Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձերի ընթացքում լսելի էր Դեզդեմոնայի դերերգի կատարման մի նոր ու հրապուրիչ ձայն, ինչին հաջորդեց Դեզդեմոնայի հաղթանակը միջազգային մրցույթում

Փետրվար 07,2025 17:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը 2024-թ դեկտեմբերի 30-ին անդրադարձել էր տարեմուտի` օրերին 28,29,30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացված շքեղ պրեմիերային` Ջուզեպպե Վերդիի «Օթելլոյի» բեմադրությանը (ռեժիսոր Ֆաբիո Սպարվոլի, երաժշտական ղեկավար և դիրիժոր Ալեսսանդրո Դոնատո): Դեկտեմբերի 28-ի ստեղծագործական հրավառության մասին գրելիս, չէինք կարող կանխատեսել այդ օրը` 30-ին սպասվող երևույթի մասին, թեև, անկեղծ ասած, փորձերի ընթացքում, կուլիսներում լսելի էր Դեզդեմոնայի դերերգի կատարման մի նոր ու անսովոր հրապուրիչ ձայն: Իհարկե, գիտեինք, որ հիշյալ դերի մեկնաբանումը իրականացնում են փառահեղ սոպրանոներ Անահիտ Մխիթարյանը և Աննա Այվազյանը:

Եռապրեմիերաների արագընթաց ու գերոգևորված շքերթում մի նոր ձայն ու մի նոր շունչ կար, որ ընդհանուր ստեղծագործական եռուզեռի մեջ սևեռուն ուշադրության կիզակետում չէր: Եվ միայն պրեմիերային երրորդ ներկայացումից հետո, ինչպես ասում են, ամեն ինչ տեղն ընկավ: Թեև փորձերի ժամանակ, կուլիսներից հնչող այն անծանոթ ու նոր ձայնը, իսկապես որ նոր էր օպերային թատրոնում և Դեզդեմոնայի դերակատարման այս սոպրանոյի երիտասարդ տերը ընդամենը մի քանի օր անց իր առաջնաելույթով, բարդագույն կերպար ու դերերգ` Դեզդեմոնա էր խաղալու ու երգելու վերը հիշատակված երգչուհիների հիանալի կատարումներից հետո:

Ընդ որում, մասնագետներն ու հանդիսականը պրեմիերային երրորդ ներկայացմանն առաջին անգամ առնչվեցին անծանոթ երիտասարդ երգչուհի Էլեն Եղիազարյանի արվեստի հետ: Երգչուհուն մենք նկատել էինք դեռևս 2020թ., Tenor Vin~as մրցույթում նրա մասնակցության օրերին: Այդժամ սոպրանոն Երևանի օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մասնակից էր (ղեկավար Լևոն Ջավադյան):

Վերադառնանք «Օթելլոյի» պրեմիերային: Մինչ մասնագետներն ու հանդիսատեսը որոշում էին, թե երգչուհու Դեզդեմոնայի հիանալի կատարումից հետո հաջորդը որն է լինելու, օրերս ռուսաստանյան մամուլից տեղեկացանք, հետո արդեն լուրն ամրագրվեց օպերային թատրոնի կայքում, թե Հիբլա Գերզմավայի անվան վոկալիստների և կոնցերտմայստերների 2-րդ միջազգային մրցույթում Էլեն Եղիազարյանը զբաղեցրել է ոչ միայն 3-րդ հորիզոնականը, այլ արժանացել հնարավոր բոլոր հատուկ մրցանակների, այդ թվում` «Բոլշոյ», Մարիինյան, Ստանիսլավսկի և Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոններում դեբյուտային դերերգերով հանդես գալուն, ինչպես նաև «Օնեգին» ազգային հատուկ մրցանակի:

Ի դեպ, փետրվարի 9-ին Էլեն Եղիազարյանը հանդես կգա Դեզդեմոնայի դերերգով, ներկայացումը կղեկավարի Հարություն Արզումանյանը:

Մեզ հետ հանդիպման ժամանակ, հետաքրքրություններին ի պատասխան, մեր զրուցակիցը հավաստիացրեց, թե մրցույթից հետո, արտասահմանում առաջին անգամ բեմ կբարձրանա «Բոլշոյ», Մարիինյան և Ստանիսլավ Նեմիրովիչ –Դանչենկոյի անվան թատրոններում, իսկ թե որ գլխավոր դերերգերով, այս պահին բանակցություններ են ընթանում:

Անդրադառնալով կայացած` Գերզմավայի անվան մրցույթին, մեր զրուցակիցն անկեղծացավ, որ ժյուրիի անդամները, այդ թվում «Բոլշոյ» թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Դմիտրի Վդովինը նշել էր, որ իրեն մտաբերում է 2024թ. ամռանը «Բոլշոյ»-ում կայացած Երևանի օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների համատեղ ելույթից հետո:

Հետաքրքրվեցինք` մրցութային օրերին ներկայացված ծրագրերում կա՞ր հայ հեղինակ, երգչուհին նախ նշեց թե, մրցութային ելույթները պատրաստել է դաշնակահար-կոնցերտմայստեր Լևոն Ջավադյանի հետ, ապա հատուկ շեշտեց` հանրահայտ «Կռունկի» կատարումից հետո ժյուրիի յուրաքանչյուր անդամ մոտեցել է իրեն ու ասել, թե «Կռունկը» իրենց համար նորություն չէր, բայց իր կատարումը նորից, դարձյալ, կրկին հիշեցրել են նախկինում լսած բարձրակարգ մեկնաբանությունները:

Զրույցի ընթացքում երգչուհին հայտնեց, թե Հիբլա Գերզմավայի կողմից նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ամռանը համերգային տուրով հանդես գալ Ռուսաստանի քաղաքներում և ոչ միայն:

Ինչ վերաբերում է մեզ` հայաստանցի հանդիսատեսին երկրորդ անգամ ներկայանալուն, ինչու ոչ` զարմացնելուն, երգչուհին առանց հապաղելու ասաց, որ դա կլինի Տուրանդոտի դերերգը Վերդիի համանուն օպերայում:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Էլեն Եղիազարյանը Դեզդեմոնայի կերպարում և նրա բեմելները միջազգային մրցութային օրերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728