«Փաստաբանական ծառայությունների հարկումը մենք դիտարկում ենք ոչ պատշաճ երևույթ, որը խնդրահարույց է ՀՀ իրավական օգնություն ակնկալող յուրաքանչյուր քաղաքացու համար և առնչվում է վերջինիս»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը` անդրադառնալով հարկային օրենսդրության փոփոխություններին։
Հիշեցնենք՝ ըստ այդ փոփոխությունների՝ փաստաբանական և նոտարական ծառայություններ մատուցողները այլևս չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ և նախկին 5%-ի փոխարեն կվճարեն 20% ԱԱՀ և 18% կամ 23% շահութահարկ։
Սիմոն Բաբայանը նշեց՝ այս առիթով ունեցել են բազմաթիվ քննարկումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, բայց ցավոք, որևէ արդյունքի չեն հասել։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ օրենքի կիրառումն այսպիսի իրավիճակի է հանգեցրել․ «Ունենք ակնհայտ խնդրահարույց իրավիճակ։ Ակնհայտ է, որ փաստաբանական ծառայությունների ինքնարժեքի ավելացում է տեղի ունեցել։ Իրավիճակը խնդրահարույց է իրավաբանական օգնության ընդհանուր թանկացման ֆոնի վրա։ Մենք վերջերս ունեցանք պետական տուրքի մասին օրենքի փոփոխություն, ինչով դատարան դիմելու պետտուրքն ավելացավ։ Խնդիր առաջացավ նոտարական ծառայությունների մասով, այսօր քննարկվում է նաև նոտարական ծառայությունների թանկացման հարցը»։
Կարդացեք նաև
Սիմոն Բաբայանն ասաց՝ այսօր փաստաբաններն ի նշան բողոքի նշված հարկային փոփոխության, համաժողովի ընթացքում կընդունեն դատապարտող հայտարարություն։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ գործադիրն ու օրենսդիրն ինչպե՞ս են հիմնավորում այս հարկային օրենսդրությունը, Սիմոն Բաբայանը պատասխանեց․ «Անկեղծ եմ ասում՝ մենք որևէ առարկայական հիմնավորում չենք տեսել։ Ոչ տեսել ենք վիճակագրություն, ոչ հետևանքների գնահատում»։ Նա ցավով նշեց՝ այս հարկային փոփոխությունների պատճառով փաստաբանը 99 տոկոս հավանականությամբ ստիպված է իր ծառայությունների գինը բարձրացնել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ