Որևէ երկրում իշխանափոխությունից հետո սպասելի է, որ կփոխվի նաև իշխանության եկած նոր ուժերի կողմից վարվող կրոնական քաղաքականությունը։ Հայաստանի դեպքում այն արտացոլվում է իշխանությունների՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերություններով։ Փոքրիշատե Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ վերաբերմունքը փոխվեց արդեն ինքնիշխան Հայաստանի առաջին նախագահի օրոք՝ անհանդուրժողականից անցում կատարելով դեպի հանդուրժողականություն, որն իր տրամաբանական շարունակությունն ու զարգացումը գտավ նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարման տարիներին։
Թվում էր 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո Եկեղեցու հետ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ, սակայն նույն թվականի հուլիսի 6-ին, կեղծ ժողովրդավարության քողի տակ պատսպարված իշխանությունների թողտվությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալի վրա մի խումբ մարդկանց կողմից հարձակում կատարելուց հետո նման հույսեր փայփայելը որպես անարդարացված լավատեսություն կարելի էր դիտարկել։
Մինչդեռ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն, ի դեմս Վեհափառ Հայրապետի՝ իր մեջ բարի կամք գտավ, Պետություն-Եկեղեցի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ կատարվող քայլեր ձեռնարկվեցին և 2019 թվականին ստեղծվեց քաղաքական ու հոգևոր իշխանությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը սակայն, չգործեց և արդյունքում, արդեն 2020 թվականից սկսած, ականատես եղանք իշխանությունների կողմից մեկը մյուսի հետևից օրենսդրական դաշտում կատարվող հակաեկեղեցական քայլերին։
Հետագայում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի հոգևորական լինելու հանգամանքն ավելի սրեց հարաբերությունները, ինչը հանգեցրեց 2024 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած հակաեկեղեցական ու ապազգային հայտնի միջադեպին, որտեղ կրկին թիրախավորվել էր Ամենայն Հայոց Հայրապետը։ Այսպիսի դեպքեր չպետք է տեղի ունենային Հայաստանում և ապագայում պետք է բացառել նման տհաճ միջադեպերը։
Կարդացեք նաև
Իշխանությունները չպետք է տևական ժամանակ անհաղորդ մնան Եկեղեցուն։ Եկեղեցու հետ անհաղորդ լինելու հետևանք էր նաև 2025 թվականի փետրվարի 5-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնած Հայաստանի պատվիրակության անհամապատասխան կազմը։ Անհրաժեշտ էր, որպեսզի պատվիրակության կազմում, եթե ոչ հոգևորական, ապա գոնե մեկ կրոնագետ կամ աստվածաբան լիներ և պարտադիր էլ չէր, որ այնտեղ ելույթ ունենար երկրի ղեկավարը, որովհետև եթե ինչ ինչ պատճառներով ազգի համար զգայուն հարցեր ելույթում պետք էր շրջանցվեին, ապա ավելի լավ էր այն շրջանցեր մեկ այլ ներկայացուցիչ, քան երկրի ղեկավարը։
Այցի վերաբերյալ արդարացի բազմակողմանի քննադատություններ են հնչել լրատվամիջոցներով, սակայն ոչ պակաս ուշագրավ էր վարչապետի ելույթի հետևյալ հատվածը․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է, և դա բնական է, որովհետև Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որն ընդունել է Քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն և դա արվել է դեռևս 301 թվականին Հայոց թագավոր Տրդատ 3-րդի կողմից։ Այդ պահից Հայ Առաքելական Եկեղեցին էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար»։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի պարագայում ասվածն էլ շատ է, սակայն խոսել հայապահպանման գործում ամենաշատ ավանդ ունեցող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անցած ճանապարհի մասին և այն բնութագրել ընդամենը «էական դեր է խաղացել մեր ժողովրդի համար» կցկտուր խոսքերով դա նույնն է, որ ոչինչ չասես, մանավանդ որ դեռ անհասկանալի էլ է թե «էական դեր է խաղացել» ասելով ի՞նչ նկատի ուներ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական համակարգից դուրս մղած վարչապետը, կամ «մեր ժողովրդի համար» ասելով ո՞ր ժողովրդին նկատի ուներ Հայոց ցեղասպանության մասին լղոզված պատկերացում ունեցող անձնավորությունը։
Եթե ունենայինք հայ ազգին արժանի վարչապետ կամ նախագահ, որն իրեն թույլ կտար առանց Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչի գնալ ու մասնակցել կրոնական գագաթնաժողովի, ապա «Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական Եկեղեցին է» ասելու փոխարեն, նա հպարտորեն հղում կաներ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, որտեղ արձանագրված է, որ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։
Հայ Եկեղեցու կարևորությունը ներքին և արտաքին քաղաքականության մեջ նսեմացնելու փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև հայ իրականության ամեն մի բնագավառում Հայոց Եկեղեցին իր անջնջելի ու կենսունակ դրոշմն է թողել։ Որևէ հայկական կառավարություն, եթե որդիական խոնարհում չունենա իր հարազատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ, ապա չի կարող արդյունավետ քաղաքականություն վարել ու արժանանալ հարգանքի իր միջազգային գործընկերների կողմից, ինչպես որևէ մարդ հարգանք չի կարող ունենալ իրեն ճանաչողների շրջանակում, եթե նա արհամարհանք դրսևորի իր հարազատ ծնողների հանդեպ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ