Իշխանությունը հետ չի կանգնում բոլոր աշխատողների եկամուտները հայտարարագրելու մտքից, բայց նաև սեփական նախաձեռնության իրականացման ճանապարհին հետքայլեր է իրականացնում, օրինակ՝ չեղարկում է էլեկտրոնային ստորագրության համար վճարվելիք 3000 դրամը կամ էլ հայտարարագրման գործընթացի վերջնաժամկետը երկարաձգում է մինչև նոյեմբերի 1-ը՝ մայիսի 1-ի փոխարեն:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում անդրադառնում ենք հենց այս հետքայլերին՝ որպես վկայություն, որ հայտարարագրելու գործընթաց իրականացնելու որոշումը, կարծես, կայացվել է ոտքի վրա: «Հինգ հետքայլ է տեղի ունեցել, և դա վառ վկայությունն է նրա, որ ոչ թե ոտքի վրա են որոշումները կայացվել, այլ այս ամենը դիլետանտության արդյունք է, և, ընդհանրապես, խորքային պատկերացում չունեն, թե ինչ է եկամուտների հայտարարագրման համակարգը: Դրա համար էլ հետքայլեր են իրականացնում, բայց դրանք իրենց հետ բերում են շատ ավելի լուրջ վտանգներ հասարակության համար, քան առանց հետքայլերի էր: Օրինակ՝ գործընթացի իրականացումը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելն իրավական ակտերով չեն կատարել, եթե չկատարեն, միանգամից վեց ամսվա տույժ է գործելու: Այսինքն՝ մարդը հայտարարագրում է եկամուտը, հարկի գումարից բացի, միանգամից վեց ամսվա տույժը որպես բեռ ավելանում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:
Քաղաքացիների դժգոհությանն անսալով, թե՝ հիմա ամեն 5000 դրամ եկամուտը պետք է հայտարարագրե՞նք, ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվեց շեմ՝ 300 հազար դրամ: Նշվեց, որ մինչև այդ շեմը ստացված եկամուտները քաղաքացին կարող է չհայտարարագրել։ Մեր զրուցակցի խոսքով, այստեղ ևս, այսպես ասած, խաբեություն կա: «300 հազար դրամը չհարկվող շեմը չէ: Հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այդ հետքայլի մասին, բայց եթե մինչև 300 հազար դրամի գործարքը փոխառության կամ նվիրատվության պայմանագրերով ապահովագրված չէ, ապա պարտադիր հարկվում է: Մարդիկ կարող են նրանց լսել, որ մինչև 300 հազար դրամի գումարները չեն հարկվում, բայց հաջորդ տարի շատ լուրջ խնդրի առաջ են կանգնելու, որովհետև մինչև 300 հազար դրամի գործարքներն, այնուամենայնիվ, հարկման ենթակա են», -նշում է նա:
Խութեր ունի նաև սոցիալական փոխհատուցման կետը: Ամենօրյա ռեժիմով ասվում է՝ եթե պետական ուսումնական հաստատությունում սովորող ուսանող ունեք, հայտարարագրեք ձեր եկամուտները, այդ վճարված ուսման վարձից որոշակի գումար հետ կստանաք: «Դա նույնպես խաբեություն է, ցանկանում են մարդկանց շահագրգռել, որ կարողանան հանգիստ, անցնցում եղանակով իրականացնել համակարգի ներդրումը, իսկ վերջում կհրաժարվեն սոցիալական փոխհատուցումից: Նույնը տեղի ունեցավ նաև հիփոթեքային վարկերի եկամտային հարկի փոխհատուցման հետ: Մի քանի տարի փոխհատուցեցին, իրենց շենքերը կառուցեցին, իսկ հետո հիփոթեքային վարկի եկամտային հարկի փոխհատուցումը վերացրեցին: Նույնը տեղի է ունենալու այս համակարգի հետ, կարևոր խնդիր ունեն՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ եկամուտները հայտարարագրելու, դրանից հետո, երբ պրոցեսն անցնցում ներդրվի, և մարդիկ սկսեն հայտարարագրել եկամուտները, այդ 100 հազարների վերադարձն էլ չի լինելու: Հայաստանի Հանրապետության բյուջեն այդքան ներուժ չունի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:
Կարդացեք նաև
Ցանկացած նորամուծություն մեր կյանքում ներդնելիս իշխանություններն առաջնորդվում են միջազգային փորձով: Ասում են՝ Միացյալ Նահանգներում էլ մարդիկ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Թե որքանով են այս համեմատությունները տեղին, հարց ենք ուղղում Սարգսյանին: «Նախ՝ համադրելի չենք ԱՄՆ-ի հետ, որովհետև այնտեղ սոցիալական վիճակը շատ ավելի բարձր է, համադրելի չենք նաև Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, բայց, բացի նրանից, որ համադրելի չենք, այնտեղ իրենք բարի նպատակ են հետապնդում: Իրենց քաղաքացիներին ասում են՝ եթե ձեր եկամուտները չեն բավարարում, որ արժանապատիվ ապրեք, հայտարարագիր ներկայացրեք, որպեսզի համոզվենք, վստահ լինենք, որ չեն բավարարում, ձեզ փոխհատուցում կտրամադրենք: Հայաստանում հակառակ պատկերն է: Վկայակոչում են միջազգային փորձը, բայց Հայաստանում նպատակն ընդամենը հարկումն է: Եթե հանրային խոսույթին հետևեք, միշտ սրա մասին պարզաբանում եմ տալիս, բայց իրենք լռում են, չեն խոսում սրա մասին, որովհետև չեն էլ կարող խոսել, ասելիք չունեն: Սկսենք նրանից, որ դա եկամուտների հայտարարագիր չի համարվում, Հարկային օրենսգրքով դա կոչվում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ: Ոչ թե շեշտը դրված է անձի եկամուտների հայտարարագրման և սոցիալական ծախսերի փոխհատուցման վրա, այլ շեշտադրումը կատարված է անձի եկամուտների հարկման վրա: Սա շատ կարևոր է, սրա միջազգային պրակտիկան գոյություն չունի»,-հավելում է մեր զրուցակիցը:
Եկամուտների վերահսկողություն և հարկում, սրանք են այն երկու բնորոշումները, որոնք տրվում են այս գործընթացին: «Երկու հիմնական նպատակ են հետապնդում: Առաջինը հարկումն է, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և երկրորդը ամբողջ հասարակության տոտալ վերահսկողությունն է:
Յուրաքանչյուր մարդ կատարում է տարբեր բնույթի ծախսեր, նա չի էլ ցանկանա, որ այդ ծախսերը հանրայնացվեն կամ թեկուզ իր մտերիմ շրջապատից որևէ մեկը դրանց մասին տեղեկություն ստանա: Ամենաէլեմենտար հարցն առաջ քաշենք. մարդը դեղատնից դեղ է գնում որոշակի հիվանդության համար, որը հասարակությունից գաղտնի է պահում: Բայց այդ ամենը դառնում է հասանելի ու դառնում է քաղաքական ահաբեկման գործիք՝ եթե չես ուզում, որ քո բանկային գաղտնիքն ուղարկենք ինչ-որ մեկին, ապա մեր կամքը կատարիր: Բանկային գաղտնիքի շուրջ մտահոգություններ ունենք: Հայաստանից կարող է ինֆորմացիայի արտահոսք լինել, մասնավորաբար՝ դեպի թշնամական պետություններ: Վստահ եղեք, որ Հայաստանից ամբողջ բանկային գաղտնիքն արտահոսելու է դեպի Ադրբեջան»,-ընդգծում է նա:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում