Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է՝ Մեղրիի թեման շահարկողները առնվազն լռեն․ Վարդան Օսկանյան

Փետրվար 09,2025 19:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է․ «Մեր առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ Ժամանակներն արագ են անցնում, սերունդներ են փոխվում, անհրաժեշտ է հիշեցնել, թե որտեղ էինք և որտեղ ենք հիմա։ Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ ոք հերքել չի կարող։

Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում։ Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակիցներ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, Իրանի հետ ստեղծել ենք գազամուղ, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ունեցել ենք զգալի արտասահմանայան ներդրումներ։ Հիմա օրվա իշխանությունը ժողովրդի գլխին բերել է պատերազմ, կրել ենք նվաստացուցիչ, ծանր ու հազարավոր զոհերով պարտություն, չունենք ոչ մի հուսալի դաշնակից, արտաքին քաղաքական դաշտում ոչ ոք Հայաստանին լուրջ չի վերաբերվում, չունենք ոչ մի արտաքին ներդրում, հասարակությունը երբեք այսքան պառակտված չի եղել»,- ասել է նա։

Օսկանյանի խոսքով՝ այսօր Հայաստանի առաջ կանգնած են վտանգներ, որոնք Հայաստանի իշխանությունների անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը։

«Ինչ է տեղի ունենալու, եթե չունենանք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով օժտված իշխանություն։ Սահմանազատման քողի տակ կորցնելու ենք Հայաստանից լրացուցիչ տարածքներ, Հայաստանի սահմանները փոփոխվելու են, Թուրքիայի պահանաջով փոխվելու է Սահմանադրությունը, Արցախից մեկընդմիշտ հրաժարվել ենք արդեն, Մինսկի խումբը լուծարվելու է, ԵՄ դիտորդները հեռանալու են Հայաստանից, բոլոր միջազգային դատարանից ՀՀ իրավական պահանջները հետ են քաշվելու, 300,000 ադրբեջանցի գալու է Հայաստան, և ամենավտանգավորը, Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին։ Վերջերս ԱՄՆ Պետդեպի հրապարակած փաստաթղթերը ջախջախեցին այն թեզը, որ Արցախի դիմաց Մեղրին տալու միտքը եղել է Քոչարյանինը, դա եղել է Հեյդար Ալիևի առաջարկը, որի անմիջական վկաներից մեկը եղել եմ ես։

Երբ Քոչարյանը Ժնևում ինձ ու Վազգեն Սարգսյանին ասաց, որ Ալիևը նման առաջարկ է արել, մենք միանգամից ֆիքսեցինք, որ հայր Ալիևը պատրաստ է հրաժարվել Արցախից: Մենք գիտեինք, որ Մեղրին տվող չկա, բայց մենք կարող ենք օգտվել Ալիևի՝ Արցախը զիջելու պատրաստակամությունից: Հենց դա էլ հաջողությամբ արեցինք 1.5 տարի բանակցելու արդյունքում Քիվեսթում, այնտեղ արձանագրվեց, որ Արցախը Լաչինով տրվում է Հայաստանին, իսկ Ադրբեջանը Արաքսի ափով՝ վերգետնյա էստակադայով կապ է ունենալու Նախիջեւանի հետ: Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ ես առնվազն պետք է լինեինք դիվանագիտական անմեղսունակ, որ արհամարհեինք Ալիեւի՝ Արցախը զիջելու ցանկությունը եւ աղբաման նետեինք թեկուզ եւ բանավոր նրա առաջարկությունը, ինչպես որ Փաշինյանը, դիվանագիտական անմեղսունակություն ցուցաբերելով, 2018 թվականին աղբաման նետեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկած Մադրիդյան փաստաթուղթը, որի առանցքային ձեռքբերումը հենց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էր»,- ասել է նա։

Օսկանյանը նշում է, որ ժամանակն է՝ Մեղրիի թեման շահարկողները առնվազն լռեն, քանի որ այդ թեման շահարկելով՝ Մեղրին կամ Սյունիքի մի հատվածը կորցնելու վտանգը առավել իրական են դարձնում:

«Պետդեպի փաստաթղթերի առավել կիրառական հանգամանքն այն է, որ դրանք էապես ուժեղացնում են ՀՀ բանակցային դիրքերը՝ Ադրբեջանին որեւէ տարածք, միջանցք կամ նույնիսկ ճանապարհ տրամադրելու հարցում: Ադրբեջանը պատրաստ էր Արցախը փոխանակել Նախիջեւանի հետ կապով, Փաշինյանը արդեն Արցախը հանձնել է Ադրբեջանին, եւ Ադրբեջանը արդեն բանակցային խաղաքարտ չունի միջանցք կամ նույնիսկ ճանապարհ պահանջելու: Խնդիրն այն է, որ դիվանագիտական կարողություններ չունեցող Հայաստանը միջազգային 0-ական գործոն դարձրած Փաշինյանը չկարողացավ նույնիսկ դա ձեւակերպել եւ բանակցել: Հասկանում եք իրավիճակի աբսուրդը եւ վտանգը, մենք այսօր ունենք մի իշխանություն, որն արդեն տվել է Արցախը, կարող է տալ Սյունիքից մի հատված, կոպիտ ասած վերջում լինելու է եւ, եւ»,-ասաց նա:

Սղագրությունը՝ News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728