Եթե Ռուսաստանը կորցրեց իր ազդեցությունը Հայաստանում, ապա այդ իրողությունը կարող է հանգեցնել նաև Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալուն։ Ներկայում Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազի ուղղությամբ։ Բայց Հարավային Կովկասի ուղղությամբ թուրքական գործոնի անտեսումը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ այդ երկրի համար։ Իսկ Սիրիայում տեղի ունեցածը Մոսկվան պետք է իր աչքի առաջ ունենա, երբ Թուրքիայի աջակցությամբ ապստամբներն այդ երկրում վերցրին իշխանությունը՝ տապալելով Ասադին, ինչի արդյունքում էլ այսօր արդեն խոսվում է Սիրիայի ռուսական ռազմաբազաները թուրքականով փոխարինելու մասին։
Ու բացառված չէ, որ թուրքադրբեջանական օրակարգի առաջմղման ու Հայաստանի նկատմամբ ճնշումների հետևանքով մի օր էլ Հայաստանը հայտնվի թուրքական ազդեցության տակ, ու կոնկրետ դրվի ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը։ Թեպետ պետք է նկատի ունենալ նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման պարագայում մի օր էլ Ռուսաստանն արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնելու՝ արդեն կապված Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հետ։
Պատահական չէ, որ երբ վերջին շրջանում լարվել են Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները, ապա ադրբեջանական պրոպագանդան Ռուսաստանի դեմ աշխատում է այն մոտիվներով, ինչպես գործում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական մի շարք լրատվականներում նշվում է, թե Ռուսաստանը իրենցից խլել է ադրբեջանական «պատմական հողերը», որոնց վրա իրենք ապրել են «հազարամյակներ» շարունակ։ Ադրբեջանը մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ, քանի որ Ալիևը դժգոհ է, որ Ռուսաստանը չի պատժել մեղավորներին ու փոխհատուցում չի տրամադրել։ Այս համատեքստում Բաքուն ոչ միայն հոխորտում է Ռուսաստանի ուղղությամբ, այլև այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարում են, թե պատրաստվում են դադարեցնել «Ռուսաստանի տան» գործունեությունը։ Ադրբեջանական հեռուստաալիքներում էլ ռեպորտաժ էր գնացել, որում նշվում էր, թե Բաքվում «Ռուսական տանը» «լրտեսների բույն, անջատողականների որջ կա»։ Ադրբեջանական կողմը հակառուսական քարոզչության համար օգտագործում է նաև այն հանգամանքը, որ Իլհամ Ալիևի պետական ինքնաթիռը՝ Բաքու-1-ը, բախվել է արտաքին տեխնիկական միջամտության դեկտեմբերի 25-ին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի համար Սանկտ Պետերբուրգ մեկնելիս:
Թերևս ուշացած, սակայն ռուսական կողմն էլ իր հերթին սկսել է փաղաքշելուց անցնել Ադրբեջանին ատամ ցույց տալուն։ Ավելին, որոշ լրատվամիջոցներ արդեն բացահայտ զգուշացնում են, որ եթե Բաքուն շարունակի ճնշում գործադրել Կրեմլի վրա, ապա նա վտանգում է ոչ միայն կորցնել նրա աջակցությունը, այլ նաև դառնալ սակարկության առարկա աշխարհաքաղաքական մեծ խաղում։ Բայց ռուսաստանցի շատ փորձագետներ կարծում են, որ պետք է ավելի արագ գործել և Ադրբեջանին ցույց տալ իր տեղը, քանի դեռ իրավիճակը չի հասել ծայրահեղի։ Նման սցենարը կանխելու համար Ռուսաստանը պետք է համագործակցի հայկական կողմի հետ և ուժեղացնի իր աջակցությունը Հայաստանին։ Թերևս ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփի նախաձեռնության պարագայում առաջիկայում հնարավոր է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կանգնեն։ Արդեն Մոսկվան կկարողանա ժամանակ տրամադրել Հարավային Կովկասով զբաղվելու համար։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում