«ՔՊ թիմն արդեն գոյություն չունի, մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել»,- Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նա, խոսելով իր քաղաքական կենսագրությունից, ասաց․ «2019-ին կրկին ռեյտինգային համակարգով ստացա ավելի քան 3500 ձայն։ Այդ դեպքում մեծ էր վարչապետի գործոնը, բայց կներեք, ես էլ ուսապարկ չէի, և ինձնից ինչ-որ բան ներկայացնում էի»։
Հակոբ Ասլանյանը նշեց՝ ՔՊ-ում ամեն ինչ արել են, որ առողջ ու անկաշկանդ մթնոլորտ ապահովեն, բայց չի հաջողվել․ «Մեզ չհաջողվեց ուսապարկիզացիայից դուրս գալ։ Այդ գործընթացը հասավ իր տրամաբանական արդյունքին, և մենք այսօր ունենք մեկ անձի իշխանություն։ ՔՊ թիմն արդեն գոյություն չունի, մարդկային այն համախումբը, որտեղ ամեն ինչ արվում է մեկ անձի կամքով, չի կարող թիմ անվանվել»։
Պարզաբանելով, թե ինչու է որոշել Հովիկ Աղազարյանի հետ կուսակցություն հիմնել՝ նախկին պատգամավորն ասաց․ «Կարող էի ինձ չակերտավոր «խելոք» պահել և վայելել մանդատը, հաջորդ ընտրություններում ինձ համար տեղ ապահովել, բայց հանգամանքներն ինձ ստիպում են ցուցաբերել քաղաքական երիտասարդություն, դրա համար էլ պարոն Աղազարյանի հետ նախաձեռնեցինք նոր քաղաքական ուժի հիմնադրում՝ նպատակ ունենալով մեր բազմամյա գիտելիքներն ու փորձը ծառայեցնել ի նպաստ հայոց պետականության կայացմանը»։
Կարդացեք նաև
Հակոբ Ասլանյանը վստահեցրեց՝ իրենց ստեղծած կուսակցությունը քաղաքական կյանք է մտնում ինքնատիպ քաղաքական ծրագրով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ