Լրահոս
Օրվա լրահոսը

Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք. Արայիկ Հարությունյան

Փետրվար 07,2025 17:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ:

Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և նշել. «Ես, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան լուսավոր մի տոնի կվերածվի Ձմեռային երկրորդ խաղերը, որովհետև բացման խոսքի ընթացքում ասացի, թե որքան դժվար տրվեց մեզ այդ որոշումը: Բայց, կարծում եմ, երբ երկու տարի առաջ այդ որոշումը կայացնում էինք, մենք հաջողեցինք: Հաջողեցինք, որովհետև բոլոր խաղերին մենք տեսանք մրցակցություն, բոլոր խաղերին մենք տեսանք միասնություն, բոլոր խաղերին մենք տեսանք եղբայրություն: Յուրաքանչյուր այսպիսի միջոցառում մեզ համար կարողությունները զարգացնելու հնարավորություն է, որովհետև գիտեք, որ Հայաստանը հատկապես վերջին տարիներին և առաջիկա տարիներին մարզական մեծ միջոցառումներ է հյուրընկալելու»,-ասել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ 2027թ. Հայաստանը հյուրընկալելու է Համահայկական խաղերը, Ֆրանկոֆոնիայի խաղերը և մի շարք այլ մեծ  միջոցառումներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Վայոց Ձորի, հատկապես՝ Ջերմուկ քաղաքի հայրենակիցներին այս հյուրընկալության համար: «Կարծում եմ, որ Ջերմուկը մի նոր տիտղոս ստացավ, և Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք, այնպես՝ ինչպես օլիմպիական քաղաքներն են հիշում»,-իր խոսքն ամփոփել է Արայիկ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728