ԱՄՆ նախագահը կատարել է իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկը: Նա վերջնականապես արգելել է տրանսգենդերների մասնակցությունը կանանց մրցումներին: Հրամանագրի ստորագրումը կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարված լրջագույն քայլ է, որը կարող է էական ազդեցություն ունենալ մարզական օրակարգերի վրա եւ կանխել սկանդալները, որոնք վերջին տարիներին հեղեղում են ԱՄՆ-ը՝ կապված սեռափոխ մարզիկների հաջողությունների հետ:
Ըստ մամուլի տեղեկությունների, դպրոցները, քոլեջները, ինստիտուտները, որոնք թույլ կտան տրանսգենդերներին տեղ գտնել կանանց թիմերում եւ մեկնարկի ելնել, կզրկվեն պետական ֆինանսավորումից: Բացի դա, կարգելվի սեռափոխված արտասահմանցի մարզիկներին ԱՄՆ մուտք գործելու վիզա տրամադրել:
Թրամփը չի կարող ԱՄՆ օլիմպիական կոմիտեին, պարալիմպիկ կոմիտեին եւ ուսանողական սպորտի ազգային ասոցիացիային ուղիղ հրահանգել, որպեսզի վերջինները մերժեն տրանսգենդեր մարզիկներին, սակայն Սպիտակ Տան մամուլի քարտուղարը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հույս ունի, որ այդ կազմակերպությունները այլեւս թույլ չեն տա, որպեսզի տղամարդիկ մասնակցեն կանանց մարզաձեւերին:
Հրամանագիրը ստորագրելուց հետո Թրամփը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հանձնարարել է՝ ՄՕԿ-ին հստակ հասկացնել, որ Ամերիկան կտրականապես մերժում է տրանսգենդերային խելացնորությունը:
Կարդացեք նաև
Ուսանողական սպորտի ասոցիացիայի նախագահ Չարլի Բեյքերը անցած տարի սենատի հանձնաժողովում ունեցած իր ելույթում փորձել էր նվազեցնել այս խնդրի մասշտաբները՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ում 510 հազար ուսանող, դպրոցական մարզիկներին բաժին է հասնում ընդամենը 10 տրանսգենդեր: Սակայն Ամերիկայի դատարաններում տասնյակ հայցերը ցույց են տալիս, որ դա այդպես չէ:
ՄՕԿ-ի՝ վերջերս տարածած զեկույցում նշվում է, որ ամբողջ աշխարհում ավելի քան 600 մարզուհիներ նախկին տղամարդ (տրանսգենդեր) եւ տղամարդկանց մակարդակի տեստոստերոն ունեցող (ինտերսեքս) անձանց պատճառով 29 մարզաձեւերում զրկվել են ավելի քան 890 մեդալներից: Կանաց սպորտը նախկին տղամարդկանց համար վերջնականապես փակելու մասին ՄՕԿ-ին փոխանցված պահանջագրի տակ առկա է 40 հազար ստորագրություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ