«Վարչապետի հայտնի խնդրանքը պայմանավորված չէր Արգիշտի Քյարամյանի և իմ մեջ տեղի ունեցած միջադեպով։ Շատ պարզունակ կլիներ, եթե այդպես մտածեինք։ Սա ասում եմ՝ նպատակ չունենալով հիմնավորել, որ այ, դրա համար է, որ կուսակցություն ենք ստեղծել, այլ որ այս գործընթացն օբյեկտիվ իրողության ընթացք է»,- Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա հավաստիացրեց՝ քաղաքագիտության պատմությունը չգիտի մի դեպք, երբ հեղափոխական ճանապարհով գալիս ես իշխանության և քո տված բոլոր խոստումները կատարում ես․ «Կա պահի թելադրանք, էյֆորիա, բայց երբ առերեսվում ես իրականության հետ, հասկանում ես, որ բոլորը հնարավոր չէ կատարել։ Չես կարող երկար ժամանակ լինել իշխանության և քո խոստումները չկատարել, հետևաբար հեռանում ես իշխանությունից։ Մյուս տարբերակն այն է, որ ամեն ինչ անես՝ իշխանությունդ պահես, որ քո ծրագրային դրույթները կյանքի կոչես։ Այդ դեպքում կամ գնում ես դեպի ավտորիտարիզմ կամ դեպի ռեակցիոն իշխանության»։
Հովիկ Աղազարյանի վստահեցմամբ՝ այս իշխանությունը գնացել է դեպի ավտորիտարիզմ․ «Մեկ տարի առաջ արդեն խնդիրներն առարկայացան, որոնք պայմանավորված էին խաղաղության պայմանագրով, ԵՄ դիրքորոշվելու հարցով, և ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ես այդ ճանապարհին խանգարող էի։ Հետևաբար Քյարամյանի ու իմ միջև տհաճ միջադեպը չէր կարող պատճառ լինել, դա ուղղակի առիթ էր»։
Հովիկ Աղազարյանն ասաց՝ կարող է հարց առաջանալ՝ ավտորիտար ռեժիմն ի՞նչ վատ բան է․ «Ուժեղ իշխանությունը և ավտորիտար ռեժիմը տարբեր բաներ են։ Ուժեղ իշխանությունը հենված է օրենքով գործունեության վրա, ոչ թե մի մարդու կամքի վրա։ Ամեն ինչ, երբ դրվում է մեկ մարդու վրա, միևնույն է, ինքն էլ է մահկանացու, ինքն էլ սխալներ թույլ տալու լիմիտ ունի․․․Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ անմիջապես միջամտում է դատական իշխանության գործունեությանը, ապացուցում է, որ ավտորիտարիզմը դասական իմաստով դա է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ