ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք:
Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին:
Բացի այդ, 2024 թվականի նոյեմբերին ՊՆ մեկ այլ աշխատակից Գ. Ո.-ն, դարձյալ Ա. Ա.-ի հանձնարարությամբ, նույն զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից 200 լիտր տվել է տեղի բնակավայրերից մեկում գործող շինանյութի խանութի սեփականատիրոջը՝ պարտքի դիմաց։
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2024 թվականի նոյեմբերի 20-ին Ա. Ա.-ն հանձնարարել է Ն. Պ.-ին և Գ. Ո.-ին՝ հիշյալ զորամասի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից ևս 400 լիտր վաճառել: Հանձնարարությունն իրագործելու նպատակով նշված օրը Ն. Պ.-ն և Գ. Ո.-ն այն տեղափոխել են պայմանագրային զինծառայող Հ. Ա.-ի առանձնատուն՝ վերջինիս հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հիշյալ դիզվառելիքը նրան վաճառելու նպատակով, սակայն նույն օրը հայտնաբերվել և ձերբակալվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։
Կարդացեք նաև
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Ն. Պ.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Գ. Ո.-ին՝ 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Հ. Ա.-ին՝ 295-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե