«Իմ ամբողջ ասածն այն է, որ այսօրվա օրենքով ոսկու շուկայի առևտրականները կարող են մեկ տոկոսով աշխատել, ուղղակի պետք է խաբեն պետությանը։ Հարյուր զարդ ունի առևտրականը, պետք է բերի ընկերների, դասարանցիների անուններով ձևակերպի, որ նրանցից է գնել, ու այդ դեպքում ինքը կհարկվի մեկ տոկոսով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ քննարկումից հետո ասաց ՀՀ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։
Նա նշեց՝ իր առաջարկի նպատակն այն է, որ չստիպենք մարդկանց գնալ պետությանը խաբելու ճանապարհով։
Լրագրողները Նաիրի Սարգսյանից հետաքրքրվեցին՝ Դուք ՓՄՁ ներկայացուցի՞չ եք, նա պատասխանեց․ «Չէ, ես գործարար եմ»։ Հարցին ի՞նչ գործունեությամբ եք զբաղվում, վարչապետի նախկին օգնականը չցանկացավ պատասխանելով ու հավաստիացրեց՝ իր շահագրգռվածությունն այն է, որ մեր երկրի համար լավ լինի․ «Այսօրվա քննարկվող թեմաներից որևէ մեկի հետ առնչվող բիզնես գործունեություն չեմ ծավալում»։
Հարցին՝ երբ վարչապետի օգնականն էր, այս բացերի մասին խոսո՞ւմ էր, նա պատասխանեց՝ իհարկե։ Լրագրողները հարցրին՝ վարչապետը Ձեզ լսո՞ւմ էր, Նաիրի Սարգսյանն ասաց՝ իհարկե։ Մյուս հարցին՝ հիմա ունե՞ք հարաբերություններ վարչապետի հետ, նա այսպես արձագանքեց․ «Այո, բաներ կան, որ իմ մտահոգություններն ասում եմ, պատասխանում է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային