Գագիկ Ասատրյանը վեպ է գրում՝ «Ձայներ հետնախորշերից» վերնագրով, ինչի մասին Aravot.am-ը զրուցել է հեղինակի հետ: «Գիրքը գաղափարների, ազատականության եւ պահպանողականության, դրանց արանքում խարխափող զանգվածների եւ այդ զանգվածներին օգտագործելու, հայրերի եւ որդիների, սոցիալական տարբեր շերտերի միջեւ եղած հարատեւ պայքարի մասին է։ Ուղերձն այն է, թե հասարակական տգիտությունը ինչ ավերակներ կարող է իր հետևից թողնել, նույնիսկ այն դեպքում, երբ որոշակիորեն ղեկավարվում է էլիտաների կողմից։
Գիրքը իշխանության հասնելու տենչի ու մոլուցքի, մարդկային գիտակցությունը փչացնելու մասին է, բարոյականն ու գաղափարականը մարդուց խլելու, դրա փոխարեն՝ թույն եւ նյութապաշտություն սերմանելու մասին։ Սյուժեում առկա է թե՛ սեր, թե՛ ողբերգություն, թե՛ պայքար, թե՛ հույս։ Տեղանունները, կերպարները հորինված են։ Վեպի սյուժեն եւ ընթացքը ընթերցողին կմղեն մի ուրիշ աշխարհ։ Շատերը կհամաձայնեն իրենց նմանությանը՝ կերպարներին առերեսվելու պարագայում, շատերը՝ կտեսնեն իրենց, բայց չեն համարձակվի անգամ իրենց խոստովանել իրենց իսկ վիպական արտապատկերման մասին։ Սա վեպ է մարդկային կրքերի, հոգիներում բույն դրած թաքուն ցանկությունների իրականացման մասին»,-նշեց հեղինակը: Հավելեց, որ մտադիր է հետագայում գիրքը թարգմանել եւ հասանելի դարձնել անգլախոս լսարանին, քանի որ, իր ձեւակերպմամբ, բարձրացված խնդիրները համամարդկային են եւ ընկալելի յուրաքանչյուրի համար:
Ինչ վերաբերվում է վերնագրին, Գագիկ Ասատրյանն ասում է, որ նման վերնագրի ընտրությունն ինքնանպատակ չէ, իսկ կիրառված հետնախորշեր բառն ավելի շատ պայմանական նշանակություն ունի. «Այդ հետնախորշերում կարող են բնակվել թե աղքատները, թե հարուստները, որոնք փողից բացի ուրիշ ոչինչ չունեն։ Աշխարհը մի մեծ հետնախորշ է դարձել, հատկապես վերջին հարյուրամյակում, ամենուրեք մոլեգնում է հակաբարոյականը, հակազգայինը, հակաբարեպաշտականը։ Ես ցանկանում եմ մարդուն հասու դարձնել այն ձայները, որոնք հնչում են այդտեղից»։
Գագիկ Ասատրյանը նշում է, որ վաղուց էր հղացել վեպ գրելու գաղափարը՝ 2019 թվականից, իսկ այն կյանքի կոչելու մոտիվը եղել են այն 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները. «Նույնիսկ տգիտության եւ խավարի հաղթանակը պետք է իր նկարագրությունն ունենա, որպեսզի մարդիկ հասկանան, որ փրկության միակ ճշմարիտ ուղին կրթված եւ ինտելեկտուալ լինելն է։ Խոսքս, իհարկե, կրթված տականքներին չի վերաբերվում, որոնք մեծ թիվ են կազմում նաեւ մեր երկրում։ Ներսումս կուտակված ասելիքն ուղղակի որոշեցի այսկերպ արտահայտել։ Հուսով եմ՝ կգտնվեն համակարծիք մարդիկ, որոնք անտարբեր չեն մնա այն ասելիքին, որն անչափ արդիական է մեր օրերում։ Ոմանք երգով, ոմանք ֆիլմով, ոմանք թատերական ներկայացումներով են արտահայտվում, ես ընտրեցի գրավոր խոսքը, որն ավելի հոգեհարազատ է»։
Իրեն ներկայացնելիս վեպի հեղինակը նշեց. «Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, բայց զուտ միայն մասնագիտությամբ։ Վերջին 5-6 տարին զբաղվում եմ ակտիվ հասարակական գործունեությամբ։ Նոր ստեղծված քաղաքական միավորի անդամ եմ, քաղաքական վերլուծաբան։ Եվ ամենակարեւորը՝ հայ մարդ եմ, որ չի պատրաստվում լքել հայրենիքը, ինչ էլ որ լինի․․․»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ