Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և հայկական պատվիրակության այլ անդամներ այցելեցին «Al-Shafallah» և «Al-Nour» աջակցության կենտրոններ՝ ծանոթանալու դրանց գործունեությանը։ Պատվիրակությանն ուղեկցում էր «Qatar Foundation for Social Work»-ի լիազորված գործադիր տնօրեն պարոն Խալիդ Ալ Քուվարին և ղեկավար կազմը:
Առաջին կանգառը «Al-Shafallah» կենտրոնն էր, որը հիմնադրվել է դեռևս 1999 թվականին, և ապահովում է կրթական, վերականգնողական և հոգեբանական աջակցություն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին և երիտասարդներին։ Կենտրոնն ունի լայնածավալ, փոխկապակցված ստորաբաժանումներ, որոնք ապահովում են շահառուների բազմաբնույթ կարիքները, ինչպիսիք են օրինակ օրթոպեդիկ սարքավորումների պատրաստում և տեղադրում, մկանային համակարգի վերականգնում, ֆիզիկական աջակցություն, օկուպացիոն թերապիա, զգայունության խթանում, կենցաղային գործունեությունների ուսուցում, մասնագիտական վերապատրաստումներ և այլ թերապևտիկ մոտեցմամբ ծրագրեր: Այցի ընթացքում կենտրոնի գլխավոր տնօրեն Մարիամ Ալ Սուվաիդին պատվիրակությանը ծանոթացրեց կենտրոնի տարբեր բաժանմունքներին, հանդիպեցին մասնագետների և շահառուների հետ՝ մանրամասն ծանոթանալու մատուցվող ծառայություններին։
Կարդացեք նաև
Այնուհետև Հայաստանի պատվիրակությունը այց կատարեց «Al-Nour» կենտրոն, որը նվիրված է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցող անձանց վերականգնմանն ու կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան կրթական արդի տեխնոլոգիաներին, հատուկ մշակված ուսումնական ծրագրերին։ Կենտրոնի տնօրեն Մաշաիլ Ալ Նաիմին պատվիրակությանը ներկայացրեց «Al-Nour»-ի ստորաբաժինները` սեսողության խնդիրների վաղ ախտորոշման և վերականգնողական պլանի մշակման կենտրոնը, նախադպրոցական տարիքի երեխաների ինտեգրման բաժին, հոգեբանական աջակցության բաժինը, մասնագիտական վերապատրաստման խմբեր և այլն:
«Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունը մարդկային ներուժի բացահայտումն է և այսպիսի նորարարական ու առաջադեմ հաստատությունների հետ փորձի փոխանակումը նպաստում է նրան, որ Հայաստանում ևս զարգանան նմանօրինակ ծրագրեր` խոցելի խմբերի սոցիալական ներառումն ավելի սահուն դարձնելու համար:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ