Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Ռադիկ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ
– Պարոն Կոստանյան, կխնդրեինք ներկայացնել գիտության, մասնավորապես ֆիզիկայի դերն ու նշանակությունը ժամանակակից հարափոփոխ աշխարհում։
– Գիտությունն ընդհանրապես մարդկության համար ճանաչելի է դարձնում շրջապատող աշխարհը, բոլոր այն երեւույթները, որոնք տեղի են ունենում ե՛ւ բնագիտության, ե՛ւ ընդհանրապես հասարակական, մարդկային կյանքում։ Գիտությունը փորձում է բացատրել, թե ինչպե՞ս են տեղի ունենում այդ երեւույթները, ինչպես են փոխազդում միմյանց վրա, ի՞նչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ։ Գիտությունը մարդկության, հասարակության ապագան կանխորոշող եւ կերտող ուժ կարող է լինել։
Ֆիզիկան բնագիտությունն ուսումնասիրող ոլորտ է, որն առնչվում է գիտության բոլոր բնագավառների հետ, որովհետեւ բոլոր այն երեւույթները, որոնք տեղի են ունենում բնության մեջ, կապված են ֆիզիկական երեւույթների հետ։ Քիմիան, տեխնոլոգիական զարգացումը, անվտանգության հարցերը…բոլորը կապված են ֆիզիկական երեւույթների հետ։ Ֆիզիկան ուսումնասիրում է նյութի ամենափոքրիկ մասնիկներից, նրանց փոխազդեցությունից սկսած, մինչեւ տիեզերական երեւույթներ, տալով դրանց բացատրությունները, գնահատելով դրանց փոխազդեցությունների ռիսկերը, անվտանգության նկատառումները։ Ֆիզիկան զարգացնում է գիտությունը, որի հետեւանքով կարող են առաջանալ նոր տեխնոլոգիաներ, իսկ վերջիններս հանգեցնում են մարդկանց գիտակցության բարձրացման, մեծացնում են երկրի ճանաչելիության մակարդակը միջազգային ասպարեզում, երկրի տնտեսության, արդյունաբերության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրությունը։
Կարդացեք նաև
Կարելի է բերել մեր բաժանմունքի ինստիտուտների օրինակը, որոնք ե՛ւ նոր գիտության ստեղծմամբ են ղբաղվում, ե՛ւ նոր գիտական արդյունքների հիման վրա կարող են առաջարկել ժամանակակից պահանջներին համապատասխան կիրառական լուծումներ։
Բացի գիտության զարգացման հետեւանքով առաջացած նոր մեթոդներից եւ գիտական մտքի «արտադրանքից», արդյունաբերության, արտադրության զարգացման համար անհրաժեշտ նախապայման է նաեւ ներդրումային միջավայրի զարգացումը։ Ինչպես տեսնում ենք, այն երկրները, որոնք ունեն մեծ հզորություն, ներուժ՝ ե՛ւ անվտանգության, ե՛ւ նորարարությունների, եւ տեխնոլոգիաների տեսակետից, դրանք այն երկրներն են, որոնք մեծ ներդրումներ են անում գիտության մեջ։ Որովհետեւ դրանից է կախված արդյունքը. թե գիտական արդյունքը ինչպես կարելի է կիրառել մարդկության կյանքը բարելավելու համար։
Չնայած Հայաստանում կիրառական դաշտը փոքր է, սակայն մեզ մոտ էլ կարելի է զարգացման ուղղություններն ընտրել այնպես, որ ոչ մեծ ներդրումներով զարգացնել նորագույն տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը։ Անվտանգության, ռազմարդյունաբերության մեջ կարեւոր է նանոմասնիկային ֆիզիկան, որը պարունակում է ֆիզիկայի բոլոր ուղղությունները։ Այստեղ ոչ շատ մեծ ներդրումներով կարելի է ստանալ լուծումներ, արդյունքներ, որոնք կիրառական մեծ նշանակություն կունենան անվտանգային խնդիրների լուծման առումով (հետախուզական, հակահետախուզական նոր տվիչների, նոր սենսորների մշակում եւ այլն)։
– Մինչ օրս գիտությունը կարծես ինքնաբավ է եղել։ Գիտական արդյունքները հիմնականում տեսանելի են եղել առավելապես գիտնականների համար։ Սակայն աշխարհում ընդունված է, որ գիտությունը նաեւ լայն հանրության համար պետք է մատչելի լինի, որպեսզի գիտության դերն ու նշանակությունը մեծապես ընկալելի լինի եւ կարեւորվի։ Համեմատաբար վերջերս ՀՀ ԳԱԱ համակարգում ստեղծվեց Գիտության հանրամատչելիացման եւ զարգացման ծրագրերի վարչություն։ Որքանո՞վ եք կարեւորում գիտության հանրամատչելիացման եւ հանրայնացման գործընթացը։
– Նախկինում եւս Ակադեմիայում կատարվում էին աշխատանքներ հանրամատչելիացման ուղղությամբ, սակայն ոչ այսպես համակարգված եւ կենտրոնացված։ Մեր ինստիտուտները մշտական կապ էին ապահովում դպրոցների, երիտասարդների հետ։ Բյուրականի աստղադիտարանն ունի ծրագրեր, որոնք իրականացնում է դպրոցների հետ, կա Վ. Համբարձումյանի անվան դպրոցը, ԵՊՀ-ում կա աստրոֆիզիկայի բաժին, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, որը գտնվում է Աշտարակում, մշտական կապի մեջ է Աշտարակի դպրոցների հետ։ Այս ինստիտուտն ունի համատեղ ամբիոններ Հայ -ռուսական սլավոնական համալսարանում եւ Մանկավարժական համալսարանում, որոնց ուսանողները ինստիտուտում ե՛ւ լաբորատոր փորձեր են կատարում, ե՛ւ ասպիրանտուրա են անցկացնում… Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը ունի համատեղ ձեռնարկություններ ե՛ւ Սլավոնական համալսարանի, ե՛ւ ճարտարագիտական համալսարանի հետ… Սակայն այս բոլոր աշխատանքները կատարվում էին առանց ոլորտը համակարգող բաժանմունքի առկայության պայմաններում։ Վարչության առկայության պայմաններում հանրամատչելիացման եւ հանրայնացման աշխատանքները կարելի է առավել համակարգված, նպատակաուղղված եւ արդյունավետ դարձնել՝ գիտաժողովների, աշխատաժողովների կազմակերպում, ուսուցիչների վերապատրաստում… Վարչության գործունեությունն օգտակար է նաեւ այն տեսակետից, որ գիտության արդյունքները կարող են լայնորեն օգտագործել հասարակության լայն շերտերը։ Բոլորը չէ, որ, օրինակ, պետք է հասկանան, թե ինչպես եւ ինչից է կառուցված համակարգիչը, բայց բոլորը պետք է կարողանան օգտվել գիտության զարգացման արգասիքներից։ Հաջորդը՝ որ կարող է երիտասարդությանը մոտիվացնել գիտնական դառնալու համար։ Օրինակ, հիմա ֆիզիկայով զբաղվող գիտնականների մեծ պակաս կա։ Շատերն ընդունվում են ֆիզիկայի ֆակուլտետներ, ավարտում են, շատ թե քիչ գիտելիքների տեր են դառնում, սակայն հետագայում չեն զբաղվում ֆիզիկայով, տեղափոխվում են տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներ, որովհետեւ այնտեղ աշխատավարձերն ավելի բարձր են։ Ֆիզիկայի բնագավառում մնում են մեծ ունակություններ, հակում ու նվիրվածություն ունեցողները։
– Նախկինում, խորհրդային տարիներին բավականին հանրամատչելի ամսագրեր, գրքեր էին հրատարակվում, գիտահանրամատչելի հեռուստահաղորդումներ էին հեռարձակվում, նկարահանվում էին վավերագրական ֆիլմեր հայտնի գիտնականների մասին, գիտության տարբեր ոլորտների զարգացման եւ նվաճումների մասին։ Այսօր, մեկ-երկու բացառությամբ, այս ամենը գրեթե իսպառ վերացել է։ Արդյո՞ք հանրամատչելիացման եւ հանրայնացման մեթոդները վերականգնելու անհրաժեշտությունը չկա։
– Ձեր նշած բոլոր մեթոդներն ու ձեռնարկները շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր գիտության ե՛ւ հանրայնացման, ե՛ւ կիրառականության առումով։ Այսօր Հայաստանում շատ քիչ գիտական հանդեսներ կան։ Ակադեմիան հրատարակում է «Գիտության աշխարհում» հանդեսը, որը պարբերականորեն լույս է տեսնում, լրացնելով այն բացը, որ Դուք մատնանշեցիք։ Հանդեսը մատչելիորեն հանրությանն է ներկայացնում գիտության առաջընթացը։
Գիտության հանրամատչելիացումն ու հանրայնացումը կարող է դառնալ Ակադեմիայի առաջնահերթ ուղղություններից մեկը, քանզի այդ խնդիրները շատ կարեւոր են թե՛ հասարակության համար, թե՛ գիտության զարգացման առումով։
– Վերջում կխնդրեինք անդրադառնալ միջազգային համագործակցության, փորձի փոխանակման կարեւորությանը գիտության ոլորտում։
– Ընդհանրապես գիտությունը չի կարող լինել կոնսերվատիվ։ Չենք կարող, օրինակ, ասել հայկական ֆիզիկա։ Եթե մի նորություն է արվում ֆիզիկայի մեջ, ապա այն անպայման համաշխարհային ճանաչում պետք է ձեռք բերի։ Այս առումով միջազգային համագործակցությունը ֆունդամենտալ գիտության մեջ շատ կարեւոր նշանակություն ունի։ Ֆունդամենտալ գիտությունները պետք է ունենան համաշխարհային եւ համազգային նշանակություն, որովհետեւ առանձին վերցրած մեկ պետություն չի կարող զարգացնել որեւէ գիտության ճյուղ։
Ցանկալի կլիներ մեր պետությունը հատուկ ուշադրություն դարձներ գիտության զարգացման խնդիրներին, որովհետեւ… որպեսզի հիվանդին հնարավոր լինի բուժել, նախ եւ առաջ հարկավոր է նրան ապրեցնել։
Ա. ՍԵՎԱՉԵՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.02.2025