Տարբեր առեւտրի կենտրոնների աշխատակիցներ այսօր գործադուլ են անում եւ հավաքվել են կառավարության շենքի մոտ։ Նրանք բողոքում են հարկային բեռի ավելացման դեմ։
«Միասնական պահանջը օրենքի կասեցումն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։ Նա ասաց, որ եթե նախորդ տարի լիներ իրազեկում, տնտեսվարողներն ավելի շուտ կդժգոհեին հարկերի բարձրացման օրենքի դեմ։
Ազգային ժողովում քննարկման ժամանակ Հակոբ Ավագյանը դարձյալ իշխանությանն առաջարկել էր վեց ամսով հետաձգել օրենքը եւ քննարկումներ սկսել ըստ ոլորտների։
«Ամբողջ աշխարհում գնում են հարկերի պարզեցման ճանապարհով, մեզ մոտ հակառակն է։ Ժողովրդի մոտ պահանջն այն է, որ առնվազն հաջորդ հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, լսենք ինչ-որ պատասխան, որ պատրաստակամություն կա։ Օրենքները, որոնք ունեն մեծ շահառու խմբեր, եթե ընդունվում են այս ձեւաչափով, ես մեծ ակնկալիք չունեմ, որ խելամիտ կգտնեն ու ավելի խորքային ուսումնասիրություն կանեն, ավելի լավ ուսումնասիրություն կանեն»,- ասաց Հակոբ Ավագյանը՝ հավելելով, որ խորքային ուսումնասիրություն եւ ոլորտային վերլուծություն չի արվել։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Կառավարության ներկայացուցիչ Համլետ Նազարյանը հանդիպեց ցույցի մասնակիցների հետ։ «Մենք ձեր պահանջը կուսումնասիրենք, կփոխանցենք ֆինանսների նախարարություն, կուսումնասիրվի։ Գիտելիքի պակասն էլ է խնդիր, իրազեկումը պետք է ավելի բարձր մակարդակով իրականացվի»,- ասաց կառավարության ներկայացուցիչը։
«Երկխոսություն է պետք, բղավոցների տակ երկխոսել հնարավոր չէ»․ տնտեսվարողներին դիմեց կառավարության ներկայացուցիչը։
Հակոբ Ավագյանն արձագանքեց․ «Որպեսզի երկխոսություն սկսվի ու ստացվի, դուք պետք է ընդառաջ քայլ անեք, կասեցնեք։ Սա երկխոսություն չէ, մենախոսություն է»։
Տնտեսվարողները հայտարարեցին՝ քանի դեռ կառավարությունն իրենց հստակ պատասխան չի տալիս, իրենք հարկերը կվճարեն նախկին օրենքով։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ