Իրական խաղաղության մասին
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը
1971 թ. դեկտեմբերի 1-ին Ջոն Լենոնը ներկայացրեց «Շնորհավոր Սուրբ Ծնունդ (Պատերազմն ավարտված է)» (“Happy Xmas (War is Over”) երգը, որը երկու տարի առաջ իր գրած «Խաղաղությանը շանս տվեք» (“Give Peace a Chance”) ստեղծագործության հետ դառնալու էր ոչ միայն այն ժամանակ Վիետնամում շարունակվող պատերազմի դեմ, այլև ընդհանրապես հակապատերազմական քաղաքացիական շարժումը խորհրդանշող օրհներգներից: Մարդկությունը, որը կես դարի ընթացքում դատապարտված էր անցնելու Առաջին աշխարհամարտի և Երկրորդ համաշխարհայինի խառնարաններով և ապա «Սառը պատերազմի» տարիներին մերթընդմերթ հայտնվել երաշխավորված միջուկային Արմագեդոնի եզրագծին, իսկապես հոգնել էր բոլոր տեսակի պատերազմներից: Ուստի, մեծ տարածում սկսեց ստանալ այն տեսակետը, որ պատերազմն ինքնին դարձել է քաղաքականապես անընդունելի: Ինչպես միջազգային հարաբերությունների այն ժամանակվա շատ գիտակներ պնդում էին քաղաքական կամքի կարևորությունը, այնպես էլ Լենոնը կարծում էր, որ պատերազմը կավարտվի, եթե մենք դա ցանկանանք:
Այս ամենով հանդերձ, պատերազմներն արմատախիլ չեղան: Ավելին, 21-րդ դարի առաջին քառորդը լեցուն էր կանոնավոր ու անկանոն պատերազմներով, որոնց հաճախականության և տեխնոլոգիական սրընթաց առաջընթացի արդյունքում կործանարարության աննախադեպ աճը մեկ անգամ ևս ի ցույց դրեց այն, որ ուժը մնում ռազմավարական նպատակների հասնելու ամենաարդյունավետ միջոցը։
Կարդացեք նաև
Վերջին տասնամյակներում ձեռք բերված (հատկապես՝ հայերիս) ցավագին փորձն ունի նաև օգտակար արժեք, քանի որ ստիպում է վերաիմաստավորել միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորքային գործընթացները սպասարկող տարբեր արժեհամակարգային օրակարգերն ու շատ օգտագործվող և չարաշահվող «խաղաղություն» հասկացությունը։ Այս սիրված բառն ունի շատ տարբեր երանգներ, բազմաբնույթ է իր իմաստներով և, որպես կանոն, հաճախ բացահայտ շահագործվում և չարաշահվում է քաղաքական քարոզիչների կողմից՝ իրենց նպատակների համար:
Որքան էլ մեզ թվա հակառակը, այդուհանդերձ պատերազմը մեր տարածաշրջանում չի ավարտվել, քանի դեռ հարևանը պատրաստ է ուժի միջոցով մեծագույն տառապանքներ պատճառել հայերիս՝ իր անվերջանալի թելադրանքները չկատարելու դեպքում: Միևնույն ժամանակ, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նրանք, ովքեր հանուն «խաղաղության» հրաժարվում են որպես հակազդեցության միջոց՝ զսպող ուժի կիրառումից, հայտնվում են հակառակորդի ողորմածության ներքո: Հետևաբար, կեղծ խաղաղության քարոզումը պակաս վտանգավոր չէ, քանի որ ինքնաոչնչացման տանող բարոյական դեգրադացիայի միջոցով ներսից քանդելով արտաքին կործանմանն ընդդիմացող ինքնապաշտպանման պատնեշները, ավելի է գայթակղում հակառակորդին:
Պատերազմների ամենակարևոր թիրախը հենց հակառակորդ հասարակության մտքերին ու հոգուն տիրանալն է: Մեզ մոտ խաղաղության հասնելու համար նախապատվություն է տրվել ոչ թե արտաքին անբարենպաստ գործոնները մեր ուժերի սահմաններում չեզոքացնելուն և սակավաթիվ հեռանկարային հնարավորություններից օգտվելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն: Ազգ-պետություն հասկացության առաջին և առանցքային տարրը՝ «ազգայինը» փոխարինվում է «պետականով», որը հեռու գնացող հետևանքներ է ունենալու: Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու դերի նսեմացումը, հայ ժողովրդի պատմության վերափոխումը, ազգային խորհրդանիշների վիճարկումը, դեպի ժխտման և ուրացման տանող Հայոց ցեղասպանության ռեվիզիոնիզմի փորձերը, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ պետական բոլոր կայքերից նյութերի հեռացմամբ Արցախի մասին հիշողության ջնջումը, հայկական Սփյուռքի օտարումը՝ այս և այլ «հեղափոխական» նախաձեռնություններն անվանում են «գաղափարական վերափոխում», որի արդյունքում խոստանում են «իրապես անկախ պետականություն և խաղաղություն»: Բաքվում այդ նպատակը անվանում են Հայաստանի ապազգայնացում: Չի բացառվում, որ վաղը մեր պաշտպանողական ամենակարևոր սյունը՝ ազգ-բանակը վերածվի այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակի, որի արդյունքում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի կամ ընդհանրապես կվերանա: Ադրբեջանում սա անվանում են ապառազմականացում:
Հայ ժողովուրդը միշտ է ցանկացել խաղաղություն: Այնուամենայնիվ, ազգային կենսական շահերի զոհաբերմամբ և, ինչպես մեկ այլ հայտնի երգիչ էր նշել, «Կռանալով այս փոփոխվող աշխարհի առջև», խաղաղություն չես ստանում: Այս տեսակի խաղաղությունից օգտվելու են մնացած բոլորը, բացի մեզանից: Միջազգային տարբեր դերակատարներ երեսպաշտորեն կողջունեն, կքաջալերեն և կծափահարեն այսպես կոչված խաղաղության գործընթացը, բացարձակապես անտարբեր լինելով այն բանի հանդեպ, թե որքան կենսունակ պետություն կմնա Հայաստանը այդ «խաղաղության» արդյունքում: Ինչպես դիպուկ նշել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ լորդ Ռոբերտ Սոլսբերին. «Միշտ մեծ թյուրընկալում է առաջանում փոքր մասշտաբով քարտեզների օգտագործումից»:
Ջոն Լենոնն իր երազանքներն արվեստի միջոցով արտահայտող հանճար էր, որի ձայնը լսելի էր և ազդեցիկ: Պետական այրերի մեծությունն ու ազդեցությունը գնահատվում են ազգային շահերի սպասարկմանը միտված իրենց հեռատես քաղաքականությամբ, հատկապես ճգնաժամերի ընթացքում: Այս բախտորոշ ժամանակներում սկզբունքային և իմաստուն առաջնորդներն են ունակ ի վերջո բերել կայունություն, որը կարող է ճանապարհ հարթել դեպի իրական ու արդար խաղաղություն Հայաստանի և տարածաշրջանի համար:
Արա Այվազյան
ՀՀ նախկին արտգործնախարար
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ