Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափորոշիչների ներդրման վարչության պետ Լիլյա Գրետարսդոթիրի գլխավորած պատվիրակությանը։
Անդրադառնալով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Լիլյա Գրետարսդոթիրը ձևավորված համագործակցության շրջանակում կարևորել է մասնավորապես Ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող փոփոխությունները: Նա բարձր է գնահատել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ նախարարության կողմից տարվող օպերատիվ և արդյունավետ աշխատանքը։
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի հետ ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ այն ընդգրկում է Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակներում գրեթե բոլոր ուղղությունները։
Անդրադառնալով նախարարությունում տեղի ունեցող բարեփոխումներին՝ նախարարը առանձնացրել է Ոստիկանության գվարդիայի ստեղծման ուղղությամբ Եվրոպայի խորհրդի ցուցաբերած աջակցությունը։ Նա նշել է, որ Եվրոպայի խորհրդի, Ազգային ժողովի և քաղհասարակության համագործակցված աշխատանքի արդյունքում «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքն ընդունվել է ամբողջությամբ։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Զանգերի կենտրոնի ստեղծման ու արդիականացման հարցերին, ինչը հանրությանը բարձրակարգ և քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու նպատակ ունի։
Քննարկվել են ձերբակալվածների պահման վայրերում գտնվող անձանց իրավունքների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների, քննիչների ու բժիշկների կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այդ շրջանակում կարևորվել է գործառույթների պատշաճ իրականացման, ինչպես նաև ուժի կիրառման ստանդարտի ներդրման համատեքստում վերապատրաստումների անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի և օրակարգային այլ հարցեր։