Փետրվարի 9-ը դարձավ նշանակալից օր՝ Հայաստանի «Իմ քայլը» և «Qatar Foundation for Social Work» Միջին Արևելքի խոշորագույն հիմնադրամների միջև համագործակցության ամրապնդման գործում։ Տեղի ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ քննարկում՝ երկու հիմնադրամների միջև սոցիալական զարգացման ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ, ինչպես նաև ստորագրվեց հուշագիր։
Հանդիպումն անցկացվեց Կատարի սոցիալական զարգացման և ընտանիքի հարցերով նախարար Բութայանա բինթ Ալ Ջաբր Ալ Նուայմիի գրասենյակում, որտեղ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Qatar Foundation for Social Work»-ի լիազորված գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Քուվարին քննարկեցին համատեղ ծրագրերի իրականացման ուղիները, շահառու խմբերի համար նոր հնարավորությունների ստեղծումը և սոցիալական աջակցության ոլորտում փորձի փոխանակումը։ Քննարկումներն առավել առարկայական դաշտ բերելու նպատակով ստորագրվեց համատեղ հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի և «Qatar Foundation for Social Work»-ի միջև, որի հիման վրա շուտով վերջինիս հովանու ներքո գործող 8 կենտրոնների հետ կստորագրվեն համագործակցության պայմանագրեր։
Այս քննարկումը երկու հիմնադրամների միջև համագործակցության նոր մակարդակի սկիզբ դրեց՝ սահմանելով գործունեության հստակ շրջանակներ։ Քննարկվեցին կարևոր քայլեր, որոնք մի քանի ամսվա ընթացքում կարող են վերածվել երկարաժամկետ, արդյունավետ ռազմավարության։ Հաշվի առնելով երկու հիմնադրամների ընդհանուր տեսլականը` այն է մարդկային կապիտալի զարգացումն ու անհատների ներուժի բացահայտումը, լիահույս ենք, որ այս համագործակցությունը կունենա իրական ազդեցություն։
Հանդիպման ավարտին տիկին Բութայանա բինթ Ալ Ջաբր Ալ Նուայմին հուշամեդալ հանձնեց տիկին Աննա Հակոբյանին՝ համագործակցության ընդլայնման գործում ներդրած ջանքերի համար։ Այս քննարկումն ամրապնդեց երկու երկրների միջև սոցիալական գործընկերության հիմքերը՝ նախանշելով երկարաժամկետ համագործակցության ռազմավարական ուղղությունները։
Կարդացեք նաև
«Իմ քայլը» հիմնադրամ