Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են

Փետրվար 08,2025 12:30

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, գործնականում քիչ չեն այն դեպքերը, երբ վարչական մարմինները ֆիզիկական (իրավաբանական) անձանցից պահանջում են առանձին-առանձին կատարել այն գործողությունը, որը, ըստ էության, բովանդակային առումով վերջիններիս կողմից արդեն իսկ կատարվել է մեկ ընդհանուր գործողության շրջանակներում։ Վարչական մարմինների նմանատիպ վարքագիծը կանխելու համար էլ օրենսդիրը երեք հնարավոր ուղղություններով արգելքներ է սահմանել վարչական մարմինների համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց թիվ ՎԴ/12601/05/21 վարչական գործով նախադեպային դիրքորոշման մասին, որն առնչվում էր մարզերից մեկում միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթին, դրա հետեւանքներին:

Վճռաբեկ դատարանը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել էր ձեւական պահանջները չարաշահելու արգելքի, ինչպես նաեւ առավելագույնի հիմնարար սկզբունքների էության բացահայտմանը։

Դատարանն արձանագրել էր, որ ձեւական պահանջները չարաշահելու արգելքը միտված է ֆիզիկական (իրավաբանական) անձանց եւ վարչական մարմինների փոխգործակցությանը, ինչն իր հերթին կարող է կանխարգելել վերջիններիս կողմից ֆիզիկական (իրավաբանական) անձանց հանդեպ դրսեւորվող բյուրոկրատական վարքագիծը, եզրահանգել էր, որ բարենպաստ վարչական ակտ հայցելու կամ գործողություն կատարելու համար օրենքով սահմանված պարտականությունները ֆիզիկական (իրավաբանական) անձանց կողմից բովանդակային առումով կատարված լինելու պարագայում, եթե դրանք բավարար են բարենպաստ վարչական ակտն ընդունելու կամ գործողությունը կատարելու համար, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում, չեն կարող պահանջել լրացուցիչ կամ առանձնացված ձեւով ներկայացնել այն փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները), որոնք արդեն իսկ ներկայացված է վարչական մարմնին եւ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակությունը։ Ըստ այդմ՝ վարչական մարմիններն իրավունք չունեն միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով ֆիզիկական (իրավաբանական) անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը:

Դատական տեղեկատվական համակարգից ծանոթացա այս գործի որոշ մանրամասներին:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության հայցը բավարարվել էր 2022 թվականին, դատարանն անվավեր է ճանաչել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գ. Սանոսյանի՝ 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետը, որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ՝ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը՝ վերջինիս 10 տարի ժամկետով մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք տրամադրելով:

Վճռի դեմ պատասխանողի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2024թ. փետրվարի 22-ի որոշմամբ որոշվել է.

«ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարել ամբողջությամբ` թիվ ՎԴ/12601/05/21 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 24-ի վճիռը բեկանել եւ այն փոփոխել հետեւյալ կերպ.

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության նախարար Գնել Սանոսյանի 2021 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 2221-Ա հրամանի 4-րդ կետն անվավեր ճանաչելու եւ որպես հետեւանքների վերացման ածանցյալ պահանջ` Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների համար ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության մրցույթի արդյունքով «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը 10 տարի ժամկետով Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղիների սպասարկման իրավունք տրամադրելով` հաղթող ճանաչելու պահանջի մասին, մերժել»:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2024թ. նոյեմբերի 18-ի վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշումը եւ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ընկերությունն իրավունք չուներ ներկայացնելու այնպիսի փաստաթուղթ, որը վարչական վարույթի շրջանակներում ներկայացված չի եղել։ Մինչդեռ, դատարանի կողմից ընդունվել է ներկայացված ապացույցը եւ դրվել վճռի կայացման հիմքում այն դեպքում, որ փոխառության պայմանագիրը վարչական վարույթի շրջանակներում վարչական մարմնին ներկայացված չի եղել։ Ընկերությունը չի ներկայացրել որեւէ հիմնավորում այն մասին, որ զրկված է եղել վարչական մարմնին փոխառության պայմանագիրը ներկայացնելու հնարավորությունից, այն էլ այն դեպքում, երբ պայմանագիրը կնքված է եղել 2021 թվականի հոկտեմբերին, այսինքն՝ ավելի վաղ, քան վարչական վարույթի նախաձեռնումը։

Վճռաբեկ դատարանը փաստել էր. «Այն դեպքում, եթե նույնիսկ փաթեթում գումարի փոխանցման անդորրագիրն առկա է եղել, մրցութային հանձնաժողովի կողմից փաթեթների բացման օրը՝ նոյեմբերի 5-ին, ստուգվել է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նշված ցանկին, իսկ գումարի փոխանցումը հավաստող անդորրագիրն ընդունվել է, որովհետեւ այն ներառված է եղել մրցութային փաթեթում, եւ նախարարությունն իրավունք չուներ այն չընդունելու»։

Մրցութային հանձնաժողովը, դեռեւս մրցույթի անցկացման օրը քննարկելով ներկայացված վճարման անդորրագիրը, ընկերությանը հայտնել է, որ ներկայացված վճարման անդորրագրով չի ապահովվել կարգի 22.1-ին կետի պահանջը։ Մինչդեռ ընկերությունը մրցութային հանձնաժողովին չի ներկայացրել լրացուցիչ փաստաթղթեր, մասնավորապես՝ ընկերության կողմից դատարան ներկայացված փոխառության պայմանագիրը, եւ ոչ էլ հայտնել է այդպիսի փաստաթղթի առկայության վերաբերյալ։

ՀՀ վարչական դատարանը որոշում է ընդունել գործը քննել գրավոր ընթացակարգով՝ հավանաբար հաշվի կառնվեն Վճռաբեկի իրավական գնահատականներն ու «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ հայցն ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության՝ 28.11.2024 թվականի թիվ 2876-Ա հրամանը վերացնելու պահանջի մասին գործով վերջապես կկայացվի ճիշտ որոշում:

Վճռաբեկը հղում էր կատարել նախադեպային որոշումներից «Ալեքսանդր Կառալովն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի» գործին, երբ դատարանը պարտավոր էր առաջարկել ընկերությանը ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով, մինչդեռ, դատարանը չի կատարել իր այդ պարտականությունը, ինչն անտեսվել է նաեւ Վերաքննիչ դատարանի կողմից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728