Գրավոր ուղեցույցները եւ ընթացակարգերը դոգմա (պաշտամունք) չեն, որոնք պետք է իրականացվեն բառացիորեն, ինչպես թելադրված է գրքում: Դրա համար արեւմտյան մի շարք երկրներում «Հետախուզական ծառայություն» մարմինները կոչվում են «ինթելիճենս» (intelligence, բանականություն), որտեղ կարեւոր են ոչ թե տեսությունները, այլ արդյունքները, որտեղ վճռորոշ արդարացնող գնահատականը արդյունքներն են, որոնք բացարձակ վճռորոշ են:
Բազմիցս նկատել եմ, որ Հայաստանում կա մի շատ կաղապարված մոտեցում ու մենք՝ սփյուռքահայերս կատակով որակում ենք «քառակուսիացած ռոբոտիկ»:
Հայաստանում, եթե որեւէ հաստատության սովորական աշխատակցից խնդրես սովորական սահմանված սպասարկումից կամ վաճառքից փոքր-ինչ նոր ու տարբերվող խնդրանք, նման դեպքերում, ամենայն հավանականությամբ, անմիջապես կհանդիպես մեկ պատասխանի` կտրուկ մերժում, այդ խնդրանքը համարվում է շեղում` համաձայնեցված եւ պաշտոնապես վստահված «առաքելությունից» եւ պատասխանը «ոչ»-ի կտրուկ պատասխանի։
Ես մարդկանց մտքում չեմ, որ որոշեմ, թե այդ պահին «անհավես» են կամ՝ ամենայն հավանականությամբ խուսափում են «պատասխանատվություն վերցնելուց»՝ փակելով հարցը, եւ այդպիսով դոգմատիզմը, մերժումը կտրուկ կվնասի, թե դժգոհ հաճախորդին եւ թե գործատուին, ով հաճախորդ է կորցնելու:
Կարդացեք նաև
Արեւմուտքի մեջ հետախուզական ապահովական մարմիններն ի զուր չեն, որ կկոչեն «բանականության ծառայություն», այսինքն, հարկավոր է լինել ճարպիկ, խոհեմ ու շրջահայաց, որտեղ իր պարտականությունը լիովին կատարելու պարտադիր պահանջն է ամենաբարդ հարցերում ստեղծագործ լինել ու գտնել լուծման լավագույն տարբերակը ու հարցերը ամենահանճարեղ ձեւով նվազագույն աղմուկով լուծել առանց բարդությունների:
By The Book՝ բացառապես գրքերի տեսաբանական ուղեցույցների վրա հիմնվել, սակայն վնասակար արդյունք հրամցնելը մահացու մեղք է այդ աշխարհի մեջ: Բնականաբար, կան ուղեցույցներ, որոնց պարտավոր ես հետեւել, սակայն միաժամանակ պարտավոր ես հավասարակշռել ստեղծագործ նախաձեռնությունը եւ այս բոլորի մեջ վերջնական գնահատականը իր բարդ առաքելության մեջ դրական հաջողության մեջ կկայանա:
Սակայն մի քանի օր առաջ տեղի ունեցածը ուղղակի ապշեցուցիչ էր ինձ համար, երբ տեղի ունեցավ լրիվ հակառակը, չեմ ուզում ասել կոպիտ սխալ, սակայն իմ շատ համեստ կարծիքով՝ այս դեպքում Հայաստանի մեջ մեր ապահովության մարմինները ընտրեցին ամենավատ տարբերակը: Գործել բառացիորեն գրքերի օրենքի մեխանիզմով, երբ հնարավոր էր շատ ավելի խոհեմ վարվել՝ փոխանակ շատ բարդությունների առջեւ դուռ բանալու:
Իհարկե, ես այստեղ մասնագետ չեմ եւ ամենայն հարգանքով իրավապահ մարմիններին, սակայն, կուզեմ այստեղ արտահայտել իմ տեսակետը իբր շարքային քաղաքացի, մանավանդ, երբ կհավատամ, թե շատ շատերի նման եմ դիտարկում այս հարցը, ուստի ինձ իրավունք եմ վերապահում արտահայտել տեսակետս նման տպավորություններ ստեղծվելու պահով:
Նման դեպքում Լիբանանում այդ Հայորդին (Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի անգամ գոնե հայտարարեց, թե ամենահզոր ազգությամբ Հայը ինքնաբերաբար Հայաստանի քաղաքացի կհամարվի, հետեւաբար, կարող եմ ասել, նաեւ Հայաստանի քաղաքացին) կհռչակվեր ազգային հերոս, երբ ի տես մի հարցի, որ այդ պահին գնահատեցիր Հայաստանի պետականությանը սպառնացող երեւույթը, վիդիո տարածեց ու շատ հեշտ կարող էր դիտարկվել իբր պատասխանատու քաղաքացի, որ կամավոր կերպով կփորձի Հայաստանի անվտանգությանը նպաստել իբր Հայաստանի իրավապահ մարմինների պահեստային մի հավելյալ ուժ (Հայաստանի երկրապահ ուժերը արդյո՞ք պաշտոնապես այդպես չեն դիտարկվում):
Ու եթե ասենք, թե սխալ տեղեկություն էր տարածում, ոչ ճշգրիտ, ապա այդ մարդը մասնագետ չէ ու այդ պահին չէր կարող ճիշտ գնահատելու, եթե նման լարված մթնոլորտի մեջ հավելյալ լարվածություն ստեղծվեր շատ քաղաքացիների հետ, որոնք այսօր ասում են՝ ուրեմն, եթե նման դեպքեր նշմարենք, ավելի լավ է լուռ մնանք, կարող է մեզ դատեն:
Միգուցե, պարտավոր էր շատ ավելի խոհեմ ու իմաստուն վարվել, մի քիչ ժամանակ տալ, որ բորբոքած կրքերը հանդարտվեն, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը:
Այսօր սփյուռքահայերը, որոնց միշտ հորդորում եմ գալ Հայաստան, ինչպե՞ս են վերաբերվում կատարվածին։
Եղածը ինչքա՞ն է նպաստում մեր միջազգային պատկերին, սփյուռքահայության մոտ, մեր ազգային հպարտության զգացումին, տեղահանված արցախահայերի զգացումներին:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.02.2025