Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

Փետրվար 07,2025 17:36

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին:  

Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման ուղղությունները և ռազմավարական առաջնահերթությունները:

 

Գիտաժողովի շրջանակում ցուցադրվել են «Ինչպես են ստեղծվում արհեստները» անիմացիոն տեսաշարի՝ գորգագործությանը և դարբնությանը նվիրված ֆիլմերը:

 

Գիտաժողովի բացմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ինալկո համալսարանի փոխնախագահ Ռիմա Սլեիմանը, նույն համալսարանի հայագիտության կենտրոնի տնօրեն Անահիտ Տոնապետյանը, Œuvre d’Orient-ի տնօրեն Պասկալ Գոլնիշը, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի ներկայացուցիչը, ինչպես նաև մշակութային տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ արված աշխատանքները:

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովում ամփոփել են ոլորտի ձեռքբերումները և մատնանշվել հետագա պահպանության խթանումը զարգացնելու ուղղությունները:

 

Գիտաժողովն անցկացվել է ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության նախաձեռնությամբ, ինչպես նաև Ինալկո հիմնադրամի և Ֆրանսիայի  պատմամշակութային ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությամբ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել