ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին
Հարց առաջին։ Վաշինգտոնում Փաշինյանը հայտարարեց, որ «Պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ պնդումը։
Պատասխան։ Փաշինյանը վաղուց է վա-բանկ գնացել՝ Հայոց ցեղասպանության, Արցախի, մեր ազգային ինքնության դեմ։ Որքան անպատիժ է մնում նա, այնքան ավելի ցինիկ եւ զարհուրելի են դառնում նրա զեղումները։
Маски сброшены, господа, ինչպես ասում են։ Նիկոլը հանում է 2018-ին հագած իր գառան դիմակը, հայ ժողովրդին որպես գառան դմակ դեմ տալով թյուրքական գայլերին։ Նա ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին ես եւ իմ ընկերները զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից։
Կարդացեք նաև
Իր վաշինգտոնյան զառանցանքը նույնն է, ինչ ոտքերը վթարում կորցրած գեր մարդուն համոզես, որ երկու վերջույթների ամպուտացիան նրան շանս է տվել քաշ գցել։
Սա նույն ցինիզմն է, երբ երեխաներին կորցրած հորն ու մորն ասես, թե ձեր որդիների մահով դուք շանս ստացաք ավելի շատ ուտելու։ Պատկերացրեցի՞ք նրա ասածի ողջ ողբերգականությունն եւ նրա քարոզիչների ողջ անբարոյականությունը։
Ի դեպ, ֆիքսեք նաեւ աշխարհի թիվ մեկ եւ ամենաուժեղ կայսրությունում արված նրա մեկ այլ անհեթեթ հայտարարությունը. «Բացարձակապես տարբեր բաներ են, երբ կայսրության քաղաքացի ես ու երբ անկախ ու ժողովրդավարական երկրի քաղաքացի ես»։ Պատկերացնո՞ւմ եք ամերիկյան վերնախավի դեմքը՝ սա լսելիս։
Հարց երկրորդ։ Ի՞նչ է կատարվում Ոուսաստան-Ադրբեջան հարաբերություններում, եւ ինչպե՞ս Հայաստանը կարող է օգտվել դրանից։
Պատասխան։ Մոսկվա-Բաքու հարաբերությունների լարումը կանխատեսել էի դեռ 3 տարի առաջ։ Ակնհայտ էր, որ Ալիեւը օգտագործելու է Նիկոլի հակառուսականությունը Մոսկվայից բարեհաճ վերաբերմունք եւ բոնուսներ ստանալու համար՝ հոգու խորքում ատելով Պուտինին նույնիսկ ավել, քո Փաշինյանը։
Ռուսական շրջանակները կուլ էին տվել այս խայծը, եւ փորձագիտական շրջանակներում նույնիսկ քննարկում էին Հայաստանը որպես ռազմավարական դաշնակից Ադրբեջանով փոխարինելու հեռանկարը։
Իրականում սա Էրդողանի քավորությամբ Ալիեւ-Փաշինյան համատեղ օպերացիան է Ռուսաստանին Հարավային Կովկասից վերջնական դուրս մղելու համար։
Եթե 2015-ի նոյեմբերին ՌԴ նախագահը Սիրիայում թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը անվանեց «нож в спину», ապա Ալիեւի պահվածքը Մոսկվայի հանդեպ հանգիստ կարող է կոչվել «удар ниже пояса»։
Պատասխանիցս ակնհայտ է, որ Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք կարող օգտվել այս զարգացումներից, այլեւ այս խաղի մասն ենք՝ Ադրբեջանի կողմից։
Հարց երրորդ։ Նիկոլը շարունակում է քայքայել մեր ինքնությունը՝ հիմա էլ սեւեռվելով Հայոց ցեղասպանության դեմ արշավի վրա։ Դրա դեմը ո՞նց առնենք։
Պատասխան։ Հայոց ցեղասպանությունն ուրանալով՝ Փաշինյանը երկու նապաստակ է փորձում խփել միանգամից. հաճոյանալ Թուրքիային եւ խորացնել կոնֆլիկտը Մոսկվայի հետ։
Հայոց ցեղասպանությունը միջազգային քաղաքական օրակարգի մի մասն է, եւ տարբեր երկրներ այն հաշվի են առել կամ աչք փակել՝ սեփական շահերից ելնելով, ինչպես այլ ցեղասպանությունների դեպքում։
Այդպես են վարվել գրեթե բոլորը՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Իսրայելը։ Եվ այդ հարցում միջազգային բարենպաստ իրավիճակից ճշգրիտ եւ շահավետ օգտվելն է եղել հայկական դիվանագիտության ուղղություններից մեկը։
Աշխարհը կարող է շարժվել եւ առաջնորդվել սեփական շահերով՝ ըստ անհրաժեշտության ճամարտակելով կամ մոռանալով արժեքների մասին: Բայց բացահայտ սրիկայություն է Հայաստանում եւ Հայաստանի ղեկավարի աթոռին նստած մարդու կողմից նման պահվածքը։
Եվ կատարյալ հիմարություն է որպես սեփական մանկուրտության «փաստարկ» օգտագործել սովետական կայսրության մասին թեզերը։ Համաձայնեք, որ առողջ բանականություն ունեցող մարդը դժվար հավատա, որ սովետական/ռուսական հատուկ ծառայությունների կամ քարոզչության շնորհիվ է Եվրոպական Միությունը 1987-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կամ նույն որոշումը ընդունել են Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Չեխիան, Հունաստանը, Կիպրոսը, Լյիւքսեմբուրգը, Բալթյան երկրները, Իտալիան եւ այլք։
Ի դեպ, Բրյուսելը ոչ միայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այլեւ «նախկինների» օրոք Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը դիտում էր որպես Անկարայի՝ Միությանը անդամակցելու նախապայման։
Հարց չորրորդ։ Ինչպե՞ս եք գնահատում նիկոլական քարոզչամեքենայի թեզը, որ ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով։
Պատասխան։ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը հղի է բազմաթիվ այլ ռիսկերով։ Քանիցս խոսվել է նաեւ այն մասին, որ ԵՄ շուկայում մեր հիմնական արտահանելի ապրանքներն ու ծառայությունները, ավաղ, մրցունակ չեն։ Բավարար է նայել պաշտոնական վիճակագրությանը։
Բերեմ մեկ թարմ փաստարկ եւս։ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի դարձավ Եվրոպական Միության GSP+ առեւտրային ռեժիմի շահառու։
Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդը ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։
Իսկ տարադրամի փոխարժեքների հետ 2018-ից սկսած եւ մինչ այսօր շարունակվող խաղերի արդյունքում (դրամի արհեստական կուրս) Հայաստանը հանվեց ծրագրի շահառուների ցանկից 2022 թվականի հունվարի 1-ից։
Ի մի բերելով՝ կարող ենք փաստել, որ, այո, եվրոպական շուկան եվրասիականից մոտ երեք անգամ մեծ է, բայց մեզ համար տասնապատիկ անգամ անմատչելի։ Ուստի «ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» պնդումը հերթական բացահայտ սուտն է։
Հարց հինգերորդ։ Մոսկվայում սպանված «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան շուրջ ծանր քննարկումներ եղան Հայաստանում։ Ձեր կարծիքը ինչպիսի՞ն է։
Պատասխան։ Չմտնելով բուն ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մեջ՝ այդ սպանությունից մի քանի հետեւություն ներկայացնեմ, որոնք վերաբերում են հենց հայ ժողովրդին։
1. Ուկրաինական պատերազմում երկու կողմից էլ ներառված են մեր հայրենակիցները, ինչը անխուսափելի էր՝ հաշվի առնելով Ռուսաստանում բնակվող մոտ 2.5 միլիոն եւ Ուկրաինայում՝ մոտ 300 000 հայերի ներկայությունը։
2. Այդ հսկայական մարդկային ռեսուրսը ներգրավված է այլոց ազգային եւ պետական շահերի գործընթացներում, երբ բուն Հայրենիքը նույնպես խոր ճգնաժամի մեջ է հայտնվել։
3. Այդ համատեքստում հենց հայի կողմից հայի սպանությունը վկայում է այն մասին, որ ազգային համերաշխության կարմիր գծերը տոտալ տրորվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։
4. Հայաստանն իր հերթին փաշինյանական ռեռիմի պարագայում ոչ թե տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցների համար միավորող եւ հաշտեցնող հարթակ է, այլ ազգային տրոհման եւ քայքայման հիմնական աղբյուր։
5. Արձանագրելով Հայաստանում իշխանամերձ շրջանակների անթաքույց հրճվանքը այդ սպանության շուրջ՝ փաստենք, որ բռնությունն ու հակառակորդների ֆիզիկական ոչնչացումը Նիկոլենց համար ֆուլլ օկ են։ Հետեւություններն արեք ինքներդ։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
07.02.2025