Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը
Արցախից տեղահանվելուց հետո Ռուզաննա Գասպարյանը երեք երեխաների հետ բնակություն է հաստատել Օշական գյուղում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն իր անողոք կնիքն է թողել նրա ընտանիքի վրա՝ մահվան ճիրանների մեջ առնելով ամուսնուն, եղբորը, հորեղբոր տղային։ Սեպտեմբերի 25-ի պայթյունին զոհ է դարձել նաև քրոջ ամուսինը։ Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը։
2023-ի սեպտեմբեր, Սարուշեն․․․ Ռուզաննան պատմում է
-Սեպտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը պայթյունի ուժեղ ձայն լսեցինք, ինչը թերևս նորություն չէր 2020-ից հետո սահմանամերձ դարձած Սարուշենի համար։ Ամուսինս հանգստացրեց՝ ասելով, որ հերթական պայթյուն է։ Առավոտյան երեխաները գնացին դպրոց, ես էլ ճաշ էի պատրաստում։ Այդ պահին հորեղբորս կինը զանգեց ու ասաց, որ չվախենամ, բայց ադրբեջանցիները մտել են գյուղ՝ հարևան Սարգսաշենի կողմից։ Հասցրի վերցնել միայն փաստաթղթերս ու վազել մորս տուն, որը գյուղի վերևի մասում էր գտնվում։ Որոշ ժամանակ անց ամուսինս զանգեց ու ասաց, որ գնամ տուն՝ մի քանի հագուստ վերցնելու։ Քրոջս հետ իջա մեր տուն։ Գյուղում խուճապ էր, տղամարդիկ արդեն գնացել էին դիրքերը, այդ թվում նաև եղբայրս՝ Արտակը։ Ամուսինս ասաց, որ տղաները սոված են և պետք է ուտելիք տանի իր հետ։ Վերցրեց՝ ինչ կար և պատրաստվեց միանալու դիրքապահներին։ Դարբասի մոտ կանգնեց, հետ նայեց, և, հանելով ոսկյա վզնոցը, տվեց ինձ։ «Եթե չվերադառնամ, կտաս մեր տղային»․- ասաց ու համարյա վազելով հեռացավ․․․
Չգիտեի, որ վերջին անգամ եմ տեսնում Վալերիին․․․
Այդ պահին սկսեցին հրետակոծել գյուղի շուրջբոլորը՝ առանց մեկ րոպե անգամ դադար առնելու։ Մեր համայնքի ղեկավարը կազմակերպեց բնակչության տարհանումը Մարտունու շրջանի Մսմնա գյուղ։ Բոլորս միասին ոտքով ճանապարհվեցինք ու երեկոյան հասանք Մսմնա։ Այդտեղ մեկ գիշեր մնալուց հետո համայնքի ղեկավարի ուղարկած ավտոբուսներով ճանապարհվեցինք Ստեփանակերտի օդանավակայան։ Երեխաներիս հետ ես մեկ օր մնացի այդտեղ։ Ոչ ոքի հետ չէի կարողանում կապվել, օդնավակայանում քաոսային վիճակ էր։ Տարբեր շրջաններից մարդիկ գալիս ու այդտեղ էին ապաստան գտնում։ Դիրքերից ոչ մի լուր չկար։ Հաջորդ օրն ինձ հետ կապվեց ամուսնուս ընկերը և մեզ տեղափոխեց Հովսեփավան, որտեղ մնացինք մի քանի օր։ Հետո հասկացա, որ բոլորը գիտեին, որ ամուսինս, եղբայրս, հորեղբորս տղան զոհվել են, սակայն չէին համարձակվում ասել։ Զանգեցի համայնքի ղեկավարին, չպատասխանեց։ Զանգեցի նրա հորը և լսեցի գույժը՝ մերոնք չկան․․․ Այն, ինչ զգացի այդ պահին, ահավոր ծանր է։ Ոչինչ չէի հասկանում, չէի ցանկանում հավատալ։ Մտածում էի՝ գուցե շփոթմունք է։ Հոգուս խորքում շարունակում էի հույս պահել։ Սակայն ճակատագիրն իրենն արել էր։ Հետո լսեցի, որ ռուս խաղաղապահների միջոցով համայնքի ղեկավարը գնացել է դիրքեր և բերել ամուսնուս ու հորեղբորս տղայի աճյունները, սակայն չի կարողացել գտնել եղբորս մարմինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում