ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով:
Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ներկայացրել է ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Օրենքների փաթեթի նպատակն է` բուհերի հետ համագործակցությամբ նոր աշխատակիցների մուտքի ապահովումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների խթանումը:
Կարդացեք նաև
Հայկ Ենգիբարյանն անդրադարձել է նաև նախարարության 2025թ. ծրագրերին ու միջոցառումներին, նշել, որ դրանք միտված են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ընդգծելով հատկապես «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որն անշուշտ ամենասպասվածներից է։ Ենգիբարյանը հայտարարել է՝ միջոցառման ընթացքում կտրվի նաև «Ներուժ 6.0»-ի հայտերի ընդունման մեկնարկը։
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը։ Նա ներկայացրել է հանդիպման նպատակը, նշել, որ մեր հայրենակիցները՝ մասնավորապես հայրենադարձները, սփյուռքը բավարար չափով տեղեկացված չեն իրականացվող ծրագրերին, և հանդիպումը նպատակ ունի հանրայնացնել այդ ծրագրերը։
Միջոցառման ընթացքում մանրամասնորեն ներկայացվել են նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, Plag and Play «Աքսելերացիոն ծրագիրը», «Գաղափարից մինչև բիզնես», «Հաքաթոն», «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն», ինչպես նաև գործող կրթական և դրամաշնորհային այլ ծրագրերը:
Հանգամանալից ներկայացվել է նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող արտոնությունները և աջակցման ուղղությունները:
Հանդիպմանը նաև ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել «Ներուժ» ծրագրի շահառուները:
Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են ուղղվել բանախոսներին, որոնց հանգամանալից պատասխաններ են տրվել։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն