JAMnews. Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում ժամանակ առ ժամանակ ահազանգեր են հնչում բժիշկների թույլ տված սխալների ու դրանց հետևանքների մասին։ Ֆեյսբուքում ստեղծված «Բժիշկների սև ցուցակ՝ ըստ FB օգտատերերի» խմբում նման պատմությունների պակաս չկա։
Մարդիկ առաջարկում են սև ցուցակում ներառել այն բժիշկներին, որոնք, նրանց կարծիքով, սխալ են ախտորոշել հիվանդությունը, անփութություն են դրսևորել կամ բավականաչափ ուշադիր չեն եղել բուժառուի նկատմամբ։
Ըստ ԱՀԿ տվյալների, բժիշկների կողմից հիվանդ առողջությանը հասցվող վնասն աշխարհում մահացության 14-րդ պատճառն է հաճախականությամբ։ Թե Հայաստանում քանի հոգի է տարվա կտրվածքով տուժում բուժաշխատողի սխալից, հայտնի չէ։ Բժշկական սխալների վիճակագրություն ՀՀ-ում չի վարվում։ Առհասարակ, «բժշկական սխալը» օրենքով հստակ կարգավորված չէ։ Քրեական օրենսգրքում նման եզրույթ չկա, ինչը բարդություններ է առաջացնում այսպիսի գործերի քննության ընթացքում։
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը չի բացառում, որ բժիշկը կարող է թույլ տալ սխալներ։ Բայց և կարծում է․
«Շատ դեպքերում մարդիկ պարզապես մեղադրում են բժիշկներին, թեև մեղքը բացակայում է։ Միջազգային փորձը առհասարակ տարանջատում է այն դրսևորումները, երբ բժշկի պատասխանատվության հարց չի կարող քննարկվել, քանզի բժշկի գործողությունը կամ անգործությունը չի նպաստել տվյալ հետևանքի առաջացմանը, և իրավիճակները, երբ բժշկական սխալը, մասնագիտական անփութությունն է նպաստել դրան։
ՀՀ քրեական օրենսդրության եզրութաբանությունը խոսում է ոչ թե բժշկական սխալի, այլ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին: Ընդ որում՝ անզգուշությամբ:
Մարդիկ պետք է սա տարանջատեն: Կան բարդություններ, որոնք կարող են առաջանալ բժշկական միջամտության՝ օրինակ, վիրահատության դեպքում։ Եվ դա ամենևին էլ քրեաիրավական իմաստով բժիշկի անզգուշության հետևանքը չէ։
Բժիշկը կարող է ենթարկվել պատասխանատվության, երբ ինքը, օրինակ, հասկացել է, գիտակցել է, որ տվյալ բարդությունը առաջանալու է, սակայն ինքնավստահություն է դրսևորել ու մտածել, որ կկարողանա կանխել։ Կամ եթե անփութորեն չի գիտակցել նման բարդության առաջացումը, թեև պարտավոր էր և կարող էր:
Օրինակ, անձը ուռուցքի հեռացման կապակցությամբ ենթարկվում է վիրահատական միջամտության, որի դեպքում պարտադիր է որոշակի ժամանակահատվածի ընթացքում պարբերական ստուգումների և հետազոտությունների անցկացումը՝ հնարավոր կրկնությունը հայտնաբերելու համար: Սա կարևոր է նաև, որպեսզի հնարավոր լինի հասկանալ՝ արդյո՞ք վիրահատող բժիշկը պատշաճ և ամբողջությամբ է հեռացրել ուռուցքը, թե ոչ:
Ծայրահեղ կարևոր է այն պլանը, ուղին, որով պացիենտը պետք է ընթանա հետվիրահատական շրջանում։ Եվ այդ պլանը, եթե պատշաճ ուրվագծված չէ, ապա կարելի է քննարկման առարկա դարձնել բուժաշխատողի պատասխանատվության հարցը։ Իսկ եթե պացիենտը ինքը չի հետևում այդ ցուցումներին, ապա դա այլ հարց է:
Այսինքն պատասխանատվության հարց քննարկելիս, պետք է հասկանալ որ փուլում, ում կողմից կատարված միջամտությունից հետո է առաջացել խնդիրը: Ամենևին պարտադիր չէ, որ մեղավորը լինի պացիենտի հետ շփված բուժաշխատողը:
Բերեմ ևս մեկ օրինակ։ Երբ անձն ունի շաքարային դիաբետ և ենթարկվում է վիրահատական միջամտության է, հավանականությունը, որ վերքը շատ երկար կլավանա կամ չի լավանա մեծ է։ Պահանջվում է պացիենտի թե գիտակցված համաձայնությունը միջամտություն իրականացնելիս և թե հետագա պատասխանատու մոտեցումը:
Որպես կանոն այստեղ բժշկական սխալ, որը կլինի պատժելի, չի կարող լինել։ Այլ հարց է, որ բժիշկը պետք է զգուշացնի անձին հնարավոր բոլոր ռիսկերի, հետևանքների մասին, որոնց կարող է հանգեցնել միջամտությունը։ Ուստի մարդիկ պետք է ընտրեն բոլոր այն բուժհաստատությունները և բուժաշխատողներին, որտեղ իրենց պատշաճ կերպով բացատրում են արվող միջամտության նպատակը, դրա հնարավոր ռիսկերը և այլն»։
Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ բուժառուները, նրանց հարազատները պետք է օբյեկտիվ նայեն ստեղծված իրավիճակին։ Նրանք պետք է փորձեն հասկանալ՝ արդյո՞ք միջամտությունից հետո առաջացած խնդիրները իսկապես բժիշկի սխալի հետևանք են։ Գուցե դա բարդություններ են, որոնք բնորոշ են տվյալ հիվանդությանը, կամ բուժօգնության ուշ դիմելու հետևանք են, հետվիրահատական շրջանում ցուցումներին չհետևելու։
Ասում է՝ հասկանալի է, որ էմոցիոնալ ֆոնը այս դեպքերում միշտ գերակշիռ է, բայց պատասխանատվության հարց քննարկելու համար դա էական չպետք լինի․
«Եթե հիվանդը կամ իր հարազատները գնում են բժիշկին պատասխանատվության ենթարկելու ճանապարհով, պիտի ունենան համապատասխան բոլոր փաստաթղթերը իրավական գործընթաց սկսելու համար։ Նրանք պետք է ապացուցեն, որ առաջացած բարդությունը հենց բժիշկի գործողության կամ անգործության հետևանք է»։
Արփինե Հովհաննիսյանի ափսոսում է, որ Հայաստանում չկա բժիշկների մասնագիտական ռիսկը ապահովագրելու մեխանիզմ։ Ասում է՝ սա միջազգային պրակտիկայում կիրառվող մեխանիզմ է։ Այն թույլ է տալիս բժիշկներին լինել պաշտպանված, իսկ պացիենտներին վստահ, որ որևէ բարդության առաջացման դեպքում իրենք կստանան հատուցում։
«Ապահովագրական ընկերություններն իրենց վրա են վերցնում պացիենտների կրած հնարավոր ռիսկերը։ Այսպիսով ազատում են մարդկանց ամեն գնով մեղավոր փնտրելու գործընթացից։ Կարծում եմ, որ պացիենտների իրավունքների, շահերի և բժիշկների իրավունքների հավասարակշռման տեսանկյունից սա շատ կարևոր քայլ է և գուցե արժե մտածել այդ մեխանիզմը ներդնելու մասին»,- նկատում է նա։
Առողջապահական իրավունքի փորձագետ Վիոլետա Զոփունյանը վեր է հանում ևս մի քանի խնդիր։ Նրա խոսքով՝ օրենքի համաձայն՝ բժշկական ծառայությունները պետք է մատուցվեն ուղեցույցների համաձայն։ Բայց ոչ բոլոր բժշկական հաստատություններում կան նման հաստատված ուղեցույցներ։
«Պետք է հաշվի առնել նաև այն, որ ներկայիս համակարգում բժիշկների աշխատանքային պայմանները, մեղմ ասած, նորմալ չեն։ Բժիշկը կարող է այսօր աշխատել մի հիվանդանոցում, հաջորդ օրն առանց հանգստանալու հերթապահել մեկ այլ հիվանդանոցու»,- պարզաբանում է նա։
Զոփունյանը կարծում է՝ կարիք կա վերանայելու նաև բժշկական սխալները ստուգողների ինստիտուտը․
«Չէ՞ որ Հայաստանը փոքր երկիր է, համակարգում էլ կա սոլիդարություն»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: