Այսօր Հայաստանի ողջ տարածքում փաստաբանները գործադուլ են հայտարարել․ նրանք հրաժարվում են մասնակցել պետական մարմիններում՝ դատարաններում, նախաքննական մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։
Փաստաբանները կառավարությունից պահանջում են «Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ՀՀ ազգային ժողով ուղարկելու միջոցով՝ փաստաբանական գործունեություն համարվող ծառայությունների մատուցումը, անվճար (անհատույց) և կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը ազատել ավելացված արժեքի հարկից»:
Գյումրեցի փաստաբան Արամայիս Հայրապետյանն (լուսանկարում) Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք՝ մոտ 40 փաստաբաններ ևս գործադուլ են հայտարարել, ուղևորվում են Երևան ՀՀ փաստաբանների պալատում նիստի մասնակցելու, հետագա գործողությունները կորոշեն համատեղ։
Կարդացեք նաև
Ըստ Արամայիս Հայրապետյանի, չի բացառվում, որ փաստաբաններն անժամկետ գործադուլ հայտարարեն։
«Խաղատների ու փաստաբանների հարկային բեռը բերեցին, հավասարեցրեցին իրար, և հիմա, որ առաջարկվում է խաղատների հարկերը մի քիչ բարձրացնել, կառավարությունն ու Ազգային ժողովը ձգձգում են, իրենց համար խաղամոլի շահերն ավելի հետաքրքիր են, քան անպաշտպան քաղաքացու շահերը։
Եթե բարձրացնենք մեր ծառայության արժեքը, քաղաքացին լուրջ խնդիրների է բախվելու, փաստաբաններն ուզեն, թե չուզեն՝ հարկային բեռի չափով պիտի ավելացնեն ծառայության արժեքը, բայց ամենամեծ խնդիրը նաև այն է, որ պետությունն անվճար իրավաբանական օգնություններ է նաև հարկում»,-ասաց Արամայիս Հայրապետյանը։
Նա նշում է, որ իր ստանձնած գործերի 30 տոկոսն անվճար է անում, նույնիսկ տարիներով ձգձգվող քրեական գործերի։
«Ես որոշակի շեմ եմ սահմանել, որ տարվա կտրվածքով որոշակի գործեր անվճար պիտի վերցնեմ՝ ելնելով զուտ սոցիալական պատասխանատվությունից․ մի մասն անվճարունակ մարդիկ են, մի մասը ընկերներն են, ծանոթներ են, բարեկամներ են»։
Մեր դիտարկմանը, թե Հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվն էլ են կրճատել, ստացվո՞ւմ է, որ պաշտպանության կարիք ունեցող մարդը և պետական ծառայությունից չի կարողանա պատշաճ օգտվել և փաստաբանների ծառայությունների՞ց, Արամայիս Հայրապետյանը պատասխանեց․
«Այո, 11 հաստիքով կրճատել են հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների թիվը։
Մարդը ձևականորեն կարող է ունենալ հանրային պաշտպան, բայց երբ հանրային պաշտպանի վարույթի գործերը, օրինակով՝ քրեականով, հասցնել 150-200, ունեցած, չունեցած մի հաշիվ է, հանրային պաշտպանն այդքան մարդու ազգանունը չի կարողանա հիշել, էդքան մարդու շահերը ո՞նց է պաշտպանելու, ինքը ֆիզիկական ներկայություն է ապահովելու ընդամենը; Դա է միայն հասցնելու այդ մարդն անել՝ ընկնելով գերծանրաբեռնվածության մեջ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ