Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանը գույքեր օտարել է տասնյակ մասնագիտական եզրակացությունների հիման վրա՝ ոչ իր կամքով, քմահաճույքով կամ միայն իր որոշմամբ». փաստաբան

Փետրվար 07,2025 16:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀԿԴ-ում դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա հետ փոխկապակցած անձանց գործով քրեական դատավարությունը:

Մերի Մոսինյան

Հանրային մեղադրող Թագուհի Հարությունյանը շարունակեց հետազոտել իր ներկայացրած ապացույցները, որոնց վերաբերյալ պաշտպանվող կողմը տալիս էր իր մեկնաբանությունները:

Նիստի ավարտին նախագահող դատավորը անդրադարձավ փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանի՝ ամբաստանյալ Սպարտակ Ղուկասյանին առողջական խնդիրներով եւ աշխատանքային գործունեությամբ պայմանավորված, որոշակի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայել թույլ տալու միջնորդությանը: Դատավոր Մերի Մոսինյանը հետաքրքրվեց, թե առողջական ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը եւ կարո՞ղ են դատարանին ցույց տալ Սպարտակ Ղուկասյանին հիվանդության պատճառը պարզելու նպատակով արտասահմանում բուժհետազոտություն անցնելու՝ բժիշկների տված խորհուրդը: Պատասխանող կողմը նշեց, որ դա գրավոր տարբերակով կներկայացնի հաջորդ դատական նիստի ժամանակ:

Դատավորը նկատեց. «Ես, իհարկե, կասկածի տակ չեմ դնում ձեր ասածը: Բայց ԲԴԽ-ն, երբ քննարկում էր դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը այն հիմքերով, երբ որ խափանման միջոցը փոխվել կամ վերացվել էր եւ այդ անձը չէր վերադարձել Հայաստանի Հանրապետություն, դիրքորոշում է արտահայտել, որ դատարանին չի ներկայացվել որեւէ հիմնավորում առ այն, որ անձի բուժումը Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ: Պաշտպան Ղարաքեշիշյանը ընդգծեց, որ այս դեպքում խոսքը ոչ թե բուժման խնդիրն է, այլ հետազոտություն անցնելու եւ հիվանդության պատճառը պարզելն է: Դատարանը նաեւ Սպարտակ Ղուկասյանի՝ արտասահմանում բիզնես գործունեության մասին եւ դրանով պայմանավորված Հայաստանից մեկնելու անհրաժեշտության մասին հիմնավորումներ պահանջեց: Կողմը խոստացավ նաեւ դա հաջորդ նիստում փաստարկված ներկայացնել:

Դատարանը միջնորդության քննարկումը նորից հետաձգեց, որին կանդրադառնա հաջորդ դատական նիստում, որը նշանակված է փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին:

Նիստի ավարտին Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանը Aravot.am-ին ասաց. «Գույքերի վերաբերյալ ներկայացված ապացույցների 90 եւ ավելի տոկոսը, դրանց առգրավման արձանագրությունները, որն այսօր հետազոտում ենք, այդ գույքերի սեփականատերերին Վարդան Ղուկասյանը երբեւէ չի ճանաչել, նրանց հետ երբեւէ չի շփվել: Անհասկանալի է, որ երբ մեկին չես ճանաչում, ի՞նչ շահ պետք է ունենաս օրենքի խախտմամբ նրան գույք օտարելու համար: Իսկ Վարդան Ղուկասյանի դրվագում առաջադրված մեղադրանքի համար որպես հանցակազմի հատկանիշ նշված է, որ ելել է խմբային կամ անձնական շահերից: Չի էլ կոնկրետացվել՝ խմբայի՞ն, թե՞ անձնական: Ոչ խմբային, ոչ անձնական շահ չի էլ կարող լինել այն պարզ պատճառով, որ այդ գույքի սեփականատերերին Վարդան Ղուկասյանը ուղղակի չի ճանաչում: Միջնորդավորված էլ չի կարող լինել, որովհետեւ սեփականատերն էլ է դա ասում:

Ինչ վերաբերում է մյուս գործողություններին, ապա առնվազն օրենքի խախտմամբ է ձեռք բերված, օրինակ, բանկային գաղտնիքը: Բանկային գաղտնիքը քննիչի որոշմամբ չի կարող առգրավվել, դա կարող է արվել միայն դատարանի որոշմամբ: Բացի այդ, մենք նաեւ միջնորդություններ ենք ներկայացրել, որ երբ Վարդան Ղուկասյանը եղել է ԱԺ պատգամավոր եւ օգտվել է անձեռնմխելիությունից, քննությունը, փաստացի, նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացրել՝ չհաղթահարելով նրա անձեռնմխելիության արգելքը: Այսինքն, քրեական հետապնդման հարուցման պահից ապօրինի է:

Գույքերի հետ կապված, երբ հասնենք համապատասխան փուլին, կտեսնենք, որ այդ գույքերը կամ եղել են վտարված, եւ Վարդան Ղուկասյանն ընդամենը վերանորոգել է, կամ եղել են կիսակառույց: Իսկ օտարման հետ կապված, Վարդան Ղուկասյանը օտարել է տասնյակ մասնագիտական եզրակացությունների հիման վրա՝ ոչ իր կամքով, քմահաճույքով կամ միայն իր որոշմամբ:

Կառանձնացնեի նաեւ կարուսելների մասին խնդիրը: Դրա հետ կապված որեւէ անձի կամ Վարդան Ղուկասյանին որեւէ մեղադրանք չեն առաջադրել: Այսինքն, որեւէ մեկը չի ասել, թե կարուսելը ապօրինի եք ձեռք բերել: Ուղղակի քրեական գործի մեջ նյութեր են լցրել՝ տպավորություն ստեղծելու համար, թե տեսեք՝ ինչ մեծ ծավալի գործ ենք կատարել: Կարուսելը շարժական գույք է եւ 60-րդ հոդվածով սահմանափակված հող լինել չի կարող: Դրանք շարժական երկաթյա գույքեր են:

Նախ, կարուսելների հետ կապված՝ Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանք չկա եւ անհասկանալի է, թե այսօր դա ինչի է հետազոտվել: Վարդան Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները հիմնականում կապված են հողի կատեգորիաների հետ, որ օտարումները չեն համապատասխանել հողի կատեգորիաներին: Կարուսելը հողի ո՞ր կատեգորիայի մեջ է, որ բերել, դատարանում հետազոտում են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728