Լրահոս
Տատրա-Մատրա-Ֆատրա
Օրվա լրահոսը

Հրաժարվել էր ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը

Փետրվար 10,2025 12:00

Ըստ հայցվորի՝ հանձնաժողովը իր դիմումին պատասխանել է շուրջ 60 օր հետո միայն, որը կազմակերպչական աշխատանքները արագ եւ արդյունավետ իրականացնելու տեսանկյունից ակնհայտորեն ողջամիտ չի կարող լինել

«Իքս-թիվի» ՍՊԸ-ի անունից 2021թ. հունվարի 21-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ հանձնաժողովի 2020թ. դեկտեմբերի 15-ի «Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշումը վերացնելու պահանջի մասին:

Վկայակոչելով Հանձնաժողովի կողմից նախկինում տարբեր ընկերությունների գործերով կայացված մի շարք որոշումներ՝ հայցվորը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հանձնաժողովը իր վերաբերյալ վարչական ակտն ընդունելիս խախտել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները՝ միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող գործերով անհավասար մոտեցում ցուցաբերելով:

Հայցվոր «Իքս-թիվի» ՍՊԸ-ն դատարանին հայտնել է, որ իր կողմից ոչ թե չի ներկայացվել հանձնաժողովի կողմից պահանջվող տեղեկատվությունը, այլ 2020թ. հունիսի 5-ին հանձնաժողովին գրավոր հայտնել է դիրքորոշում այն մասին, որ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների հարցը չի մտնում հանձնաժողովի լիազորությունների մեջ, «Էֆ Նեթ» ՍՊԸ-ի կողմից 2020թ. մայիսի 8-ին հանձնաժողով ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման, ուստի այդ պատճառաբանությամբ էլ չի տրամադրում պահանջվող տեղեկատվությունը: Նաեւ «Էֆ Նեթ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը վերաբերում է դիստրիբյուտորներին, իսկ ինքը չի համարվում դիստրիբյուտոր, ուստի վերջինիս կողմից պահանջվող տեղեկատվությունը տրամադրելը կամ չտրամադրելը Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ լինել չէր կարող:

Վկայակոչելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, հայցվորը նշել է, որ եթե նույնիսկ համարվի, որ «Էֆ Նեթ» ՍՊԸ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարող էր պարունակել անբարեխիղճ մրցակցության հետ կապված հնարավոր խախտման հատկանիշներ, ապա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի ուսումնասիրությունից հետեւում է այն եզրակացությունը, որ այնտեղ հստակ եւ որոշակի մտավոր սեփականության իրավունքներին առնչվող բացառություններ սահմանված են, որոնց մեջ, սակայն, բացակայում են հեռարձակվող կազմակերպությունների հաղորդումները՝ որպես մտավոր սեփականության օբյեկտների մտավոր գործունեության արդյունք:

Հայցվորը նշել է, որ վարչական վարույթը կարճելու վերաբերյալ իր կողմից ներկայացված դիմումը չի համարվում ոչ «ընթացակարգային հարց», ոչ էլ «ոչ ըստ էության որոշում», ուստի այն քննարկելով՝ Հանձնաժողովն իրավասու չէր արձանագրային որոշման կայացմամբ այն մերժել:

2021թ. հունվարի 26-ի որոշմամբ դատարանը «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ» միջնորդությունը մասով բավարարել է, մասով՝ մերժել:

17.02.2021թ.-ին պատասխանողը ներկայացրել է հայցադիմումի պատասխան:

2022թ. ապրիլի 4-ին գործի դատաքննությունն ավարտվել է, 2022թ. ապրիլի 21-ին դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշմամբ մերժել է հայցը, իսկ վերաքննիչ վարչական դատարանն էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն է մերժել` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի թիվ ՎԴ/0459/05/21 «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մասով բավարարելու, մասով մերժելու մասին» 26.01.2021 թվականի որոշումը թողնելով ուժի մեջ:

2025 թվականի փետրվարի 5-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 15.06.2023 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Իքս-թիվի» ՍՊԸ-ի՝ ընդդեմ ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ Հանձնաժողովի 15.12.2020 թվականի «Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 364-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանը որոշեց վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հունիսի 15-ի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն կիրառելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության գնահատման առանձնահատկություններին՝ նշել է, որ՝ «տնտեսվարող սուբյեկտների կողմից Հանձնաժողովին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Հանձնաժողովի կողմից հարուցվում է վարչական վարույթ: Նշված հարցը լուծվում է առանձին վարչական վարույթով. այդ վարչական վարույթն ունի իր ինքնուրույն փուլերը (հարուցման, ընթացիկ) եւ եզրափակվում է տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկող առանձին վարչական ակտի ընդունմամբ»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետեւաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը անփոփոխ թողնելը՝ սույն որոշման պատճառաբանություններով, բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է, եւ առկա ապացույցները եւ հաստատված հանգամանքները թույլ են տալիս նման դատական ակտ կայացնել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերը բավարար չեն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728