Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում են հերթական խաղահրապարակի տեղում բարձրահարկ շենք կառուցել, բնակիչները թույլ չեն տալիս

Փետրվար 09,2025 16:57

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 30, 32, Լազոյի փողոցի 4, 6 շենքերի եւ Կաշեգործների փողոցի սեփական տների բնակիչները հերթական անգամ հավաքվել են վերոնշյալ շենքերի եւ Կոմիտասի անվան զբոսայգու միջեւ գտնվող միակ խաղահրապարակում՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու եւ թույլ չտալու խաղահրապարակը քանդելու եւ տեղը 18 հարկանի բազմաբնակարան շենք կառուցելու Երեւանի քաղաքապետարանի մտադրությանը:

Բնակիչները պատմում են, որ մանկական խաղահրապարակը արդեն երկար տարիներ գրգռում է քաղաքային իշխանությունների ու տարբեր կառուցապատողների ախորժակը: Նրանց խոսքով, տարածքը իրենցից թաքուն սեփականաշնորհվել է ու, մեկը մյուսին վաճառելով, արդեն չորրորդ սեփականատերն է ի հայտ եկել, որի ով լինելը իրենք, բնականաբար, չգիտեն:

«Նախ, մեր շենքերն առանց այդ էլ վթարային են կամ դրան մոտ վիճակում, բնակարաններից շատերի պատերը ճաքեր են տվել: Նայեք, դիմացի մայթին էլ մեզանից մոտ 200 մետր հեռավորության վրա բազմահարկ շենք է կառուցվում: Երբ այդ շենքի հիմքերն էին փորվում, մեր շենքերի պատերը ցնցվում էին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվի, եթե մեր շենքերից ընդամենը մի քանի մետրի վրա փորման ու պայթեցման աշխատանքներ իրականացնեն եւ 18 հարկանի բազմահարկ կառուցեն: Բացի դա, սա այս տարածքի միակ բացօթյա խաղահրապարակն է, որտեղ մեր երեխաները խաղալու հնարավորություն ունեն: Այստեղ ժամանակին բացօթյա լողավազան, թենիսի կորտեր էլ են եղել, որտեղ շատ լուրջ մրցումներ էին անցկացվում: Դրանք աստիճանաբար վերացրին ու հիմա էլ խաղահրապարակը վերջնականապես քանդելու նպատակ են դրել, ինչը արդեն այս անգամ թույլ չենք տալու:

Պատկերացնո՞ւմ եք,  այս ավերն իրականացնելու մեջ ներգրավված անձանց երբ ասում ենք, որ բարձրահարկ շենքը կառուցելու դեպքում մեր բնակարանները բնական լուսավորությունից կզրկվեն, ցինիկաբար պատասխանում են՝ ոչինչ, առանց այդ էլ ձեր բնակարանները դեպի հյուսիս են նայում:

Քաղաքապետարանում մեզ հակադարձում են, թե խաղահրապարակը նորմալ վիճակում չէ: Բայց մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ քաղաքային իշխանությունները չգիտենք որ թվականին համայնքային տարածքը վաճառել են մասնավորին: Մենք՝ շենքերի եւ սեփական սեկտորի բոլոր բնակիչներս, մեկ անգամ չէ, որ առաջարկել ենք, որպեսզի տարածքը վերադարձնեն համայնքին եւ մենք՝ բնակիչներս, մեր միջոցներով այնպես կբարեկարգենք, որ այն օրինակելի կլինի ամբողջ Երեւանում ու հանրապետությունում»,- նշված հասցեների հազարավոր բնակիչների անունից ասում են բողոքի ակցիայի մասնակիցները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728