Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գործող քաղաքացիական հրաձգարանը Բաքվի քարոզչական ռեսուրսը որպես ահաբեկիչների վարժական կենտրոն է ներկայացրել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Փետրվար 08,2025 10:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանական CBC հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հայաստանում գործող ARM Tactical քաղաքացիական հրաձգարանի վերաբերյալ՝ պնդելով, թե այնտեղ «ահաբեկիչներ ու զինյալներ են վարժանքներ անցկացնում»։

Քարոզչական այս ռեսուրսը պնդել է, թե իբր կենտրոնի հրահանգիչների և վարժանքներին մասնակցողների ինքնությունը «խիստ գաղտնի է պահվում»՝ որպես դրա վկայություն օգտագործելով կենտրոնի սոցիալական մեդիայում մարքեթինգային նպատակներով արված տեսանյութում օգտագործված կադրերը, որոնցում մարզվողներն ու հրահանգիչները դիմակավորված են։

«Փաստերի ստուգման հարթակն» այցելել է ARM Tactical կենտրոն, նկարահանել տարածքն ու զրուցել կենտրոնի տնօրեն և ավագ հրահանգիչ Հրայր Ավետիսյանի հետ։ Նա ներկայացրել է կենտրոնի բաց ու թափանցիկ գործունեությունը՝ հերքելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը։

Կենտրոնի գործունեությունը, ծառայությունների տեսակներն ու արժեքները ներկայացված են սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և  Instagram-ում։

Ահաբեկիչները 2-րդ արցախյան պատերազմում

Ռեպորտաժում պնդում է արվում, որ նախկինում Հայաստանը ևս նման «ահաբեկիչների» է պատրաստել, որոնք մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին։ Ադրբեջանական կողմը չունի որևէ փաստ ու ապացույց, որ հայկական զինված ուժերից բացի, ռազմական գործողություններին ներգրավված են եղել ահաբեկիչներ։

Նշենք, որ վարձկանների ներգրավումը միջազգային իրավունքի խախտում է 1990 թվականին ընդունված Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիայով։ 

Փաստերն ու միջազգային կառույցները, սակայն, հակառակն են պնդում․ Բաքուն է Թուրքիայի օգնությամբ պատերազմական գործողություններին ներգրավել վարձկան ահաբեկիչների։

Այս փաստը հաստատել են ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետներըԵվրոպայի խորհուրդը, ինչպես նաև ԵԽ խորհրդարանական վեհաժողովը։

Ավելին, 44-օրյա պատերազմին մասնակցած երկու սիրիացի վարձկանները՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին, Հայաստանում դատվել են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728