Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Ճիշտը

Փետրվար 10,2025 11:00

Ներկա ժամանակապտույտի մեջ, երբ արժեքների համակարգը մետամորֆոզի է ենթարկվել եւ մաքրության ծվենները հանդիպում են կեղծիքի պղպջակներին, աշխարհը դարձել է խայտաբղետ դիմակների թատերաբեմ, ակամա անցյալից ադեիս տեսիլքը հայտնվում է եւ իր միամիտ փիլիսոփայությամբ արդարության իր դասերը դարձնում է ճիշտ ապրելու բանաձեւ։ Ես ակամա գնում եմ տեղավորվելու այդ անաղարտության մեջ։ Ադես ասում էր՝ Ճշմարտության:

Բալա ջան, կսեն էն մարդն օր ճշմարդության ձեռը բռնաձ կըքելէ, ըդիգ աշխրհի ամենաազադ մարդն է ու չի վախենա բոլորն աշելուց։ Սիրդն հանգիստ է, եփ օր ճշտի հեդ ճամփա կերտա։ Ճիշտը ըդիգ ճերմագն է իրա կարմրի ու կաննչի հեդ։

Բայց մենք ով ենք օր ճշտի հեդ առ ու ծախ էնենք, գույն ավելցնենք, յա պակսցնենք։

Ճիշտն աստձու ձեռների մեճն է, օր կըկաթկտա ու կըդարսվի, մենք իրան չենք տեսնի, բայց կերտանք եդեւեն գերու պես։

Ինչքան էլ կյանքիս մեճը դադրգյուն էղա, մեգ է, իմ հոգին չըսարքեցի ծախու աբրանք, բացեցի ամենածանդռ երգթե դռները, ոդներս արնլվիգ էղան չորցած փշերից, ճամպեկս օլոր-մոլոր էնքան գնացի, մինչեւ տեսա համբերությունը խաչվաձ ծառների։

Ամեն փոսի կողքով անցնելուց կայնա ու աշեցի՝ թե մթությունից սավայ էլ ինչ կրնամ տեսնիմ իրանց խորքի մեճը։ Ու էդ օրը ավելի հասկցա, օր փոսի պադերին մինագ գիշերները կըպաչեն։

Իմ ճիշտը դար ու փոսերը չէին, իմ ճիշտը ուսերիս թառաձ աղունիգների թեթեւությունն էր, օր գուզեյ բաժնեյ ալամ աշխըրհին, իմ ճիշտը դեմիս կայնաձի աչքերին աշելն էր ու իրա բռի մեճը մէ թիքեմ հավադ դնելը։ Իմ ճիշտը առդվան արդսունքն էր, օր մութուլուս կըգրգեր ծաղգունքի թփերը ու էն մոլրաձ թիթեռն էր, օր բըդի իրա ծառավը էդ թփերի վրա մեռցներ։ Իմ ճիշտը անտեր անտիրեգան մնացած Արազգեղն էր, օր ամեն օր կըմեռներ իրա դառդգությունից։ Իմ ճիշտը հոգոցներիս մեճն էր, օր կայձագի պես կըզարգեր յարալու սրդիս ու կըմարեր մայրամուդի սարերին ու քարերի ճակերին։

Իմ ճիշտը Սիմոնիս սարկաձ մարակի մեճն էր, ուրդեղ հոկուս ազադությունը պադեպադ կըզարգվեր ու կալնաձ երդըգից զարմացաձ ընձի կաշեր մէ բուռ դառաձ, վախեցաձ Լուսնյագը։

Իմ ճիշտը էն մէ հադիգ սերմն էր, օր հողի մեճը հարսնածաղիգ դառավ, երգրցավ, ցողուն տվավ, թփերը փռեց։

Իմ բոստնի հարսնածաղիգը, օր գիշերը կըբացվեր, առավոտ լուսին կոգոն կըդառնար։ Իմ մթնամթան ժամերի ընգերը, կըժպտար ու աչքով կեներ մոմի լուսին։ Էն աղոտ մոմի լուսին, օր կըպզդգնար ժամը ժամին ու կսկձու կըդառնար մէ խոշոռ քարե ադսունքըմ։

Իմ ճիշտը էն հիվանդ մեղրաճանճն է, օր հարի վերջ հավադարիմ կըմնա իրա փեդե քաղցր տանը։ Չի հեռենա՝ իրա փեթագի պադերին կըկբնի ու կըչորնա։

Իմ ճիշտը էն տաք գոմի մեճը ցավ քաշող հայվանն էր, օր կըմաժեր իրա հորթին, ոդի կըկայնցներ ու մոդիգ էրտողին կոդոշները ցույց կուդար։ Էն գառն էր, օր հազիվ ծնվաձ, մոր կաթի հոդը կառներ ու փագ աչքերով կըկբռշկեր պդուգներից։

Իմ ճիշտը էս վենձ աշխրհի մեճը, էն սարի տգի ցաձրիգ քողտիգն էր, Գիրքորի սարքաձ քարե թարեքն էր ու պաբագան այլումինե, տեղ-տեղ ժանգը կերաձ կլոր սինին։

Իմ ճիշտն իմոնք էին, օր գնացին, պադից կախ թողնելով կարբեդն ու կարճ պոչ մանգաղը։ Ըդոնք մնացին, օր էս գույնզգույն աշխրհին պադմեն իրանց եղնել, չեղնելու մեռաձ ժամանագի մասին։

Իմ ճիշտը էն զուլալ, անարադ ջուրն էր, օր հողը պաչելով գիչներ վիրեւներից ու կըցխպար արեւից վառաձ երեսներիս։

Իմ ճիշտը անաստվաձ թուրքի վառման կրագն էր ու սադանի պարը։ Գաղթի ճամփեն էր ու կորաձներս։ Անջուր ու անհաց ծեծկվաձ ժողովուրդս էր ու ոդմերներիս տգից փչող հողե քամին։

Իմ ճիշտը քրքրվաձ շաբիգիս կբաձ էս անհաշիվ տարիներս էին։ Կավի պես հին ու կավի պես փխլվող։ Կավեշաղախի տնքոցը երգնքի դռնից կախ է ընգե ու հուսահադ կըճռռա։

Նոր աշխարհի մարդիկ, չտրորեք հանգարձ իմ կավե քանդագավոր հուշերը։

Ադե ջան, երանի քո ճիշտը այսօր էլ խոսեր այս փոխված, անճանաչելի աշխարհի թղթե ճշմարտության հետ եւ անցյալի դասերը դառնային ներկայի ուղենիշ։

Նեկտար ՍԻՄՈՆԻ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728