Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է. Արթուր Մարտիրոսյան

Փետրվար 07,2025 18:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչին, որը Հայաստան է ժամանել՝ ուսումնասիրելու առկա ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը:

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել այցելության և համագործակցության պատրաստակամության համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սպորտի զարգացումը և հանրության շրջանում առողջ ապրելակերպի ու ֆիզիկական ակտիվության խրախուսումը ՀՀ կառավարության կարևոր առաջնահերթություններից է: Նա նաև տեղեկացրել է՝ հաստատվել է ՀՀ  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024- 2030  թվականների ռազմավարությունը, որում, որպես առանձին թիրախ, սահմանված են լողով զբաղվելու հնարավորությունների և մարզերում լողավազանների ցանցի ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև ՀՀ-ում միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը:

Նախարարի տեղակալը, ներկայացնելով պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, նշել է՝ մեկնարկել է մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսավորել դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների անցկացումը գործող լողավազաններում: Անդրադառնալով միջազգային մրցաշարերի անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ վերջին տարիներին այն իրականացվում է բավականին մեծ հաջողությամբ:

Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերի կազմակերպումը, որոնցից մեկն անցկացվում է  լող մարզաձևից: Նրա խոսքով՝ կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերով Սևանա լճի լողափնյա հատվածում անցկացվող մրցաշարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում, իսկ կազմակերպման հաջող փորձը վստահություն է հաղորդում, որ Հայաստանն ունի նաև միջազգային մասսայական միջոցառում անցկացնելու հնարավորություն:

Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Յոսիպ Վարվոդիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝ Լողի հայկական դաշնության ակտիվ մասնակցությունը Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող առաջնություններին և կոնգրեսներին վստահություն է ներշնչում, որ առկա է համագործակցության ավելի լայն ներուժ:

Նրա խոսքով՝ որպես առաջին փորձ՝ Հայաստանը կարող է դիտարկել հենց Սևանա լճում Open Water՝ բաց ջրերի ձևաչափով միջոցառումների անցկացումը: Յոսիպ Վարվոդիչը վերահաստել է Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի պատրաստակամությունը մարզաձևի զարգացման ու միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում աջակցելու Հայաստանին:

Անդրադառնալով ենթակառուցվածքների զարգացմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան խոշոր մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նաև լողավազանի կառուցում է նախատեսվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մասնավորի հետ համագործակցության միջազգային փորձառությանը, մարզիչների վերապատրաստմանը, ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Հայաստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Եվրոպայի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի առաջին փոխնախագահը կայցելի Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոց, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, ինչպես նաև մասնավոր մի շարք լողավազաններ, կծանոթանա առկա ենթակառուցվածքներին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728