«Մենք պայքարելու ենք, որպեսզի արտահերթ կամ հերթական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը նորից չդառնա ՀՀ վարչապետ»,- Միասնական ազգային սահմանադրական կուսակցության (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Այն մասին, թե ինչու ՔՊ նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ որոշեցին կուսակցություն հիմնել, ասաց․ «Պարոն Ասլանյանը և ես, ունենալով շատ քաղաքական փորձ, մեզ թվում էր՝ մենք կարող ենք օգտակար լինել պետությանը այն իրողություններում, որ հայտնվել ենք ձեզ տեղյակ հանգամանքների բերումով, դա մեզ դրդեց այս քայլին դիմել, որովհետև այլ ֆորմատ մենք չկարողացանք գտնել։ Չկարողացանք նպատակահարմար գտնել այս կամ այն ուժին միանալու, ՔՊ մեր նախկին գործընկերների շրջանում վաղուց մենք ծրագրեր ունեինք, որոնք անընդհատ առաջարկում էինք, երբեմն ընդունվում էին, երբեմն՝ ոչ։ Կարևորագույն հեղափոխական բնույթի առաջարկներ չեն ընդունվել, որոնք կարևոր են մեր պետության համար»։
Լրագրողների հիշեցմանը՝ նշեցիք, որ քննարկումներ եք ունենում նախկին թիմակիցների հետ և հարցին՝ նրանք ովքե՞ր են, Հակոբ Ասլանյանը պատասխանեց․ «Շարքային մակարդակի կուսակցական ընկերներ։ Կան շատերը, որոնք տարբեր հանգամանքների բերումով չեն եկել, շատերը մտածում են՝ էն, ինչ ստեղծված է, իրենց սրտով չէ, դեմ են, թե ոնց մեզ հետ վարվեցին, բայց թիմային հավատարմություն ունեն»։
Հարցին՝ պայքարելու են նաև իշխանափոխությա՞ն համար, ՔՊ-ի հեռացմա՞ն համար, Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրարից շատ են տարբերվում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ