Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթացիկ որևէ այլ քայլ և գործողություն չի լինելու, այն պետք է լինի վերջնական և հաղթանակի մարտը»․ Բագրատ սրբազան

Փետրվար 08,2025 14:10

«Իրական առաջնորդության բացակայությունն է իրականության մեջ մեր կյանքի ձախողումների ամենամեծ պատճառներից մեկը»,-Ֆեյսբուքյան հրատապ եթերի ժամանակ հայտարարեց Բագրատ սրբազան Գալստանյանը:

Ըստ նրա՝ ականատես ենք լինում առաջնորդության չգոյությանը և դա արդարացնելու համար ականջալուր ենք լինում, որ մենք ապրում ենք այդ իրականության մեջ։ Նա հավաստիացրեց՝ մեղքը շալակած չենք կարող գտնել ազատություն․ «Իրական առաջնորդը ոչ թե պետք է առաջնորդվի իր անցյալի բեռով, այլ ապագայի տեսիլքով պետք է գա ներկա։ Անցյալի բեռով մեղքը շալակած, բոլոր տեսակի ձախողումներով չես կարող մուտք գործել ներկա ու փորձել ընթանալ առաջ և քեզ հետ միասին մի ողջ հասարակության մատնել պարտության, ձախողման, անկման, կործանման և փորձել արդարացնել սեփական ձախողումները, որոնք անուղղակի կերպով և ուղղակի ազդեցությամբ տարածվում են բոլոր նրանց վրա, որոնք այդ առաջնորդության տիրույթում են ապրում՝ պետություն, ժողովուրդ»։

«Բավարար չէր ցեղասպանության ժխտումը, ուրացումը չարիքի կողմից, նաև շարունակությունը իր ու իր արբանյակների միջոցով նահատակության գաղափարի պղծմամբ։ Սա այն է, ինչ փորձում է ներկայացնել՝ թեպետ մեզ հասած տեղեկություններն այլևս շատ հաճախ մարդիկ ոչ էլ լսում են։ Բայց երբ տեսնում ենք այն լսարանը, որտեղ այն ներկայացվում է, և որևէ կերպ արձագանք ու պատասխան չի լինում, ակնհայտ մտածում ես ամլացած լինելու, կամ վախերի մասին, որ պատած կարող է լինել տվյալ մարդկանց։ Խոսքս վերջերս ԱՄՆ-ում չարիքի ունեցած ելույթն էր այն բազում չակերտավոր երջանիկ դեմքերով չակերտավոր սփյուռքահայերի առաջ, որոնք մեծ մասամբ տարել են ցեղասպանությունն անձնական կյանքում, նաև իրենց՝ որպես ժառանգություն ու ավանդ մեծ հայրերից ու մայրերից ստացել են, թե ինչպես կարելի է նահատակության միջոցով հաղթել։ Նահատակությունը մեռելություն, պարտություն չէ, չի նշանակում անգիտակից կերպով գնալ մահանալու»։

Բագրատ սրբազանը ևս մեկ անգամ ահազանգեց՝ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը հենց առաջնորդության չգոյությունն է պետական իմաստով, հենց այդ առաջնորդության անգաղափար, անսկզբունք լինելն է։ Նա խոսեց ժողովրդի կողմից իր նկատմամբ ճնշումների մասին․ «Ամենօրյա ճնշման ներքո եմ գտնվում մեր սիրելի ժողովրդի կողմից, որոնք չեն դադարում անընդհատ հարցադրում կատարելու՝ ե՞րբ ենք հեռացնելու այս չարիքին։ Հեռացնելու ենք այս չարիքը ճիշտ այն ժամանակ, երբ մենք ուղղակիորեն պատրաստ կլինենք այն իրականացնելու և իրագործելու։ Ոչ թե միայն հոգու պատրաստության մասին է խոսքը, որը յուրաքանչյուրն ունի այս պահին, այլ տարաբնույթ այլ պատրաստությունների մասին։ Դա մեր հաղթանակի կռիվը պետք է լինի, ընթացիկ որևէ այլ քայլ և գործողություն չի լինելու, այն պետք է լինի վերջնական և հաղթանակի մարտը։ Սա մեր ազգային ազատագրական պայքարն է, սա մեր քաղական, կրթական պայքարն է, մեր արժեքների ընտրության պայքարն է, և մենք կոչված ենք այդ ընտրության մեջ հաղթանակ կռելու և կնքելու մեր սեփական ուժերով և մեր գիտակցված նահատակության ընթացքում սիրո զորության և զգաստության միջոցով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728