավերագրական այնպիսի մի ֆիլմ, որի սցենարը ոչ մի կերպ նախապես հնարավոր չէ գրել կամ նույնիսկ պատկերացնել, թե ինչն ինչպես կլինի: Եվ այդ կարգի ֆիլմ ստեղծելու միակ ճանապարհը տեսախցիկ վերցնելն ու դեպքերին մասնակից դառնալն է` ամենևին չիմանալով, թե գործը ինչ ընթացք կունենա, ինչով կավարտվի, մանավանդ որ երևույթը վերաբերվում է երկրի բարձրլեռնային սառնամանիքի մեջ երկրի պահպանությունն ու պաշտպանությունն իրականացնող սահմանային դիրքին ու կամավոր զինվորներին և ուղղակի բացահայտ է`որ որևէ երկրի պետական գերատեսչություն երբևէ նման ֆիլմի նկարահանում չէր թույլատրի:

Եվ մնում է մեկ տարբերակ` վավերագրողի անսասան համոզմունքով, ի հակադրություն բոլոր տեսակի անհնարինությունների, հայրենիքի նկատմամբ սիրո, խղճի և պատասխանատվության առաջ անբասիր լինելու համար, առանց որևէ կարգի աջակցության, իրականացնել անհնար թվացող նկարահանում և այն ներկայացնել քո հանրությանն ու ժամանակի քննությանը:

Այս պարագայում խոսքեր չկան, ճիշտն ասած`խոսքի տեղ էլ չկա և ֆիլմում ևս խոսքեր գրեթե չկան, այլ կա լեռն ի վեր քայլքի անվերջանալի հևք: Հևք, որ հետիոտն, գագաթ չերևացող սար են բարձրանում, հևք, որ իրենց ուսերին սար են բարձրացնում դիրքի պահպանության և պարզապես պարզ գոյատևման անհրաժեշտ պարագաները, ընդհուպ մինչև ձյունե լեռնագագաթի մեջ որևէ տեսակի կացարան կառուցելու գործիքներ ու միջոցներ, գերանհրաժեշտ զենքեր, մի կերպ գոյատևման սնունդ:

Եվ այդ ամենը հանուն մեր երկրի ու զավակների ապահովության, հանուն այս «մեկ վայրկյան տևող կյանքը» արժանավայել ու ազատ ապրելու, քանի որ ֆիլմի հերոսները փայլող աչքերով ժպտացող երիտասարդներ են, ովքեր արդեն ընտանիքի տեր են և հենց իրենք էլ իրենց հույսը իրենց վրա դրած, ի հակադրություն սառնամանիքների և անկացարան դիրքի, իրենց հոգու ուժն են դնում ի հակակշիռ անմարդկային բոլոր հանգամանքների: Եվ այդ անհնար թվացող բարդությունները հաղթահարում են ոգու զորության ուժով, ժպիտով, ծիծաղով, կատակներով ու անսասան հավատով, որ հենց դու ինքդ, ոչ մեկ ուրիշը, այլ հատկապես դու պիտի պահես ու պահպանես քո երկիրը, քո սահմանը, քո դիրքը, քո հողը, քո տունը, քո զավակին ու քո ընտանիքը:

«Հևք»-ի դիտումը հոգևոր բնույթի մի ծանր հևք է փոխանցում լեփ լեցուն կինոսրահի կինոդիտողին, որը զգացվում էր 102 րոպե տևող ֆիլմի դահլիճի քար, անծպտուն լռության մեջ: Կարծես մի տեսակ լուռ երկխոսություն կար էկրանի և դահլիճի միջև, նույնիսկ լուռ վիճաբանություն, թե այսպես կարելի է, թե չի կարելի, արդյոք սա ցուցադրելի՞ է, թե՞ սովորության համաձայն այս մասին պետք է լռել և առավել ևս չպետք է ցուցադրել, թե՞ լավ է, որ ցուցադրվում է, նկարահանողին պետք է դատել ու դատապարտել, թե՞ ճիշտ հակառակը` շնորհակալություն հայտնել միշտ փակ կամ անտեսանելի դեպքերն ու հանգամանքները վեր հանելու համար:

Գագիկ Ղազարէ

Ինքը՝ ֆիլմի հեղինակ Գագիկ Ղազարէն պատմում է, որ պատերազմի ընթացքում անընդհատ մտածում էր, որ, եթե իր տեսախցիկն իր մոտ լիներ՝ նկարելու շատ բան կար, բայց քանի որ խցիկին հերթ չէր հասնում, դեպքերն ու նկարելու հանգամանքները մնում էին որպես ցանկություն: «Երբ «44-օրյայի» ավարտից հետո 5 օրով եկանք Երևան` հերթափոխի և հետո, երբ գնացի՝ ակամա վերցրեցի տեսախցիկս: Դա 2020-ի նոյեմբերի 11-12-ն էր: Հասանք տեղ ու լույսը հազիվ բացված՝ բարձրացանք դիրքեր: Հենց այդ պահից սկսած ես որոշեցի նկարահանել` ինչն ինչպես է լինելու, առանց որևէ մտավոր սցենարի: Նկարահանել այն, ինչ կա, ինչը որքան կհասցնեմ ու կկարողանամ»:

«Հիմա ավելի կարևորի մասին եմ ուզում ասել: Մեզ միայն 2020-ի դեկտեմբերի 26-ին պաշտոնապես զորացրեցին: Մտածում էի՝ նկարահանածը ֆիլմ դարձնելու, եղածը ավարտուն տեսքի բերելու համար միջոցներ գտնել: Այդպես էլ ոչ մի կերպ ոչ մի տեսակի միջոց չգտա և արդյունքում չորս ժամից ավելի նկարահանած նյութերը գրեթե երկու տարի մնացին դարակներում: Պարզ էր, որ «հում նյութը» ֆիլմ դարձնելը մենակ մարդու բան չէր և ես հասկանում էի, որ միայնակ պարզապես չեմ կարող ֆիլմ ստեղծել:

Դրան գումարվում էր այն հանգամանքը, որ զորացրվելուց հետո չափազանց դժվար էր ստեղծագործելը, մի տեսակ հոգեբանորեն դրան հերթ չէր հասնում և հանգամանքները գործը տարան փակուղի: Բայց ֆիլմի գաղափարն ինձ հանգիստ չէր տալիս: Մտածեցի, որ ոչ ոքի էլ պետք չի սպասել, դժվարությամբ նկարել ես, նույն դժվարությամբ էլ ֆիլմդ դու ինքդ ստեղծիր, միևնույն է՝ ոչ ոք չի արձագանքում, միայն երբեմն տղաներն էին կատակով հարցնում, թե էն նկարածը ինչ եղավ:

Միայն 2023-ի դեկտեմբերի վերջին ինձ ստիպեցի նստել ու չորս ժամվա հում նյութը նայել: Մի տեսակ ինձնից դուրս հայացքով նայեցի, երևի մանրամասներ էի մոռացել կամ որոշակի օտարվել էի, բայց զարմացա, որ այդքան նյութը շատ արագ ու թեթև դիտվեց ու մտածեցի, որ այդ հանգամանքը հենց մեծ արժեք է:

2024-ը դեռ նոր սկսած ՝անմիջապես դիմեցի իմ թվային մոնտաժի ուսուցչին` Կարեն Բաղինյանին ու խնդրեցի` նյութը դիտի պոտենցիալ ֆիլմի հայացքով: Ի ուրախություն՝ Կարենն ինձ հայտնեց, որ այդ հսկայական նյութի դիտումը իրեն ևս շատ կարճ թվաց ու երկուսս էլ հասկացանք, որ գործ ունենք արժեքավոր նյութի հետ, քանի որ կինոյի մարդիկս գիտենք, որ «ինքն իրեն» հեշտ դիտվող նյութը արդեն մեծ արժեք է և պիտի մի պրոֆեսիոնալ ջանք գործադրել այն սեղմ ու ավարտուն տեսքի բերելու համար: Կարճ ասած` մեկ տարի պահանջվեց ֆիլմը ֆիլմ դարձնելու համար»:

Կարէն Բաղինեան

Այստեղ միջանկյալ բերենք ֆիլմի ծրագրաթերթիկի տվյալները և անցնենք հոդվածի ավարտին: (Հեղինակ, ռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող` Գագիկ Ղազարէ, Կինոարտադրողներ` Գագիկ Ղազարէ, Կարէն Բաղինեան, Օպերատորներ` Գագիկ Ղազարէ, Գուրգեն Գասպարյան, Դավիթ Վարդանյան, Լևոն Բիչախչյան, Ձայնի մշակում` Սոնյա Կոլչակ, Գունաշտկում` Կարէն Բաղինեան, Պաստառի ձևավորում` Սեւադա Պետրոսյան, Երաժշտություն ` Արմեն Մանդակունյան, Թարգմանություն` Սոնյա Սիմոնյան, Արտադրությունը` «Արվեստի Բաց Հարթակ» ՀԿ և «Բաղինեան Արտ Վիդեո» ստուդիա):

Թարգմանչի մասին նշելիս շեշտենք, որ ֆիլմը հնչում է հայերեն և գրվում են նաև անգլերեն զուգահեռ ենթագրեր: Իսկ ֆիլմի հենց սկզբում հայերեն ու անգլերեն գրվում է սույն կողմնորոշիչ տեքստերը. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ունենալով Թուրքիայի հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բացահայտ աջակցությունը` Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեցին Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի դեմ: Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ կամավորագրվեցին Արցախի Հանրապետության 150.000. քաղաքացիների` իրենց հայկական բնօրրանում ապրելու իրավունքի պաշտպանությանը: Ֆիլմը նկարահանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, Հայաստանի պետական սահմանի նոր բնագծերից մեկի պաշտպանության ժամանակ, կամավորական դասակի երկու հերթափոխերի ընթացքում»:

Զրույցի ավարտին Գագիկ Ղազարէն հավելեց. «Ամեն դեպքում՝ ֆիլմը համացանցում չենք տեղադրի, նախ որ անցանկալի աչքերի համար մատչելի չլինի, հետո արժե, որ այն փառատոնային կենսագրություն ձեռք բերի, դա ոչ միայն ֆիլմին, այլև թեմայի համար է շատ կարևոր: Որպես պատերազմների մասնակից, ինձ թվում է, թե պատերազմները ղեկավարներին են պետք, քանի որ պատերազմի մասնակիցներին դա պետք չէ: Ես տեսել եմ ու գիտեմ, պապս, հայրս, ես մասնակցել ենք պատերազմների, ես չեմ ուզում, որ իմ որդին էլ ստիպված լինի մասնակցելու պատերազմի: Սա չի նշանակում խուսափել երկիրը պաշտպանելուց, այլ նշանակում է՝ խնդիրը չհասցնել երկրի գոյատևման այդ աստիճանին: Ես միշտ պատրաստ եմ պատերազմի, բայց երբեք այն չեմ ուզում: Ֆիլմի հերոսները իսկապես պարզ հերոս տղաներ են, ընտանիքի տեր մարդիկ և գիտեմ, որ երբ էլ որ պետք լինի, իրենք մեր երկրի ցանկացած ամենադժվար դիրքում կպաշտպանեն երկիրը, հայրենիքն ու ընտանիքը: Մենք այսքանը կարողացանք իրականացնել: Իրականացնել սիրով ու անմնացորդ»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ կադրեր «Հևք» ֆիլմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728