Լրահոս
Օրվա լրահոսը

Էնի ո՞վ ա, որ… «Ուղղական հոլով»

Փետրվար 08,2025 13:30

«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն  ուրբաթ, իսկ aravot.am կայքում  տեղադրվում են շաբաթ օրերին:

Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ:

Հայաստանում հետաքրքիր առանձնահատկություններ ունի շրջանաձեւ երթեւեկությունը: Որպես կանոն, գլխավորը շրջանի մեջ գտնվող մեքենաներն են, մուտք գործողները պետք է զիջեն նրանց: Տեղանքով ու ճանապարհային այլ նրբություններով պայմանավորված՝ հակառակ կարգավորումներ էլ են գործում, սակայն գրեթե միշտ կարգավորող նշանները հստակեցնում են իրավիճակը: Վերջերս դասական կարգավորում ունեցող մի շրջանաձեւի մերձակայքում մեծ վթար էր տեղի ունեցել: Մուտք գործող գեղեցկադեմ չինական էլեկտրամոբիլը չէր զիջել հին մոդելի (առանց եռագույնի) համարանիշներով Նիսսանին: Շեղ անկյան տակ բախումը տարբեր ուղղություններով էր շպրտել նրանց՝ վթարի մասնակից դարձնելով մի շարք այլ մեքենաների եւս: «Մարդու բան չի եղելը» պարզելուց հետո էլեկտրամոբիլի, իր պնդմամբ՝ երեւանցի, վարորդը բավականին սահուն շրջանառության մեջ դրեց՝ Նիսսանի պագրիշկեքը քյաչալ ա, արձանագրումը եւ եզրահանգեց, որ՝ էս սեզոնին սենց բան չեն անում: Նիսսանի արցախցի մեր հայրենակիցն առանձնապես չէր արձագանքում:

Ավերված մեքենայի չորսբոլորը պտտվելուց հետո դանդաղ մոտեցավ էլեկտրամոբիլի վարորդին. «Տյու հինձ պեց չթողար կալցեվոն մտնելյուց»: Մինչ «երեւանցին» փորձում էր հարմարվել արցախցու անսպասելի «սանձարձակությանը», վերջինս նույնպես եզրահանգեց. «Տյու վեր ուստուպիտ ըրած իլեիր, թխալ չտեինք»: «Մեռնեմ ջանիդ»,- կուտ էր տալիս էլեկտրամոբիլիստը. «Ես երկու կռուգ ա մեջն էի, իմ ախպեր, տոռմուզդ չպահեց, ցավդ տանեմ»: Արցախցին դարձյալ չէր արձագանքում, իսկ արեւից չոր, տաք ձմեռային ասֆալտին գոլորշիանում էին մեքենաներից արտահոսած քսանյութերը: Այնուհետեւ էլեկտրամոբիլի վարորդը Նիսսանի սահելու մասին իր ասքով սկսեց երիտասարդ պարեկի «ջանին մեռնել»:

– Հարգելի վարորդ, հետաքննիչը ճանապարհին է, հիմա կմոտենա, իրեն կասեք ձեր ասելիքը:

«Երեւանցին» չէր նահանջում.

– Մեռնեմ քեզ, բայց դու մասնագետ տղա ես, չէ՞, մի հատ ախպերականով ասա, ո՞վ ա սղղացե, ո՞ւմ պագրիշկեքն ա քյաչալ:

Պարեկը շարունակում էր չհալչել էժանագին կոմպլիմենտներից:

– Հարգելի՛ վարորդ, ես հետաքննիչ չեմ: Կարող եմ ասել, որ այս շրջանաձեւ երթեւեկության գոտի մուտք գործող տրանսպորտային միջոցը պարտավոր է զիջել, իսկ հրապարակն ամբողջությամբ շուրջօրյա տեսանկարահանվում է:

Էլեկտրամոբիլի վարորդը այստեղ պայթեց.

– Արա՛, ա՛յ տղա: Էտի ո՞վ ա, որ ես իրան զիջեմ, տենց արիք, որ սաղ էկան, լցվան ստե:

Մի խումբ հայ անվանի գիտնականների գլխավորությամբ վերջերս իրականացված  «Պատմական հիշողություն եւ ազգային ինքնություն» (վերնագիրն իրականում բավականին երկար է) երկհատոր հետազոտության թեմաներից մեկն էլ հենց այս էլեկտրամոբիլի վարորդն է: Հեղինակավոր գիտնականները, ի շարս ազգային ինքնության ձեւավորման ճանաչողական, հաղորդակցական եւ նշանային մեխանիզմների եւ մի շարք շատ կարեւոր այլ երեւույթների, ուսումնասիրել են նաեւ հայերիս սոցիալական հեռավորության (դիստանցիայի) ներկայիս պատկերը: Այս հետազոտության համար գործածվել է ամերիկյան սոցիոլոգ Էմորի Բոգարդուսի սանդղակը: Յոթ կետերից բաղկացած այս սանդղակը Բոգարդուսը ժամանակին կիրառում էր պարզելու համար ամերիկացիների վերաբերմունքը տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ:

Հարցվողը սանդղակի յոթ կետերի հարցերին պատասխանելիս բացահայտում է, թե ինչպես է վերաբերվում տվյալ էթնիկ խմբին: Արդյո՞ք կամուսնանա այդ խմբի ներկայացուցչի հետ, կամ կդառնա նրա ընկերը, հարեւանը կամ գործընկերը աշխատավայրում: Կցանկանա՞ արդյոք, որ այդ էթնիկ խմբի ներկայացուցիչը դառնա իր երկրի քաղաքացի, թե՞ նախընտրում է նրանց տեսնել միայն զբոսաշրջիկի կարգավիճակում: Ամենաանհանդուրժող պատասխանն արձանագրվում է վերջին տողում, երբ հարցվողը նշում է, որ առհասարակ չի ցանկանում տեսնել տվյալ էթնիկ խմբի ներկայացուցչին:

Սոցիոլոգները տասնամյակների ընթացքում այս գործիքը կիրառում են այլ ազգերի նկատմամբ վերաբերմունքը պարզելու համար: Հայաստանը մոնոէթնիկ երկիր է: Թվում է, թե հետազոտությունները պարզապես պետք է արձանագրեին, որ մենք բոլորս հայեր ենք, նույն էթնիկ խմբից եւ մաքսիմալ հանդուժող ու հաշտ ենք միմյանց նկատմամբ: Այնինչ ոչ միայն այդպես չէ, այլեւ մենք վաղուց ստեղծել, միֆականացրել ու կյանքի ենք կոչել ներքին տարանջատումները: Հարիֆ պարսկահայերի, բիբար կրծող երեւանցիների, մեծաբերան լեննականցիների, միամիտ կիրովականցիների, հարբեցող քյավառցիների, ուշ հասկացող ապարանցիների եւ մյուս տարածաշրջանային ֆոլկլյորային, կիսագեղարվեստականացված բնորոշումներն ու համարումները վաղուց ավելի լուրջ են, քան այդ թեմաներով անեկդոտները:

Հիշյալ ուսումնասիրության ընթացքում կիրառված Բոգարդուսի սանդղակի արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական դիստանցիա, անհանդուրժողականություն ենք տածում ոչ թե այլ էթնիկ խմբերի, այլ ինքներս մեր հանդեպ: Ամենասարսափելին այն է, որ այս ինքնակործան երեւույթը չի նահանջում անգամ համազգային աղետների ժամանակ, երբ պետք է առաջին պլան գար ապրումակցումը: Ավելին, խորանում է սոցիալական խորշանքն ու ատելությունը սեփական աղետյալ եղբոր հանդեպ: Պարզվում է, որ մենք ամենահանդուժողն ենք Արեւմուտքի, Ռուսաստանի, Ամերիկայի հայերի հանդեպ: Պարզ է, նրանք փող են ուղարկում, որ մենք այստեղ ապրենք, հեղափոխություններ անենք, Պուտինին, Թրամփին, Մակրոնին քննարկենք եւ մասնակցենք սոցհարցումների: Իսկ անհանդուժողականության ու ատելության առաջին հորիզոնականներում Բաքվից, Ադրբեջանի այլ բնակավայրերից ու Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն են:

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան երեք տասնամյակ պատերազմող, պայքարող, տեղահանվող, սպանվող, քայքայվող, իրենց բնօրրանից վերջնականապես արտաքսվող, Հայաստանում քաղաքացիությունից զրկվելուն զուգահեռ քույրեր եւ եղբայրներ հռչակվող հենց այս մարդիկ մեր հասարակության մեծամասնության համար ամենաանցանկալի տարրը դարձան:

Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:

Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728