Մի քանի օր է՝ անասնապահներն ու մսավաճառները բողոքի ցույցեր էին անցկացնում Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց՝ դժգոհելով, որ թեև մարզի սպանդանոցներից ոչ մեկը չի գործում, այդուհանդերձ շարունակում են իրենցից պահանջել սպանդանոցային մորթի ենթարկված միս վաճառել:
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց այս թեմայով՝ տեղեկացնելով, որ Ախուրյան խոշորացված համայնքում համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել, իսկ Աշոցքի համայնքապետարանը՝ մոդուլային սպանդանոց։
Նա անդրադարձավ նաև բողոքի ցույցերին՝ նշելով, որ չգիտես ինչու, բողոքավորները մարզպետարան գալիս են այն օրերին, երբ մարզպետը կառավարության նիստի է, ու հետո հայտարարում են, թե մեզ չընդունեց։
«Սկսեմ նրանից, որ մի քանի օր է՝ մեր մսավաճառները բողոքի ցույցեր են անում: Մսավաճառ բառը կուզենայի այս դեպքում մի քիչ չակերտների մեջ վերցնել, որովհետև շատերը կան այնտեղ, որոնք մսավաճառներ չեն, կան մարդիկ, որոնք ընդհանրապես անասնապահության հետ կապ էլ չունեն։ Եվ մեր տնտեսվարողների, գյուղացիների խնդիրը փաթեթավորել որպես խնդիր ու տողատակերում քաղաքական գործընթացներ անել, անընդունելի է։
Կարդացեք նաև
Եվ շատ լավ է, որ մսավաճառներն ու գյուղացիները հասկացել են խնդիրը, և այսօր շատերն այստեղ չէին։ Նրանք հիմա հետևելով ինձ, թող իրենք իրենց հարց տան՝ զգացե՞լ են Դավիթ Առուշանյանի աջակցությունն իրենց գործունեության ընթացքում՝ թե՛ որպես Ազգային ժողովի պատգամավորի, թե՛ որպես մարզպետի։ Այդ հարցը տալուց հետո երևի կհասկանան, կամ գուցե արդեն հասկացել են, որ մարզպետարանի շենքի դիմաց ցույց անել այս հարցով երևի թե չարժեր։
Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք այս ամենը գիտակցել ու հասկացել են։ Իսկ այն մարդիկ, որոնք քաղաքական նկատառումներով փորձում են մեր գյուղացիների խնդիրները բարձրաձայնել, միանշանակ իրենց քաղաքական գնահատականը կստանան և ոչ միայն քաղաքական»,- ասաց Դավիթ Առուշանյանը։
Մարզպետն իր խոսքում նշեց, որ թեև Շիրակի մարզում սպանդանոցներ չլինելը անասնապահությամբ զբաղվող գյուղացիների և մսավաճառների համար մեծ խնդիր է, սակայն Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է դիրքորոշում, որ ոչ սպանդանոցային միս մեր երկրում չի վաճառվելու։
«Դա բնակչին առողջական խնդիրների առջև չկանգնեցնելու նպատակով է, որևիցե այլ նպատակ այստեղ չկա։ Ես չեմ կարծում, որ որևիցե մեկը կլինի Հայաստանի Հանրապետությունում, որը կուզենա գնել այնպիսի միս իր ընտանիքի համար, որն անորակ է․ կենդանին հիվանդություններ է ունեցել կամ այդ միսը գետնի վրա է վաճառվել։
Այս գործընթացը միանշանակ դեպի քաղաքակիրթ ճանապարհով և առողջությանը վնաս չտվող, սանիտարահիգիենիկ պայմանները պահող, պահպանող պայմաններում սնունդ վաճառելու մասին է։
Մյուս խնդիրը, որ չկա Շիրակի մարզում սպանդանոց, այո, դա էլ ենք արձանագրում»։
Թե ինչու չեն աշխատում Շիրակի մարզի սպանդանոցները, մարզպետը պատասխանեց՝ գուցե և այն պատճառով, որ շիրակցի մսավաճառները բազմիցս ցույցեր են կազմակերպել, իրենք է փորձել են ընդառաջել։
«Գյումրիում, Շիրակ մարզում սպանդանոց լինելու դեպքում ընդառաջ գնալ որևէ մսագործի չի լինելու, որը ոչ սպանդանոցային միս է վաճառելու։ Իրենք էլ լավ գիտեն, որ այս ժամանակահատվածում բազմիցս փորձել ենք իրենց հասկանալ, ըմբռնումով մոտենալ։
Կառավարությունն այս տարիներին տարբեր որոշումներ է կայացրել, որպեսզի կարողանա էլ ավելի հեշտացնել սպանդանոցների հիմնումը»,- ասաց մարզպետը։
Նա թվարկեց կառավարության օժանդակող ծրագրերը։
Ըստ բանախոսի, կառավարությունը հնարավորություն է տվել տնտեսվարողներին, որպեսզի սպանդանոցներ բացեն և բնավ կապ չունի՝ նրանք մսավաճառ են, թե գործարար, կարող են զբաղվել այս բիզնեսով։
Մարզպետին հարց ուղղվեց Հայկաձորի սպանդանոցի մասին, որի հիմնադիրը պատճառաբանում է, թե օրենքի չգործելու պատճառով սպանդանոցը փակվեց։
«Այստեղ խոչընդոտը, իմ պատկերացմամբ, այն է, որ գյուղացիները կամ մսավաճառները շատ դեպքերում շարունակում էին հին տարբերակով սպանդը կազմակերպել, ոչ սպանդանոցի միջոցով, որի համար էլ պատկան մարմինները՝ Սննդի անվտանգության տեսչության մարմինը, ոստիկանությունն իրենց գործողություններն էին անում ու միշտ առաջանում էին խնդիրներ, մի կողմից գյուղացիներ, մսավաճառներ, մյուս կողմից՝ պետական մարմիններ, որոնք վերահսկելու էին այդ ամենը, և ընթացքում այն սպանդանոցը, որը կառուցվել էր, չէր աշխատում։
Բայց 2024 թվականի վերջին կառավարությունը փոփոխություն արեց որոշումներ մեջ, որը հնարավորություն տվեց համայնքներին մասնակցություն ունենալ, և համայնքապետարաններն արդեն կարող ենք իրենք իրենց սպանդանոցներն ունենալ։
Սուբվենցիայով էլ կարող են ունենալ, իրենց այդ հնարավորությունը տրվել է, համայնքապատկան սպանդանոց է լինելու, հնարավորություն ունեն անելու, և մենք սերտորեն աշխատում ենք համայնքի ղեկավարների հետ։
Այս պահի դրությամբ Աշոցքի համայնքապետը մոդուլային սպանդանոցի հայտ է ներկայացել, գործընթացի մեջ է, Ախուրյան համայնքի ղեկավարն էլ շարժական սպանդանոց ձեռք բերելու գործընթացի մեջ է։
Ես ի սկզբանե առաջարկել էի համայնքի ղեկավարներին, որ սուբվենցիաներով կառուցեն՝ մի մասը համայնքապետարանը կֆինանսավորի, մի մասն էլ կառավարությունը ու բոլոր համայնքներում ունենալու ենք։ Բայց գիտեք՝ ես մարզպետ նշանակվել եմ 2024 թվականի դեկտեմբերին և այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվելու են 2025 թվականին, արդեն հայտերը ներկայացվել էին։ Դրա համար մենք սուբվենցիայով չէինք հասցնելու անել 2025 թվականին, մեր համայնքի ղեկավարներն այս լուծումներն են գտել։
Երբ որ ասում ես՝ սպանդանոց կառուցելը մեծ գումարներ է պահանջում, նախ պետական աջակցության ծրագրերը կան՝ լիզինգով սպանդանոց բացելու համար, բիզնեսմենը, նաև համայնքը, որը ևս կարող է լիզինգով գույքը ձեռք բերել, սպանդանոցը բացել, կանխավճարը 20 տոկոս է լինելու, որի 80 տոկոսը վճարելու է կառավարությունը։
Բացի դրանից՝ դրամային արժույթով 12 տոկոս, այլ արժույթներով 7 տոկոս, նաև տոկոսադրույքներն է սուբսիդավորել։ Այսինքն՝ եթե վարկը 12 տոկոսով է լիզինգը ձևավորվել, ապա մայր գումարից բացի՝ այլ բան չի մուծելու գործարարը, համայնքը, որոնք սպանդանոց են բացել»։
Ըստ նրա, սկզբում շատ խիստ են եղել պայմանները, դրա պատճառով էլ շատ տեղերում սպանդանոցներ չեն կառուցվել, սառնարանային տնտեսություն պիտի ունենային, համայնքների հեռավորությունն էին հաշվի առնում, դրա պատճառով հեշտ չէր։ Իսկ հիմա, փոփոխությունների արդյունքում, սպանդանոցներից բացի՝ իրավունք է տրվում նաև սպանդանոցային կետ ունենալ, որը հիմնելու համար անգամ շինթույլտվության կարիք չի լինի։ Այն 3-4 միլիոն դրամի սահմաններում կարելի է հիմնել։
Նա նաև անդրադարձավ կառավարության որոշման նախագծերից մեկին, որն ընդունելու դեպքում մորթվող կենդանու ծախսը սպանդանոցին կհատկացնի կառավարությունը, ոչ թե գյուղացին։
«Մենք չենք ասում, գյուղացի ունես երկու հատ կով, պարտադիր սպանդանոց բաց, մենք ասում ենք՝ եթե դու ունես խանութ, դու ես գնում էդ մորթն անում գյուղացու դռան դիմաց, բերում խանութում վաճառում, դու հնարավորություն ունես ապահովելու քո բիզնես միջավայրը», -ասաց մարզպետը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ կառուցել նորը, երբ մարզում երեք հատ սպանդանոցներ կան, որոնք չեն գործում։
Ի պատասխան Շիրակի մարզպետը հարցրեց՝ ինչո՞ւ բողոքի ցույցեր չէին անում դեկտեմբերին, երբ ամենաթեժ վաճառքի շրջանն էր, նրա պարզաբանմամբ՝ պատճառն այն էր, որ նրանց մեղմ էին վերաբերվում, հենց այդ պատճառով էլ սպանդանոցները չեն աշխատել։
«Ասում են՝ թող մարզպետը կառուցի սպանդանոց, հենց մարզպետը սպանդանոց կառուցեց, ասելու են՝ պաշտոնական դիրքը չարաշահեց, իր համար բիզնես հիմնեց։ Մարզպետը չի կառուցելու սպանդանոց, բայց մարզպետը համայնքապետերի հետ քննարկում է տարբերակներ սուբվենցիայով կամ համայնքապատկան այլ միջոցներով սպանդանոցներ կառուցելու», -ասաց Դավիթ Առուշանյանը։
Ըստ նրա, յուրաքանչյուր համայնք ունենալու է եթե ոչ սպանդանոց, ապա սպանդանոցային կետ։
Մարզպետի պարզաբանմամբ, համաճարակներ, հազար տեսակի հիվանդություններ կան, և կառավարությունը պարտավոր է այնպես անել, որ ՀՀ-ում բնակիչներն անվտանգ ու անվնաս միս օգտագործեն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ