«Սփյուռքի համար անընդունելի են Փաշինյանի՝ ցեղասպանությունը ժխտող հայտարարությունները, ինքը չի կարող հասնել այն նպատակին, որ Սփյուռքն ու Հայաստանը միմյանցից տարանջատի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։
– Պարոն Կարապետյան, ի՞նչ վտանգ եք տեսնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններում ու վարած քաղաքականության մեջ։
– Անշուշտ, մեզ համար զարմանալի եւ անընդունելի են նման հայտարարություններն ու կեցվածքները։ Վարկածը, որը վարչապետն է առաջ քաշում, թե ինչո՞ւ 1939-ին այդ հարցը չկար, 1950 թվականին կար, շփոթ է ստեղծելու եւ մեղքը ԽՍՀՄ վրա բարդելու միտում է, բոլորովին անտեղի է։ 1915 թվականից անմիջապես հետո եղել են փորձեր, միջամտություններ, բայց ցեղասպանություն բառը չկար, եւ ինքը պետք է իմանա, որ այդ պատճառով ցեղասպանություն բառը չի գործածվել։ Ցեղասպանություն տերմինը ստեղծվել է 1944 թվականին լեհ-հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից։ 1938 թվականին ինքն առաջին անգամ խոսեց ու ասաց, որ ուսումնասիրել է հայոց մեծ ջարդը կամ մեծ եղեռնը։ Եվ դրա հիման վրա նա ցեղասպանություն բառը դրեց գործածության մեջ, որը 1948 թվականին ընդունեց նաեւ ՄԱԿ-ը։ Եվ այստեղ էր, որ հայկական սփյուռքը մեծացրեց իր արշավը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ պատմական իրականության հաստատման ուղղությամբ։ Խորհրդային միությունը կապ չուներ դրա հետ։ 1965 թվականին՝ ԽՍՀՄ շրջանում, 1 մլն-ից ավելի մարդ դուրս եկան փողոցներ ու պահանջեցին, որ ցեղասպանության ճանաչում տեղի ունենա։ Իսկ 1965 թվականին սփյուռքյան բոլոր ավանդական կուսակցություններն ու կառույցները միասին ամբողջ աշխարհում հսկայական ցույցեր արեցին եւ ցեղասպանության ճանաչման պահանջներ ներկայացրեցին։
Այսօր 30-ից ավելի երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Եվրոպական խորհրդարանը երկու անգամ՝ 1987 թվականին եւ 2015-ին բանաձեւեր ընդունեց։ Ընդ որում, 2015-ին բավական կարծր բանաձեւ ընդունեց՝ պահանջով, որ Թուրքիան ընդունի իր անցյալը եւ համապատասխան քայլերի դիմի։ Այս տարի բանաձեւի սկզբում պետք է հղում լինի իրենց 2015 թվականի որոշմանը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախումբը, մյուս կառույցները չեն մերժել կամ դրժել ցեղասպանությունը։ Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները հիմա փորձում խրամատներ ստեղծել Սփյուռքի եւ հայրենիքի մեջ։ Հայաստանում ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի է։ Փաստորեն ժխտում է, եւ դրա պատասխանատվությունը պետք է կրի։ Ես չգիտեմ՝ որքանով Հայաստանի դատախազությունը կամ դատական մարմինները կզբաղվեն վարչապետի հայտարարություններով։ Սփյուռքի համար անընդունելի են իր հայտարարությունները, ինքը չի կարող հասնել այն նպատակին, որ Սփյուռքն ու Հայաստանը միմյանցից տարանջատի։
Կարդացեք նաև
Մենք բազմիցս ասել ենք, որ եթե ոճրագործը չզղջա, չհասկանա, թե ինչ ոճիր է գործել, կկրկնի այդ ոճիրը։ Միշտ ասել ենք եւ այսօր էլ կրկնում ենք՝ եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը եւ արդար հատուցում չիրականացնի, պետք է կրկներ ցեղասպանությունը։ Արցախը դրա օրինակն է։ Վարչապետն ինքն էր սկզբնական շրջանում խոսում էթնիկ զտման մասին։ Էթնիկ զտում, որն ըստ Օկամպոյի՝ նաեւ ցեղասպանություն է։ Ուրեմն, այս ամենը վարչապետը պետք է, որ նկատի ունենա եւ կատարի միասնական հայտարարություններ, որպեսզի մենք պաշտպանենք մեր շահը։ Եթե Թուրքիան չճանաչի ցեղասպանությունը, Հայաստանի Հանրապետության գոյության համար վտանգ է։ Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչ հայտարարություններ է անում Էրդողանը՝ Ալիեւի հետ միասնաբար։
– Փաշինյանը մարդկանց կոչ է անում կենտրոնանալ իրական Հայաստանի գաղափարի շուրջը։ Պատմությունը ժխտելով ու մերժելով՝ հնարավո՞ր է անվտանգություն ապահովել ներկա Հայաստանում։
-Թող կենտրոնանա, երբ կենտրոնացավ իրական Հայաստանի կոնցեպտի շուրջ, տեսանք, թե ինչ եղավ՝ Արցախը գնաց իր քայլերի ու հայտարարությունների պատճառով։ Հայաստանի տարածքից ավելի քան 200 քկմ գրավել են ազերիները, Տավուշի չորս գյուղերի հողերը հանձնեց։ Եվ Աստված գիտի, թե ինչ կլինի։ Թող իսկապես զբաղվի Հայաստանի Հանրապետության իրական պաշտպանությամբ եւ ճիշտ ընկալի, թե քաղաքականությունն ինչ է։ Ցեղասպանության ճանաչումը մեզ միայն հոգեկան գոհունակություն չի բերելու, կրկնում եմ, Հայաստանի շահերի ու ապագայի համար շատ կարեւոր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը։ Քանի դեռ չի ճանաչել, Հայաստանի համար սպառնալիք է։ Փաշինյանը թող զբաղվի Արցախի ժողովրդի իրավունքներով, ինչո՞ւ չի զբաղվում։ Պառակտում ստեղծելու փոխարեն պարոն վարչապետը պետք է միասնականության ուղղությամբ աշխատանք տանի։ Ես այս տարիների ընթացքում չեմ անդրադարձել Հայաստանի ներքին կյանքին, միշտ խուսափել եմ, նաեւ Փաշինյանի օրոք եմ խուսափել դրանից։ Ինքը ինձ շատ լավ է ճանաչում եւ գիտի, որ հետաքրքրված եմ մեր ազգի շահերով, Հայաստանի իշխանության դեմ պայքար չեմ ուզում տանել, իմ ուզածն այն է, որ Հայաստանի իշխանությունը միասնականություն ստեղծի։ Եթե մենք չպահենք Հայաստան-Սփյուռք միասնականությունը, բոլորիս վերջը կգա։ Մեր միասնականությունը կպահվի մեր ազգային արժեքները հարգելով, մեկը մյուսին հարգելով եւ համագործակցության եզրեր գտնելով։
– Փաշինյանի այս հայտարարություններն ի՞նչ ազդեցություն են ունենում արտերկրում, Սփյուռքի կառույցների գործունեության վրա դրանք ազդո՞ւմ են, ի՞նչ տրամադրություններ են Սփյուռքում։
– Այո, կարող է ազդեցություն ունենալ, ինչպես դա եղավ, երբ ինքը Պրահայում հայտարարեց, որ «Արցախը պատկանում է Ադրբեջանին»։ Այդ պայմաններում, անշուշտ, մենք ունեցանք դժվարություններ։ Երբ ուրիշի հետ խոսում ես, ասում է՝ լավ, եղբայր, քո երկրի վարչապետն ասում է, որ «Արցախը Ադրբեջան է»։ Անշուշտ, ցեղասպանության հարցում էլ կարող ենք դժվարության հանդիպել, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստենք, ինչպես որ չնստեցինք Արցախի հարցով։ Եվ եթե մենք պատերազմի ճանապարհով չկորցնեինք Արցախը, Արցախի հարցը քաղաքական իմաստով բավական ճանապարհ էր կտրել։ Իսկ ցեղասպանության ճանաչման հարցն արդեն մեծ ճանապարհ է կտրել, հետ չի դառնա։ Ցեղասպանությունն արդեն ընդունված փաստ է, անգամ Բայդենն ընդունեց, բոլորի կողմից ընդունված է, հնարավոր չէ ապացուցել հակառակը։ Այո, դժվարություններ կստեղծվեն այս քաղաքականության պատճառով, մարդիկ, ովքեր ուզում են խուսափել, դա իրենց ձեռքին լավ գործիք է, որպեսզի ասեն՝ եղբայր, ի՞նչ ես ուզում, ՀՀ իշխանությունն ասում է, որ ցեղասպանության հարցն այլեւս չպետք է լինի առաջնահերթություն։ Բայց դա չի նշանակում, որ մենք ծալված ձեռքերով պետք է նստենք եւ չշարունակենք մեր աշխատանքը, որովհետեւ ինչ անում ենք, որեւէ կուսակցության կամ Հայ դատի շահերի համար չէ, հայ ժողովրդի շահերի համար է։ Եվ հայ ժողովրդի շահերը միասնական են, մեկն են՝ Հայաստան-Սփյուռք։ Հայաստանի Հանրապետության գոյատեւումը, բարգավաճումը եւ հայ ժողովրդի ապագայի բարելավումը, դա է մեր հիմնական աշխատանքի իմաստը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.02.2025