Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի՞ համար էր Մեղրիի հարցի շուրջ այս ամբողջ արհեստական, հորինովի աղմուկ-աղաղակը․ «Հայացք Երևանից»

Փետրվար 09,2025 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեղրիի շուրջ աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ «Ազատություն»-ը հունվարի 30-ին հրապարակեց մի տեսանյութ, որը կրում էր «Երբ, ով եւ ինչ է բանակցել Մեղրիի վերաբերյալ՝ ըստ «Պետդեպ»-ի գաղտնազերծած փաստաթղթերի» վերտառությունը։ Իսկ հաջորդ օրը՝ ասես հույժ պայմանավորվածությամբ, Փաշինյանը կառավարությունում հավատարմագրված լրագրողների համար մամուլի 4-ժամյա ասուլիս տվեց եւ առիթն օգտագործեց՝ արծարծելու հատկապես Մեղրիի թեման՝ իր սուբյեկտիվ ընկալման դիտանկյունից, ինչը, սակայն, միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Փաշինյանի խոսքով՝ հենց այդ գաղտնազերծված թեմայի առնչությամբ էր վերջերս բանավեճի հրավիրել ՀՀ երեք նախագահներին եւ մերժվել: Այժմ, ըստ նրա, վերոնշյալ դիվանագիտական փաստաթղթերի հրապարակումը լիովին անիմաստ է դարձրել բանավեճերի թեման. «Հիմա ես նույնիսկ կարող եմ ասել բանավեճի չեմ էլ հրավիրում երեք նախագահներին, որովհետեւ բանավիճելու բան այլեւս չկա»,- նշել է նա: Հիշեցնենք, որ բանավեճի թեման վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այն հայտարարությունն էր, թե 1996թ.-ից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացը Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ներառելու մասին է եղել:

«Կիսահում» այս թեզը հրապարակ նետելու պատճառ Փաշինյանն ուներ՝ նախեւառաջ Արցախի հանձնումն արդարացնելու եւ դրա մեղքը նախկինների վրա բարդելու առումով: Երկրորդ ոչ պակաս կարեւոր հանգամանքը պայմանավորված է ԱԺ 2026 թվականի ընտրություններով, որոնց ընդառաջ ունի անհուսորեն գահավիժած վարկանիշ եւ այն ջանում է կարգավորել ցանկացած գնով, այդ թվում՝ ՀՀ նախկին ղեկավարների հանդեպ հանրորեն ցուցադրած քաղաքական լաչառությամբ, ինչին ամենալավն է տիրապետում: Ձեռքի հետ էլ, որոշակի առիթ է՝ վատաբանելու բուն բանակցային գործընթացը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, որը ցրելու գործում Ալիեւի հետ պայման ունի կապած:

Վերադառնալով «Ազատությանն» ԱՄՆ «Պետդեպ»-ի տրամադրած բուն նյութին, դժվար չէ նկատել, որ սույն հրապարակման մեջ առանձնապես «գաղտնազերծումներ» կամ, առավել եւս, սենսացիաներ չկան: Փաշինյանի մեկնությամբ՝ 90-ականների վերջերից Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ «բանակցություններ են ընթացել Մեղրին Արցախով փոխարինելու շուրջ»: Է՛, շատ բարի, հետո՞ ինչ… Մեղրին ցայսօր Հայաստանի մաս է ու Հայաստանի վերահսկողության տիրույթում, եւ սա անառարկելի փաստն է: Իսկ ա՛յ, ձեր բանակցած Արցախը՝ Հայոց բարեբեր ոստանը, որ հազարամյակների փառապանծ պատմություն ունի, էթնիկ զտման ենթարկված, հայաթափված՝ անցել է թշնամու ձեռքը: Եվ սա եւս անառարկելի փաստ է:

«Ազատության» հրապարակման բովանդակությունից տպավորություն է, թե նախագահ Քոչարյանը Մեղրին տալիս էր, իսկ Ալիեւը, որ բավական բարձր տրամաչափի պետական-քաղաքական փորձառու գործիչ է, հրաժարվում էր այն վերցնել. սա զավեշտի ժանրից է, որին միայն փաշինյանական անուղեղ ժեխերը կարող են հավատալ: Մանիպուլյատիվ հաջորդ հնարքն ավելի նուրբ է օգտագործված՝ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների (հիմնականում՝ թուրք, ազերի եւ ամերիկացի) ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն այդ բանակցությունների վերջնարդյունքն է եւ որտեղ ամրագրված է, որ Մեղրին չի փոխանակվելու:

Հայ հանրությունը գոհ ու երախտապարտ կլինի ԱՄՆ «Պետդեպ»-ից ֆինանսավորվող «Ազատությանը», եթե հրապարակի արցախյան կարգավորման բանակցությունների վերաբերյալ «Քի Վեսթի», «Մադրիդյան սկզբունքների» փաստաթղթերը եւ, հատկապես, 2018-ի իշխանափոխության ժամանակ Մինսկի խմբի համանախագահների՝ կողմերին ներկայացրած առաջարկը, որը շատ փորձագետների կարծիքով՝ ամենահայամետ փաստաթուղթն է: Եվ, ընդհանրապես, ճիշտ կլիներ հրապարակել ՄԽ կողմից արված բոլոր պաշտոնական առաջարկները եւ իշխանությունների՝ դրանց տված պաշտոնական պատասխանները՝ ընդհուպ մինչեւ ներկա ժամանակներ:

Այս փաստաթղթերի հրապարակմամբ մեկընդմիշտ վերջ կդրվեր Նիկոլ Փաշինյանի եւ նրա արբանյակների այն մեծ ստին, թե Արցախի առաջին պատերազմից հետո խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի նպատակը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելն է եղել: Սա բազմաթիվ հրապարակումներով, մասնագիտական դիտարկումներով արմատապես հերքված թեզ է: Ուրեմն ինչի՞ համար էր Մեղրիի հարցի շուրջ այս ամբողջ արհեստական, հորինովի աղմուկ-աղաղակը: Չլինի՞ մանրից «Զանգեզուրի միջանցքը» տալու հող է նախապատրաստվում…

 

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728