Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Փետրվար 07,2025 18:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, այլք:

Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին Գլխավոր դատախազությունում և նշել, որ նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում ընդգծել ՀՀ դատախազության և ԵԽ համապատասխան մարմինների միջև համագործակցության արդյունավետությունն ու նախանշել փոխգործակցության հեռանկարները:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության գործընկերների հետ համատեղ կազմակերպված բարձրաստիճան խորհրդաժողովները՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» և «Միջազգային համագործակցության արդյունավետության ամրապնդումը՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» թեմաներով, ինչպես նաև 2024 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում կազմակերպված՝ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի կարծիքների հայերեն ժողովածուի շնորհանդեսը:

Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ընդունելության, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին անդրադառնալու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազության հետ համագործակցությունը, ի թիվս այլնի, բովանդակային առումով լավագույն  օրինակներից է:

Պատասխանելով ԵԽ բարձրաստիճան ներկայացուցչի՝ Դատախազության առաջնահերթությունների վերաբերյալ հարցին՝ ՀՀ գլխավոր դատախազն առանձնացրել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներն ու ներկայացրել այդ ուղղություններով իրականացված աշխատանքները և արձանագրված արդյունքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, անդրադարձել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հեռանկարներին:

 

Հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728