Ջրվեժի անտառպուրակին հարակից տարածքում նախորդ տարվա հունիս ամսից շինաղբ են լցնում, այս մասին ահազանգում են քաղաքացիները։ Անտառպուրակում զբոսնող քաղաքացիները «Առավոտի» հետ զրույցում ասում են, որ անտառպուրակի հարակից ձորակ ամեն օր մեծ քանակությամբ շինաղբ է լցվում։ Քաղաքացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ դիտարկում է իրականացրել՝ երկու ժամվա ընթացքում 30-40 մեքենա շինաղբ է լցվել տարածք։ «Շինաղբի փոշին բարձրանում է, ապականում է տարածքը, այստեղ ոչ միայն անտառպուրակն է, կան նաեւ բնակելի շենքեր»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացներից մեկը։
Քաղաքացիներից Ռուզաննա Արզումանյանն ասաց․ «Գնացի զբոսնելու անտառպուրակում, ես ինքս իմ աչքով տեսա, թե ինչպես են բեռնատարները շինանյութը տանում ու լցնում այնտեղ։ Ես մեկ ժամ զբոսնեցի այնտեղ, այդ ընթացքում 15-20 մեքենա աղբ բերեցին թափեցին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե դա սկսել են թափել հունիս ամսից, ի՞նչ է լինելու։ Ես եկա ու զանգահարեցի քաղաքապետարանի թեժ գիծ, այնտեղից ասացին՝ տարածքը Կոտայքի մարզին է պատկանում։ Զանգեցի Կոտայքի մարզպետարան, ասացին՝ մենք ուշադրության տակ կվերցնենք խնդիրը։ Իմ զանգից հետո անցել է մեկ ամիս, ամեն օր շարունակում են տարածքում աղբ լցնել»,- ասաց նա։
Մարդիկ նշում են, որ քամիների ժամանակ այդ շինաղբի ամբողջ փոշին լցվելու է անտառպուրակի տարածք, տուժելու են նաեւ հարակից շենքերի բնակիչները։ «Ամեն ինչ պետք է ապականվի՞ այս երկրում, ես չեմ հասկանում, այս ի՞նչ բարձիթողի վիճակ է։ Շինաղբը տարեք հեռու լցրեք, ոչ թե պուրակի տարածքում, այդ անտառպուրակը հանգստի բացառիկ գոտի է, քաղաքի կենտրոնում օդը կեղտոտ է, մարդիկ սիրում են գալ այնտեղ զբոսնել, քանի որ մաքուր օդ է»,- ասաց նա։
Մեզ ահազանգած քաղաքացիները զարմացած են պատկան մարմինների անտարբերության վրա եւ հույս ունեն, որ հարցը բարձրաձայնելու դեպքում Կոտայքի մարզպետարանը կամ մյուս իրավասու մարմինները հստակ քայլեր կձեռնարկեն։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ