«Առավոտի» կայքում հրապարակումները ձայնային տարբերալով լսելու նորարական գործիքն www.aravot.am -ում արդեն մեծ լսարան ունի։ Նշենք, որ արհեստական բանականության գեներացմամբ բոլոր նյութերն aravot.am կայքում ընթերցվում են «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ձայնով: Virtual Solutions ընկերության ներկայացուցիչ Ղևոնդ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 20-ից այս գործիքը կիրառելով «Առավոտում»՝ մինչ այսօր գեներացրել են 6385 հոդված, որոնք վերածել են աուդիո տարբերակի։ Դա մոտավոր հավասար է 1 մլն 340 հազար բառի, 196 ժամ աուդիո է ստացվել։
«Սեպտեմբերին մեր առաջին ինտեգրումն ենք կատարել լրատվական կայքերից մեկում։ Եվ մեր արհեստական բանականությանը սովորեցրեցինք ավելի որակյալ ձայն ստանալ տեքստից։ Դիտարկում ենք արել՝ մարդկանց դա հետաքրքիր է, թե՞ ոչ, օգտվո՞ւմ են այդ գործիքից։ Արձանագրել ենք, որ կայքի այցելուների 70 տոկոսից ավելին նախընտրում են լսել աուդիո տարբերակը, քան կարդալ տեքստը։ Հատկապես եթե տեքստը երկար է լինում, ավելի շատ լսում են, քան կարդում։ «Առավոտի» հետ կապված շատ մարդիկ ուրախացել էին, որ հենց Արամ Աբրահամյանի ձայնով էր կարդացվում»,- ասաց նա։
Ընդհանուր առմամբ ստեղծման օրվանից Virtual Solutions-ի այս նորարարության միջոցով 20 հազար հոդված է վերածվել աուդիո տարբերակի, որը կազմում է մոտ 600 ժամ։
«Մեր մոդելները շատ լավ կարդում են լրատվական տեքստեր, քանի որ մեր ունեցած տվյալների բազան լրատվական է, որի հիման վրա ստեղծել ենք մոդելներին, այն հեղինակային իրավունքով պատկանում է մեզ։ Այսինքն՝ ունենք մեր կրթական ծրագիրը՝ մոդելներին կրթելու համար։ Փորձ ունենք նաեւ փոթքասթերի վերաբերյալ, մեր խոսակները կարողանում են փոթքասթը վերածել աուդիո տարբերակի»,- ասաց Ղևոնդ Ղազարյանը։
Կարդացեք նաև
Virtual Solutions-ի կայքում կա նաեւ «խոսքից տեքստ» (Speech to text) տարբերակը, այսինքն՝ մարդիկ կարող են իրենց աուդիո կամ վիդեո պրոդուկտը ներբեռնել համակարգ, համակարգը կստեղծի դրա հայերեն տեքստը։ Դա այս պահին օգտագործվում է հայերեն ֆիլմերի ու մուլտֆիլմների սուբտիտրեր գեներացնելու համար, որը կհեշտացնի լսողական խնդիրներ ունեցող մարդկանց կյանքը։
«Virtual Solutions-ի կայքում այս պահին կան 4 խոսնակի ձայներ, որոնց ձայնը հեղինակային իրավունքով պատկանում են ընկերությանը։ Փորձում ենք այդ թիվը հասցնել 10-ի։ Մեր «տեքստից խոսք», «խոսքից տեքստ» ծառայություններն այս պահին փորձում ենք ներդնել Հայաստանում ամենամեծ կրթական համակարգում, որն օգտագործվելու է մեծ քանակով աշակերտների կողմից»,- նշեց Ղևոնդ Ղազարյանը։
Virtual Solutions-ը տալիս է հնարավորություն հայերեն տեքստ պարունակող լուսանկարը վերածելու աուդիո տարբերակի։ «Ունենք նաեւ նոր պրոդուկտ նորությունների տեսության համար՝ ստեղծվում է տեսանյութ արհեստական բանականության ձայնով, որը կարող եք օգտագործել սոցցանցերում»։
Սա էլ օրինակը․
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ