ՀՔԱՎ գրասենյակը 2023թ․-ի նոյեմբերից տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Մինչ օրս անվճար իրավախորհրդատվություն է ստացել գրեթե 2000 արցախցի։ Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 450-ից ավելի գրություն։
ՀՔԱՎ գրասենյակի և կազմակերպության իրավաբան Ալբերտ Նալբանդյանի ջանքերով երկու դատական գործով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող կարևոր փաստեր, որոնք հետագայում հիմք կհանդիսանան քաղաքացիության անխոչընդոտ ստացման, ապա բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար։
Առաջին դատական գործի շրջանակներում ՀՔԱՎ-ը իրավաբանական նշանակություն ունեցող՝ երեխայի սերման փաստը հաստատելու պահանջ է ներկայացրել դատարան։ ԼՂ-ի քաղաքացի Մ․Ե․-ն 2022թ-ից փաստացի գտնվել է ամուսնական հարաբերությունների մեջ, սակայն ամուսնությունը պետական գրանցում չի ստացել: 2023 թվականի մայիսին Մ․Ե․-ի ամուսինը գտնվել է մարտական դիրքերում, որտեղ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչին էլ հաջորդել է սրտի կանգ, և վերջինս մահացել է։ 2024 թվականի հունվարին ՀՀ-ում ծնվել է Մ․Ե․-ի որդին: Երեխայի հայրությունը չի որոշվել Մ․Ե․-ի ամուսնության գրանցված չլինելու պատճառով։ Երեխայի հայրության ճանաչման համար Մ․Ե․-ն դիմել է ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն, սակայն ստացել է մերժում՝ հիմքով, որ վերջինիս ներկայացրած փաստաթղթերը բավարար չեն հայրության փաստը ճանաչելու համար:
Քանի որ երեխայի հայրության փաստը իրավական եղանակով ձևակերպված չէր, Մ․Ե․-ի ընտանիքը չի կարողացել օգտվել ՀՀ պետական նպաստներից և զինծառայողի ընտանիքի անդամներին ցուցաբերվող աջակցություններից:
Կարդացեք նաև
2024թ․ դեկտեմբերին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԱՎ-ի ներկայացրած պահանջը՝ Մ․Ե․-ի որդու հայրության փաստը ճանաչելով։
Երկրորդ դատական գործի շրջանակներում ևս ՀՔԱՎ-ը դատարան է դիմել իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջով։ Կազմակերպություն դիմած ԼՂ քաղաքացի Թ․Լ․-ն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է՝ այնտեղ թողնելով մի շարք փաստաթղթեր, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական այլ գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են։ Մասնավորապես, Թ․Լ․-ին անհրաժեշտ էր ծնողի մահվան վկայականը։ ՀՔԱՎ-ի իրավաբան Ալբերտ Նալբանդյանը դիմել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Թ․Լ․-ի ծնողի մահվան պատճենի վկայականը ստանալու հայցով։ Հայցը բավարարվել է։
ՀՔԱՎ