Պատմական մի սեղմ ակնարկ. Եվրոպական միջնադարում իշխանության՝ իշխելու հիմքը Աստվածն էր. այսինքն՝ կար աստվածային իրավունք, որը միապետին տալիս էր իշխելու իրավունք: Վերջինս պատասխանատու էր միայն Աստծո առջեւ՝ բնականաբար եկեղեցու միջնորդությամբ: Հետո եկավ Լուսավորության ժամանակաշրջանը, եւ իշխանության աստվածային հիմքը կասկածի տակ դրվեց: Ժան-Ժակ Ռուսոյի ձեւակերպմամբ՝ որոշվեց, որ տիրակալն այսուհետ պետք է պայմանագրային հիմունքներով համաձայնության գա ժողովրդի հետ, ինչից էլ ծնունդ առավ հանրային պայմանագիր հասկացությունը: Ամենայն հավանականությամբ՝ այստեղից է սերում հայկական ոչ խերով «Քաղպայմանագիրը», որն այսքան չարիքներ բերեց եւ շարունակում է բերել հայ ժողովրդի գլխին: Բայց մենք դրան դեռ կգանք:
Հետագայում եւս իշխանության՝ իշխելու իրավունքի կռվանները տեղի ու ժամանակի յուրահատկություններին համահունչ՝ տարբեր դրսեւորումներ էին ստանում: Նապոլեոնի կառավարման տարիներին, օրինակ, Ֆրանսիայում իշխելու իրավունքի հենարան դարձան ռազմական հաղթանակները, ԽՍՀ Միությունում՝ ճնշված դասակարգերի՝ բանվորների ու գյուղացիների շահագործման դեմ պայքարը, իսկ 1990-ականներից աշխարհում գերիշխող տեսլականն այն է, որ իշխելու նախապատվությունը պատկանում է մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանության առաջամարտիկներին:
Հիմա նորից գանք հայկական իրականություն եւ փորձենք հասկանալ, թե որն է, ի վերջո, գործող իշխանության՝ «Քաղպայմանագրի» իշխելու իրավունքը: 2018-ին այն իշխանության էր եկել՝ ծրագրահենքում ունենալով երկու հիմնական գաղափար. ա/ կոռուպցիայի դեմ պայքարի ու «նախկինների թալանածը» պետբյուջե վերադարձնելու ռազմավարություն եւ բ/ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերում: Գետնի վրա, սակայն, հակառակ պատկերն է՝ կոռուպցիայի ծավալներն աննախադեպ մեծացել են, արտաքին պարտքը՝ կրկնապատկվել, 6 մլրդ դոլարից հասնելով ավելի քան 12 մլրդ դոլարի: Իսկ ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա այն կարելի է շատ խորը թաղել եւ մոռանալ գերեզմանի տեղը:
Գործող իշխանությունը, հետեւաբար, սպառել է իշխելու իր իրավունքը՝ թեպետ այն չի էլ ունեցել ի սկզբանե, ինչը եւ պահանջվում էր ապացուցել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում