Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան․ ԱՄՆ այցը կարող ենք բնութագրել տզրուկի պես կպչելով մի լուսանկար պոկելու, որը հետագայում կկարողանան ներկայացնել իբրեւ թե հարաբերությունների կարգավորման, առաջ մղման գործընթաց․ «Հրապարակ»

Փետրվար 08,2025 10:50

Փաշինյանն իր էջում հաղորդեց, որ փոխնախագահ Վենսի հետ ունեցել է «ճանաչողական հանդիպում եւ լավ խոսակցություն»։ Ի՞նչ ասել է «ճանաչողական հանդիպում», եւ ի՞նչ հետեւություններ կարելի է անել Փաշինյանի ամերիկյան այցից՝ հարցրինք արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին։

«Մեր կառավարող խմբակը տարօրինակ ձեւակերպումներ սահմանելու ռեկորդակիր է, երբեք բարձր մակարդակի պաշտոնյաների հանդիպումը ճանաչողական չի լինում, լինում է փորձագիտական մակարդակով, երբ որ ինչ-որ երկիր գնում են, դիցուք հասկանալու համար՝ հաջողե՞լ են արդյոք որեւէ ոլորտի բարեփոխում, փորձագիտական եզրակացության հիման վրա, որպեսզի սեփական երկրում ձեռնարկեն կամ չձեռնարկեն։ Վարչապետի, նախագահի պարագայում չեն լինում ճանաչողական այցեր, հավանաբար, հանդիպումն այնքան բովանդակազուրկ է եղել, որ ստիպված նման ձեւակերպում է տրվել, որովհետեւ իրենց նախնական պահվածքը՝ ԱՄՆ դեմոկրատական խմբակի կողմից այդ ծրագրերն անվերապահ սպասարկելը, երդվյալ աջակից ներկայանալը, ըստ ամենայնի, այլ տեղ չեն թողել․․․

ԱՄՆ իշխանությունները՝ լինի դեմոկրատական, թե հանրապետական, եթե գործ ունեն մի իշխանության հետ, որոնց մի մատի շարժումով կարողանում են կառավարել, իրագործել իրենց քմահաճույքները, բնականաբար, լուրջ չեն ընդունում այդպիսիներին, եւ չէր էլ կարող լինել խորքային, լուրջ քննարկում։ Եթե այս ամենին զուգահեռենք, որ իշխանության ղեկին նստած անձնավորությունն ամեն կերպ փորձում էր ԱՄՆ նոր վարչակարգի հետ հարաբերություններ ստեղծել, ուստի այս այցը կարող ենք բնութագրել տզրուկի պես կպչելով մի լուսանկար պոկելու, որը հետագայում կկարողանան ներկայացնել իբրեւ թե հարաբերությունների կարգավորման, առաջ մղման գործընթաց»։

Աղաջանյանի գնահատմամբ՝ չնայած ԱՄՆ նախկին վարչակարգը հավաքական Արեւմուտքի հետ Հայաստանի հարցում «դեմոկրատական, լիբերալիստական խորքային պետության ծրագրերով» է առաջնորդվել, որը սարսափելի վնաս է հասցրել մեր պետությանը, Արցախում ցեղասպանության ենք ականատես եղել, սակայն չենք կարող պնդել, որ այդ գիծը կարող է առաջ տանել նաեւ Թրամփի վարչակազմը․ «Թրամփն իր երկիրը հզորացնելու եւ իր հեռահար ծրագրերն առաջ տանելու խնդիր է դրել, այն է՝ Մերձավոր Արեւելքում իր հեռահար դաշնակցի՝ Իսրայելի համար առաջատար դիրքեր ապահովել։ Այո, այստեղ Թուրքիային եւ Ադրբեջանին օգտագործելու խնդիր կա, բայց այնքանով, որքանով որ Թուրքիան լիովին կհպատակվի ամերիկյան ցանկություններին։ Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Թուրքիան էլ իր խնդիրներն է առաջ մղում՝ քրդական պետության հետ կապված, ինչը հակադրվում է ամերիկյան մոտեցումներին։ Այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն գործոն չեն կարող դառնալ, այլեւ անգամ քննարկման առարկա»։

Այսինքն՝ հայ-ամերիկյան ստորագրված փաստաթուղթն առոչի՞նչ է։ «Գիտեք, այդ փաստաթուղթը երկու կարեւոր էլեմենտ է պարունակում, բայց թե Թրամփի վարչակարգը որքանով կանդրադառնա այդ խնդիրներին, դեռեւս պարզ չէ։ Խոսքը սահմանային վերահսկողության հարցում խոստացված աջակցությունն է` հայտարարվեց, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ մաքսային եւ սահմանային պարեկային թիմ կուղեւորվի Հայաստան՝ հայ գործընկերների հետ աշխատելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացման վրա։ Իհարկե, սրա հեռահար նպատակը ոչ միայն ռուս սահմանապահներին մեր սահմանից հեռացնելն է, այլեւ Զանգեզուրի միջանցքի համատեքստում մասնավոր ընկերության կողմից հսկողության իրականացումը: Հավանաբար ակնկալում են, որ դա պետք է լինի ամերիկյան ընկերություն։ Հիմա պետք է սպասել-տեսնել՝ որքանով են այս խնդիրներն ակտուալ Թրամփի վարչակարգի համար, իմ պատկերացմամբ՝ նրանք դեռ հստակ պատկերացում չունեն՝ ինչպես վարվել Մերձավոր Արեւելքի թնջուկի հետ, որից էլ բխում է մեր տարածաշրջանի նկատմամբ անորոշությունը»,- ասաց Աղաջանյանը` ընդգծելով, որ նման իրավիճակում մեզ հնարավորություն է տրվում, որ հանրային աջակցությամբ կարողանանք հեռացնել իշխանություններին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728