Երևանում հանրային տրանսպորտից՝ ավտոբուսներից օգտվողների 56.1 տոկոսը վճարում է քաղաքապետարանի սահմանած կարգով, 2.5 տոկոսը, որպես թանկացման դեմ բողոքի ակցիա, վճարում է 100 դրամ, 27.2 տոկոսը չի էլ փորձում վճարել, իսկ 14․2 տոկոսը փորձում է վճարել, բայց դա չի ստացվում:
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանում գործում են հանրային տրանսպորտի նոր սակագները: Սակագների փոփոխության գործընթացն ուղեկցվում է նաև վճարման նոր համակարգի ներդրման հետ: Այժմ քաղաքացիները հանրային տրանսպորտով երթևեկության համար կարող են վճարել միայն «Թելսել» հավելվածով, բանկային քարտերով, փաթեթային սակագների քարտերով կամ «Թելսել» տերմինալներից ձեռք բերված QR կոդով թղթիկներով:
«Փաստերի ստուգման հարթակը» իրականացրել է համակարգված դաշտային աշխատանք: Մասնավորապես, մենք դիտարկել ենք 10 երթուղիներում 10 ավտոբուսների՝ պիկ և սովորական ժամերի ուղևորահոսքը ավտոբուսների միջից՝ գրանցելով բոլոր ուղևորների վարքը, մասնավորապես՝ քանի՞սն են վճարում սահմանված կարգով, քանի՞սն են կանխիկով 100 դրամ թողնում ու անցնում առաջ, իսկ քանի՞սն առհասարակ չեն վճարում: Բացի սա, մենք արձանագրել ենք նաև այն դեպքերը, երբ քաղաքացիները փորձել են վճարել, սակայն չեն կարողացել, քանի որ խնդիրներ են առաջացել վալիդատորների հետ:
Նշենք, որ ուսումնասիրությունը կատարվել է փետրվարի 5-ին և 6-ին: 10 երթերից 2-ը եղել են առավոտյան պիկ ժամին, 5-ը` երեկոյան պիկ ժամերին և 3-ը՝ ոչ պիկ ժամերին: Ընտրվել են թե Երևանի կենտրոնով անցնող և թե կենտրոնը շրջանցող երթուղիներ: Դիտորդները, որպես կանոն, հետևել են երթուղուն դրա առաջին կանգառից մինչև վերջին կանգառը՝ նստած լինելով վալիդատորին առավելագույնս մոտիկ: Մետրոպոլիտենը չի դիտարկվել:
Կարդացեք նաև
Այսպիսով, դիտարկման ընթացքում ավտոբուսներ են նստել, ընդհանուր առմամբ, 677 ուղևորներ, որոնց 56.1 տոկոսը վճարել է սահմանված կարգով, 2.5 տոկոսը վճարել է 100 դրամ, 27.2 տոկոսը առհասարակ չի վճարել, 14.2 տոկոսը փորձել է վճարել, բայց չի կարողացել:
Նկատենք նաև, որ վճարել փորձող և չկարողացող ուղևորների մի մասը իրապես ջանք էր գործադրում վճարելու համար, իսկ մյուս մասը, առերևույթ, միտումնավոր էր այնպես անում, որ չվճարի: Մենք, իհարկե, չենք կարող գնահատել, թե վճարել փորձող-չստացվողների որքան մասն էր դիտավորյալ այդպես անում: Նկատվում էին դեպքեր, երբ ուղևորն ակնհայտորեն հին QR-կոդով տոմս էր փորձում վալիդացնել և մերժումից հետո առաջ էր անցնում, բայց լինում էին նաև իրավիճակներ, երբ մի ուղևոր փորձում էր բանկային քարտով վճարել իր և այլ ուղևորի համար, բայց վալիդատորը միայն մեկ վճարումն էր ընդունում:
Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»