Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հանրային վերահսկողության ուժեղացմանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության հիմքերի որոշակիացմանը։
Կազմակերպությունները նաև արձանագրել են Նախագծով սահմանված մի շարք դրական փոփոխությունների կատարումը:
Կազմակերպություններն առաջարկում են հետևյալը.
- բացառել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ընտրությունը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ փոխարենը քննարկելով այդ նպատակով անկախ մասնագիտական (ժամանակավոր) հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը.
- վերանայել Նախագծով սահմանված՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նիստի իրավազորության վերաբերյալ պահանջները.
- վերանայել հարուցված կարգապահական վարույթի արդյունքում միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների քանակը՝ նախատեսելով առավել ցածր շեմ.
- որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության անձեռնմխելիությունից սահմանված բացառությունների շրջանակը.
- սահմանել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր որոշումների հրապարակման պահանջ, կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում՝ առանց դատավորի և գործին մասնակցող անձանց անձնական տվյալները ներառելու.
- սահմանել արդյունավետ կարգավորումներ նոր հանգամանքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների վերանայման համար:
Ամբողջական փաստաթուղթը հասանելի է այստեղ։