Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը շարունակվում է առայսօր և մենք պետք է լուրջ դասեր քաղենք անցյալից. «Ջենեսիս Արմենիա»

Փետրվար 10,2025 12:22

Ռուսաստանի և միջազգային ուժերի խաղաղապահ առաքելությունը. դասեր անցյալից

Մաս առաջին

Ներկայում, գտնվելով Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ծիրում, երբ կորցրել ենք Պատմական Հայաստանի 10-րդ նահանգը՝ Արցախը (Արցախն ու Սյունիքը ՀՀ այն բացառիկ մարզերն էին, որ ընդգրկում էին պատմական նահանգների տերիտորիաները գրեթե ամբողջությամբ), առավել հրատապ են դառնում ուսումնասիրել հայոց պատմության մեջ մանդատային իրավունք ունեցող (խաղաղապահ ուժեր ներկայացնող) երկրների քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։Այսօր հայ ժողովրդի անվտանգային համակարգի տիրույթում գործում են երեք հիմնական ուղղություններ՝ արևմտամետ, ռուսամետ, և ուժեր, որոնք կարծում են, որ պետք է հենվել սեփական կարողությունների վրա՝ առավելագույնս հզորանալով ու գործակցելով և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ։Մինչև նախորդ տարի ռուսական խաղաղապահ ուժերը գտնվում էին Արցախում, և չի բացառվում նաև նոր խաղաղապահ ուժերի հայտնվելն Արցախում, քանի որ Արցախի հարցը միջազգայնացվում է։Ռուսաստանի և միջազգային ուժերի խաղաղապահ առաքելությունը՝ Սան-Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի կոնգրեսի որոշումների լույսի ներքո: 1877-78թթ․ ռուս-թուրքական պատերազմը հաջող ընթացավ Ռուսաստանի համար և՛ բալկանյան, և՛ կովկասյան ռազմաճակատներում։ Ռուսաստանին հաջողվեց գրավել Արևմտյան Հայաստանի մի մասը, որն ազատագրական հույսեր արթնացրեց հայ ժողովրդի և հայ քաղաքական շրջանակների համար։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ արևմտահայերի մոտ կային քաղաքական կողմնորոշման երեք ուղղություններ՝ ռուսամետ, որն ամենաստվար ուղղությունն էր, և որի պարագլուխներն էին բարձրաստիճան հոգևորականներ Նար-Պեյը (Խորեն Գալֆայան) և Մ․Իզմիրլյանը։ Նրանց կարծիքով` ոչ մի պետություն չի կարող Ռուսաստանի նման դիմակայել Թուրքիային, նամանավանդ, որ պատերազմի սկսման կարգախոսը քրիստոնյաների ազատությունն էր։Այս ուղղությունից հետ չէին մնում անգլիամետները, որոնց ղեկավարում էին Մ․Խրիմյանը և Գ․Օտյանը, որոնք այն ժամանակվա ազգային կյանքի հիմնական ուղղորդողներն էին։ Այս ուղղության ներկայացուցիչները փորձում էին հակադրել ազատական Անգլիային՝ մեծապետական Ռուսաստանի հետ։ Երրորդ ուղղությունը թուրքամետներն էին, որոնք մինչև պատերազմը ևս բավական համակիրներ ունեին, իսկ պատերազմից հետո բավականին թուլացան։ Դրանք հիմնականում պետական ապարատում և տնտեսության մեջ պաշտոններ զբաղեցնող անձիք էին։ Շեշտենք նաև, որ հայկական հարցի շուրջ ընթացող բանակցություններում այս երեք ուղղությունների միջև գործում էր բարձր կոնսոլիդացիա, որը ցավոք, միշտ չի եղել մեր պատմության մեջ։1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-)՝ ռուս-թուրքական պատերազմից հետո, Սան-Ստեֆանոյում կնքվեց նախնական հաշտության պայմանագիր, և հայկական հարցը միջազգայնացվեց։ Հայերին վերաբերող 16-րդ հոդվածով նախատեսվում էր վարչական բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանի այն հատվածներում, որտեղ արևմտյան տերությունների ուժերի ճնշման տակ Ռուսաստանը պետք է հեռանար։ Թուրքիան պարտավորվում էր այդ տարածքներում կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից բխող բարելավումներ և բարեփոխումներ։ Ռուսաստանի վրա ամենամեծ ճնշումը գործադրում էր Մեծ Բրիտանիան, որը շատ բացասական ազդեցություն ունեցավ հայերի համար։ Մեծ Բրիտանիայի այդ քայլերը պայմանավորված էին նրանով, որ ի դեմս Ռուսաստանի՝ վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում` նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։ Պայմանագրի 19-րդ հոդվածուվ Ասիական մասում Ռուսաստանին էր անցնում Արդահանը, Կարսը, Բաթումը, Սարիղամիշը, Բայազետը, Օլթին, Ալաշկերտը, Արդվինը, Կաղզվանը և այլ տարածքներ։ Միաժամանակ Օսմանյան կայսրությանն են վերադարձվում ռուսների կողմից գրաված Էրզրումն ու Բասենը, և բարեփոխումները հիմնականում հենց այս վայրերում պետք է անցկացվեին։

16-րդ հոդվածում հստակ նշված է․ «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարեփոխումներ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ 25-րդ հոդվածով նախատեսվում էր, որ ռուսները պայմանանգրով նախատեսված գրաված հողերից պետք է դուրս գային 6 ամիս հետո, և այդ ընթացքում Թուրքիան պետք է կատարեր 16-րդ հոդվածով նախատեսված բարեփոխումները։ Փաստորեն Սան-Ստեֆանոյի պայմանագրով Ռուսաստանը 6 ամսով միջազգայնորեն ճանաչվեց խաղապահ ուժ և բարեփոխումների կատարման երաշխավոր Արևմտյան Հայաստանի՝ Թուրքիայի տիրապետության տակ մնացած նահանգներում։ Սակայն  Արևմուտքը դրանով էլ չբավարարվեց։

1878թ. հուլիսի 13-ին կայացած Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով նախատեսվում էր հայաբնակ մարզերում բարեփոխումների հարցը չպայմանավորել ռուսական զորքերի առկայությամբ, որոնք իրականում հայերի անվտանգության երաշխավորներն էին, այլ հակառակը, դրանք պետք է կատարվեին ռուսական բանակի դուրս գալուց հետո՝ մեծ տերությունների երաշխավորությամբ: Փաստորեն, արևմտյան երկրների կողմից այս բոլոր փոփոխությունների նպատակն այն էր, որ ռուսական խաղաղապահ և բարեփոխումների կատարման վերահսկողությունը իրականացնող ուժերը փոխարինվեն մեծ տերությունների կողմից բարենորոգումների կատարումը և անվտանգային հարցերը միջազգայնորեն վերահսկելու երաշխավորությամբ: Պայմանագրով Ռուսաստանին անցավ Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը, դարձյալ Արևմուտքի ճնշման տակ, հանձնվեցին Թուրքիային։

Այսինքն, Արևմտյան Հայաստանի մի մասի մանդատը Ռուսաստանից վերցվում էր և տրվում Արևմտյան երկրներին, այն, ինչը որ փորձ է կատարվում անել ներկայումս: Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը «թաղվեց»՝ մտնելով եվրոպական երկրների հակասությունների ոլորտ, որովհետև եվրոպական երկրները բացարձակապես ոչ մի քայլ այդ ուղղությամբ չձեռնարկեցին և հայերը մնացին անպաշտպան՝  ռուսների հեռանալուց հետո։

Ամփոփելով նշենք, որ Արևմտյան երկրներն ավելի շատ շահագրգռված էին Ռուսաստանին թուլացնելու, քան վերահսկելու հայկական բարեփոխումների իրականացումը։ Ցավոք, Արևմուտք-Ռուսաստան հակադրությունը շարունակվում է առայսօր և մենք պետք է լուրջ դասեր քաղենք անցյալից։

Աբրահամ Գասպարյան, Արմեն Սարգսյան

 (շարունակելի)

 «Ջենեսիս Արմենիա» գիտավերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728